100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ
«Կարգապահությունը մարտական ոգու հիմնաքարն է»
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Զինվորական կարգապահության վերաբերյալ մեր խոսակցության նյութը վերաբերում է իրավապահ մարմինների գործունեությանը, մասնավորապես` հրամանատարներին օգնելու գործում կարգուկանոնի պահպանման և անպատժելիության մթնոլորտի վերացման տեսակետից նրանց կողմից իրականացվող աշխատանքին (հակաիրավական դրսևորումների պատճառների ու պայմանների, հակահասարակական հայացքների և մերժելի սովորույթների, զանցանքների և հանցանքների ժամանակին բացահայտում, իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերում, մեկուսացում, պատժում, վերադաստիարակում):
Շատ կարևոր են հատկապես հակաիրավական դրսևորումների կանխարգելման անմիջական իրականացմանն ուղղված միջոցառումները: Դեպքերին ու պատահարներին արագ արձագանքումը և հետաքննչական որակյալ աշխատանքը հնարավորություն են տալիս խափանել զանցանքի կամ հանցագործության խորացումը, վերացնել դրանք ծնող պատճառներն ու պայմանները: Այդ առումով ամենաթարմ վկայությունը 2012թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ՌՈ բաժանմունքներից մեկի կողմից իրականացված հատուկ միջոցառումներն են, որոնց արդյունքում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները (տվյալ դեպքում` ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 և 16 հոդվածների պահանջները) խախտելու համար հարուցվել է քրեական գործ ու ձերբակալվել են պարտադիր ժամկետային 4 զինծառայողներ:
Չենք կասկածում, որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը: Չենք կասկածում, քանզի վերջին շրջանում իրավապահների աշխատանքում սկզբունքայնության և օրինախախտումների նկատմամբ անհանդուրժող կեցվածքի պակաս չենք զգացել: Հավատարմությունն օրենքի տառին դրսևորվել է ամենուրեք ու ամեն ժամ` անկախ իրավախախտման տեսակից, լինի դա պաշտոնական դիրքի չարաշահում, թե իշխանազանցություն, զորամասի ինքնակամ լքում, թե ինքնախեղում, անձի արժանապատվության ոտնահարում, թե ոչ կանոնադրային հարաբերությունների որևէ այլ դրսևորում:
Ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար ներկայացնենք վերջին մի քանի ամիսների ընթացքում Երևանի ու տարբեր մարզերի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած մի շարք դատավճիռների համառոտ նկարագիրը: Եվ այսպես` դատաքննությամբ և հարուցված քրեական գործով ձեռքբերված բոլոր փաստերի ու ապացույցների համակցության հիման վրա`
2012 թվականի հուլիսի 3
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Տիգրան Արմենի Սարիբեկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) և դատապարտել ազատազրկման 1(մեկ) տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1(մեկ) տարի ժամկետով:
օգոստոսի 2
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Հարություն Հրաչիկի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և նշանակել պատիժ` կարգապահական գումարտակ 1(մեկ) տարի 1(մեկ) ամիս ժամկետով:
օգոստոսի 2
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Բենիամին Գուրգենի Տոնոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և դատապարտել ազատազրկման 1(մեկ) տարի ժամկետով` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1(մեկ) տարի ժամկետով:
օգոստոսի 2
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Արմեն Աշոտի Իրիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և նշանակել պատիժ` կարգապահական գումարտակ 7 (յոթ) ամիս ժամկետով:
օգոստոսի 7
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Դավիթ Անդրանիկի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը) և նշանակել պատիժ` կարգապահական գումարտակ 4 (չորս) ամիս ժամկետով:
օգոստոսի 16
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Վարագ Նորիկի Ավագյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանության չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1(մեկ) տարի ժամկետով:
օգոստոսի 29
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց`
Հովհաննես Վաղինակի Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը) և նշանակել պատիժ` ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով:
Թվարկումը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է` հաստատելու համար, որ մեր իրավապահները մշտապես տեղում են ու պատրաստ օրինականության սահմանում արժանին հատուցելու հանցագործին: Նրանք հստակ գիտակցում են, որ անպատժելիությունն օրինազանցությունների բազմացման համար ջերմոցային պայմաններ է ստեղծում, խոչընդոտում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված արդյունավետ աշխատանքն ու խարխլում հասարակության վստահությունը բանակի և ընդհանրապես պետության հանդեպ: Ուրեմն՝ թող բոլորն իմանան, որ յուրաքանչյուր հանցավոր արարքի անխուսափելիորեն հետևելու է օրենքի տառին համարժեք ու արդարացի պատիժը:
Ավարտենք երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով. «Պատիժը, որպեսզի արդյունավետ լինի, 100 տոկոսանոց արդարացիություն է պահանջում: Այն երբեք ինքնանպատակ չպետք է դառնա, այլ պետք է բխի միմիայն ընդհանուրի շահերից»:
ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական