ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐԵՐ
Պարե՜ց Սասունը, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ` մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն:
Գ. Էմին
Հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության մեջ պատվավոր տեղ են գրավում ռազմական պարերը: Հայկական ռազմական խրոխտ պարերը գեղարվեստական բարձրարժեք նմուշներ են, որոնց մեջ արտացոլված է հայ ժողովրդի հերոսական ոգին, անկոտրում կամքը, միասնության ու համախմբվածության վեհ գաղափարը:
Ռազմական պարերը տարածված են եղել հատկապես հայոց անառիկ բնության և դյուցազունների հայրենիք Սասունում: Ռուս նշանավոր գրող Մ. Գորկին, ականատեսը լինելով սասունցիների պարին, զմայլված գրում է. «Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ թաքնված է ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»:
Երբ փորձում ենք պարզել, թե որտեղից են սկիզբ առնում հայկական ռազմական պարերի ակունքները, պատմությունը մեզ տանում է դարերի խորքը: Ռազմական պարերի մասին բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել հայ մատենագիտության մեջ: Պատմահայր Մ. Խորենացին հայոց Արտաշես թագավորի թաղման արարողության նկարագրության մեջ հիշատակում է ռազմական պարերի մասին: Վկայություններ կան նաև Փ. Բուզանդի, Գր. Մագիստրոսի և այլոց գործերում:
Հայոց լեզվի բառարաններում կարելի է գտնել բանակի, ռազմական, պատերազմական և կռվու խաղ տերմինները, որոնք մինչև այսօր գործածական են թե՛ գրական և թե՛ խոսակցական հայերենում:
Եվ, ի վերջո, հայերի մեջ ռազմական պարերի գոյության անժխտելի ապացույցը մինչ օրս պահպանված մոտ 30 անուն տղամարդկանց պարերն են, որոնցում բացահայտորեն արտահայտված է ռազմի և հակամարտության գաղափարը:
Ռազմական պարերը հիմնականում կատարվել են ճակատամարտերից առաջ բանակի մարտական ոգին բարձրացնելու նպատակով: Սակայն կային նաև պարեր, որոնք պարում էին պատերազմից հետո. դրանք թատերական ներկայացումների ձևով պատկերում էին ռազմի ընթացքը կամ ճակատամարտի որոշ դրվագներ: Ռազմական պարերը պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս կամ թաղման արարողություններին, հատկապես, եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:
Ռազմական պարերն իրենց մեջ կրել են նաև կյանքի ու մահվան գաղափարախոսությունը և կատարվել հնի ու նորի պայքար-փոխակերպության հասկացությունների հետ կապված տոներին` Նոր տարուն, Վարդավառին, Բարեկենդանին և հանգուցյալների հիշատակության օրերին:
Հայոց մեջ ռազմական պարերի տարածված լինելը պատահական երևույթ չէ. այս պարերն ակնհայտորեն հետապնդել են երիտասարդ տղաների ֆիզիկական դաստիարակության նպատակ: Մեր իմաստուն նախնիները ռազմական պարերի միջոցով պատանիների մեջ դաստիարակել են ճարպկություն, դիմացկունություն, զենքին տիրապետելու, վահան ու թուր գործածելու հմտություն: Իսկ վերոնշյալ հատկանիշները միշտ էլ պարտադիր են եղել հայ տղամարդու համար, որի առջև բոլոր դարերում էլ դրված է եղել հայրենիքը զենքով պաշտպանելու խնդիրը:
Հայկական ռազմական պարերը հիմնականում շարային են և ներկայացնում են յուրահատուկ ռազմի տեսարաններ: Մի շարքով կատարվող պարերը խորհրդանշում են բանակը, իսկ դեմ առ դեմ երկու շարքից կազմված պարերը` հակառակորդ բանակներ: Շարքերն իրենց հատուկ պարաքայլերով անվերջ քանդվում ու վերակառուցվում են, ընդառաջ գնում իրար, գնում իրար հետևից, ձեռքի պարագաներով կամ բաց ափերով զարկում են իրար` ստեղծելով հարձակման տեսարան, ապա հեռանում` շրջվելով կամ ետ-ետ գնալով, պատկերելով զորքի նահանջը: Այս կռիվ-խաղերում մշտապես վեր է հառնում հաղթողի կերպարը, որը դառնում է մահվան, հնի նկատմամբ հաղթանակի, ապա և նորովի դաստիարակվող երիտասարդության խորհրդանիշը: Պարտվող կողմը խորհրդանշում է թշնամուն: Ռազմական պարերն ունեն մի բացառիկ հատկանիշ ևս. հաղթողն ու պարտվողը մշտապես հանդես են գալիս մեկ ամբողջության մեջ:
Բոլոր ռազմական պարերի կատարողական տեմպն արագ է, ռիթմը` փոփոխական:
Հայկական ռազմական պարերի առավել տարածված տեսակներն են`
ա) բերդապարեր, որոնք ներկայացնում են բերդի պաշարման և գրավման մնջախաղային թատերականացված գործողություններ,
բ) հարձակման և նահանջի պարեր (Չուբբազի, Փետախաղ, Չոփ-չոփի, Ճիպոտախաղ, Ձիավեն),
գ) կռվախաղ-պարեր զենքով (Թրախաղ, Թուր-մատթալով, Փետապար, Փետախաղ, Մաչինո, Մնգո, Չոլ մայդան և այլն),
դ) մենամարտ-զուգապարեր (Ճիպտապարեր, Խանչալապարեր),
ե) ծափ-պարեր (Յարխուշտա, Ծափ-խաղ): Ծափ-պարերում շարժումները շեշտվում են հանդիպակաց զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը,
զ) կռիվ պար-խաղեր (Քերծի, Ալիտի, Գյոնդ, Մշու և Շատախի, Նարե, Մշու, Խրո): Այս պարերում մեծ դեր ունի թաշկինակը, որը փոխարինում է երբեմնի զինանշաններ կրող դրոշակներին: Ըստ հին հայկական հավատալիքների` թաշկինակն ուներ նաև չարը խափանելու հատկություն:
Ռազմական պարերը, որպես ազգային պարարվեստի կարևորագույն և սիրված նմուշներ, մեր օրերում էլ պահպանում են իրենց հմայքն ու ինքնատիպությունը: Բանակի մարտական ոգին բարձրացնելու, ինչպես նաև ռազմամարզական դաստիարակության տեսանկյունից, ռազմական պարերն այսօր ևս ունեն արդիական մեծ նշանակություն:
ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Հոգևոր-մշակութային