ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ
«Եվրոֆոլկ-2012» փառատոնին ներկա լինելու առիթով Բուլղարիայի Բուրգաս քաղաքում վերջերս հանդիպեցի տեղաբնակ հայերի հետ։ Հայաստանից փառատոնին մասնակցում էին Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, որոնք փայլուն հանդես եկան և ստացան ոսկե մեդալ՝ գրավելով առաջին տեղը։ Այնուհետև այցելեցինք Վառնա։ Տեսանք զորավար Անդրանիկի կիսանդրին՝ տեղադրված հենց իր անվան հրապարակում, ինչպես նաև տունը, որտեղ ապրել է զորավարը։ Ափսոս, տանը մոտենալ չկարողացանք, քանի որ ցանկապատված էր և գտնվում էր փակի տակ։ Այցելեցինք նաև Վառնայի հայկական եկեղեցի։ Այստեղ հանդիպեցինք տեղաբնակ հայերի։ Զրույցի բռնվեցինք Շուշիկ Սիմոնյանի հետ։ Նա մասնավորապես ներկայացրեց բուլղարահայ գաղութի կյանքը.
-Բուլղարիայում կա մոտավորապես 80 հազար հայ։ Նրանք փորձում են համախմբված մնալ։ Չկան կոնֆլիկտներ կուսակցությունների միջև։ Եթե կա բնակավայր, որտեղ երկու հայ երեխա կամ երիտասարդ է բնակվում, ապա հարևան բնակավայրի հայ երեխաներն ու երիտասարդները իրենց կազմակերպած միջոցառումներին մասնակից են դարձնում նաև այդ բնակավայրի իրենց ազգակիցներին։ Ամեն տարի հայ երեխաների մասնակցությամբ կազմակերպվում են բանակում-ճամբարներ, որտեղ երեխաները միասին ապրում են վրանների տակ, ավելի լավ ճանաչում միմյանց, դառնում լավ ընկերներ և միասին էլ տոգորվում հայրենասիրական ոգով։
Շուշիկ Սիմոնյանի մանկությունն ու պատանեկությունը անցել են Հայաստանում։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Բուլղարիա։ Արդեն 22 տարի ապրում է Վառնայում։ Աշխատում է որպես տնտեսվար, Վառնայի բարեգործական կազմակերպության քարտուղարուհին է։ 1939թ. գնդակահարված դաշնակ պապի մասին հուշերը և իր ընտանիքի հայրենասիրական ոգին նա շատ տպավորիչ է ներկայացնում։ Շուշիկը և մյուս հայերը հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հպարտանում և ուրախանում են հայրենիքի նույնիսկ ամենաչնչին ձեռքբերումներով ու շատ տխրում սահմանում թշնամու կողմից խոցված զինվորի համար։ Նրանք ցանկանում են մեր բանակը միշտ ամուր տեսնել և շատ ուրախ են մեր բանակի հզորությամբ։ Հայ սպային ուզում են տեսնել այնպիսին, որ հպարտության օրինակ լինի մատաղ սերնդի համար։ Նրանցից շատերը սփյուռքի հոգին համարում են Հայաստանը և շատ կարևորում հայրենիքի դերը սփյուռքահայության միասնականության գործում։
Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը իրենց զավակների հետ այցելում են հայկական եկեղեցի, հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նշվում են ուրիշ շատ տոներ, որոնք առիթ են հայերով հավաքվելու։
Երբ բուլղարացիները տեղեկացան, որ մենք Հայաստանից ենք, հայ ենք, սկսեցին բարի խոսքով արտահայտվել հայերի մասին։ Այստեղ հայերից շատերը հեղինակություն ունեցող մարդիկ են։ Շուշիկը հպարտությամբ շարունակեց.
-Եթե բուլղար ազգին հարցնես՝ ով է հայը, կասի՝ մեր աստվածն է, որովհետև այստեղ կան շատ ազգություններ՝ թուրքեր, հրեաներ, գնչուներ և այլն, միայն հայն է, որ շատ օգուտ է տվել այս երկրին։ Կասեն, որ հայերը մեզ արհեստ են տվել, հաց են տվել, նրանց մի դրեք մյուս ազգերի կողքին, նրանք մեր եղբայրներն են։
Հայը հիմնականում ամուսնանում է հայի հետ։ Բայց եթե անգամ հայ տղան ամուսնանում է բուլղար աղջկա հետ, ապա աղջկա ծնողների համար դա մեծ պարծանք է։ Ամեն տեղ շեշտվում է, որ փեսան հայ է։
Իմ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հայոց բանակին բուլղարահայ հասարակությունը, տիկին Սիմոնյանը պատասխանեց.
-Ամեն ոք՝ լինի կին, թե տղամարդ, մտնելով եկեղեցի, առաջին մոմը պետք է վառի հայ զինվորի համար, հայոց բանակի զորության համար։ Եթե մենք կարողացանք 20 տարվա մեջ ստեղծել այսպիսի հզոր բանակ, ապա կգա ժամանակը, երբ մեր երեխաները կհասնեն Մասիսի փեշերին։ Ես պաշտում եմ հայոց բանակը։ Ամեն հայի պարտքն է պաշտպանել ու սիրել մեր բանակը։
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
մայոր