ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
Մարտական հենակետում գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Իսախանյանի հետ շրջում ենք խրամուղիներով։ Այստեղ ինժեներական ծավալուն աշխատանքներ են կատարվել, խրամատները խորն են, մաքուր և համաչափ։ Հենակետից ոչ այնքան հեռու հարմարավետ կացարանն է։ Զինվորներն այստեղ ամեն ինչ արել են, որ ծառայությունը լավ անցնի։ Կացարանի բակը սալապատված է, որ անձրև օրերին ցեխ չլինի։ (Աշնան անձրևային օրերն այստեղ վաղ են սկսվում)։ Այստեղից դեպի ճաշարան, լվացարան, փոքրիկ ծխարան-զրուցարան տանող ուղիները խճապատ են։ Այս տարածքում ինչն է շատ՝ ծաղիկ-ծաղկունքը, և զինվորները վայրի գեղեցիկ ծաղիկների, կակաչների սոխուկներ են բերել, տնկել կացարանի շուրջը, անցուղիների եզրերին։
Գումարտակի հրամանատարը մեզ հանգամանորեն ներկայացրեց մարտական հերթափոխի, զինվորների սննդի ու կենցաղի կազմակերպման խնդիրները։ Նա նշեց, որ պատասխանատվությունն ու կարգապահությունը միշտ տալիս են իրենց դրական արդյունքը։
Գումարտակի հրամանատարը գոհունակությամբ է նշում, որ անցած ուսումնական փուլի արդյունքների ամփոփման ժամանակ գոհ են եղել ստորաբաժանման անձնակազմից։
Փոխգնդապետը ամեն օր ամփոփում է անցած օրվա ծառայության արդյունքները։ Երբ հարցրինք, թե զինվորներից ովքեր են աչքի ընկել, և ովքեր են թերացել իրենց պարտականությունները կատարելիս, գումարտակի հրամանատարը պատասխանեց.
-Իմ զինվորները բոլորն էլ լավն են, կարգապահ ու բարեխիղճ, վատ զինվոր չկա։ Եթե զինվորը զենքը ձեռքին կանգնած է սահմանին և պահպանում է հայրենի տունը՝ դա արդեն ամեն ինչ ասում է։ Հրաշալի տղաներ են։ Իսկ ամենօրյա ստուգումները պարտադիր են, որովհետև աչալրջության, կարգապահության մասին ևս մեկ անգամ հիշեցնելը երբեք ավելորդ չէ։
Այսպես է ասում գումարտակի հրամանատարը, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ զրույցից արդեն գիտենք, որ հրամանատարը ամբողջ գիշեր աչք չի փակում, վերահսկում է ծառայությունը։ Փոխգնդապետ Արկադի Իսախանյանը ծնվել է 1974թ. Իջևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1993-94թթ. եղել է ժամկետային զինծառայող։ Զորացրվելուց հետո Իջևանի Երկրապահ կամավորականների միության կողմից երաշխավորվել և գործուղվել է դասընթացների։ (Երկրապահ կամավորականների կողմից է գործուղվել, որովհետև պատերազմի օրերին երեք եղբայր՝ Արկադին, Արմենը, Արարատը, մասնակցել են սահմանային մարտերին։ Արմենը նույնպես այժմ ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում, հայոց բանակի մայոր է)։ Ստանալով լեյտենանտի կոչում` Արկադի Իսախանյանը ծառայության է անցել որպես հրետանային դասակի հրամանատար։
Մոսկվայի համազորային ակադեմիան ավարտելուց հետո նշանակվել է գումարտակի հրամանատար։ Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» գերատեսչական, ինչպես նաև ԵԿՄ մեդալներով։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։ Յուրիկ հայրն ու Ասյա մայրը հպարտ են իրենց երեք որդիներով։
-Դեռ պատերազմական այն օրերին, որոնք համընկան իմ պատանեկության շրջանին (ի դեպ, ասեմ, որ Իջևանի ջոկատի հրամանատար Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը, մեր հարևանն էր) ես զգացի, թե ինչ է վստահությունը ծառայակցի նկատմամբ, ինչ ասել է կարգապահություն, պարտաճանաչություն։ Այնուհետև անցնելով ծառայության՝ շարքային զինվորից աստիճանաբար հասել եմ փոխգնդապետի կոչման։ Գիտեմ զինվորի հոգեբանությունը և առավել ևս` հրամանատարի առաքելության կարևորությունը,- ասում է գումարտակի հրամանատարը։
Այնուհետև գումարտակի հրամանատարը ներկայացնում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին՝ հենակետի ավագ, ավագ ենթասպա Էդիկ Այվազյան, ավագի օգնական, կրտսեր սերժանտներ Վահագն Մկրտչյան, ջոկի հրամանատար Արծրունի Հակոբյան, դասակի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Ասլանյան, շարքայիններ, հաշվարկի համարներ Մհեր Մհերյան, Ալբերտ Հակոբյան (որը նաև խոհարարն է), նռնականետորդ Անդրանիկ Առաքելյան, գնդացրորդներ Գրիգոր Գրիգորյան, Արման Սուքիասյան։
Զրուցեցի տղաների հետ։ Բոլորն էլ վստահեցրին, որ շարունակելու են բարեխիղճ ծառայել, նպաստել գումարտակի մարտունակության բարձրացմանը, առավել ևս, մեկ անգամ իսկ մարտական հենակետում լինելով՝ ավելի սուր ես զգում հայրենիքի պաշտպան լինելու անհրաժեշտությունը։
Դիմելով հերթապահություն իրականացնող տղաներին` գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արկադի Իսախանյանն ասաց.
– Մենք իրավունք չունենք թուլանալու։ Թիկունքում մեր հայրենիքն է, առջևում՝ մեր թշնամին։ Լինենք զգոն և պատրաստ։ Շարունակենք ծառայությունը նույն ոգով։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան