Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ



Թուրքերի լեգենդար հերոսուհի Սաբիհա Գյոքչեն (1913-2001) աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է, առաջին կին ռազմական օդաչուն։ Վարել է 22 տարբեր մոդելի ինքնաթիռներ, ավելի քան 8000 ժամ երկնքում և 32 մարտական թռիչք։ Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը։

Թուրքերի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի մանկության մասին տեղեկությունները ժլատ են, մշուշոտ։ Ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Բուրսայում։ Վաղ տարիքում որբացել է։ 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը, որը սիրում էր այցելել բարեգործական հաստատություններ, զրուցել խեղճերի ու դժբախտների հետ, նմանատիպ այցերից մեկի ժամանակ լսելով փոքրիկ Սաբիհայի տխուր պատմությունը, որդեգրում է նրան և տանում Անկարա։

1934թ. Թուրքիայում օրենք սահմանվեց ազգանուններ ունենալու մասին, և Քեմալը իր երկնագույն աչքերով հոգեզավակին կնքում է Գյոքչեն (թուրքերեն՝ երկնային) ազգանունով, ինչն էլ գուցեև կանխորոշիչ ազդեցություն ունեցավ Սաբիհայի ճակատագրում (հետագայում հենց Քեմալ Աթաթուրքի կամքով էլ Սաբիհան ստացավ կրթություն ռազմաօդային ասպարեզում)։

Իսկ մինչ այդ փոքրիկ Գյոքչեն ապրում էր շքեղ պալատում՝ Աթաթուրքի որդեգրած մյուս երեխաների հետ։ Աթաթուրքն առանձնապես չէր էլ կարևորում, թե իր հոգեզավակների երակներում ինչ արյուն էր հոսում, կարևորն այն էր, որ նրանք դաստիարակվում էին թուրքական ոգով։ Քեմալի համար թուրք էին համարվում բոլոր նրանք, ովքեր սիրում էին Թուրքիան և աշխատում-արարում էին Թուրքիայի բարօրության ու բարգավաճման համար։

Սաբիհա Գյոքչեն, թե՞ Խաթուն Սեբիլջյան

Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչեի ծնողները բոսնիացիներ են եղել։ Մինչդեռ որոշ քննախույզ լրագրողներ նշում են, որ հայտնի օդաչուն թուրքացած հայուհի է և մեկն այն հազարավոր հայ երեխաներից, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին, հայտնվեցին որբանոցում։

1972թ. Բեյրութում տպագրված «Լեռ և ճակատագիր» գրքում գրող Սիմոն Սիմոնյանը ներկայացնում է Գյոքչեին՝ նշելով, որ նա հայկական ծագում ունի, և որ նրա ընտանիքը Այնթապի Ջիբին գյուղից էր։ Եվ իսկապես, պարզվում է, որ սա բոլորովին էլ գեղարվեստական հնարանք չէր։ 2004թ. թուրքական «Ակոս» թերթում տպագրվեց Հրանտ Դինքի հարցազրույցը հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանի հետ։ Վերջինս պնդում էր, որ Սաբիհա Գյոքչեն իր հարազատ մորաքույրն է՝ ներկայացնելով իր մոր՝ Տիրուհու կյանքի պատմությունը։ Տիրուհու հայրը՝ Ներսեսը, և մայրը՝ Մարիամը, Այնթապի Ջիբին գյուղից էին, զոհվել էին ջարդերի ժամանակ։ Ծնողների մահից հետո նրանց անչափահաս աղջիկները՝ Տիրուհին և Խաթունը, հայտնվել էին թուրքական որբանոցում, որտեղ էլ Խաթունին որդեգրել էր Աթաթուրքը։

1946թ. Տիրուհին Սիրիայից այլ հայերի հետ ներգաղթում է Խորհրդային Հայաստան։ Նա շարունակ ցանկանում է կապ հաստատել անվանի դարձած քրոջ հետ, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում։ Հրանտ Դինքն իր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդվածում որպես հայկականության ևս մեկ իրեղեն ապացույց, մատնանշում է նաև այն փաստը, որ Սաբիհան տառապել է «երևանյան» կամ «հայկական» կոչված հիվանդությամբ։ «Ակոս» թերթում տպագրված այս բացահայտումը թուրքական հասարակության շրջանում պայթյունին համարժեք ազդեցություն ունեցավ։ Հատկապես հիստերիայի մեջ էին ընկել թուրք ծայրահեղականները, ազգայնամոլները, որոնք մոլեռանդի համառությամբ կրկնում էին. «Աթաթուրքի հոգեզավակը հայ լինել չի կարող»։ Թուրքիայում սկսվեցին Դինքի դեմ ուղղված հալածանքներ։ Նրա հասցեին հնչում էին տարբեր սպառնալիքներ։ Արդյունքում՝ Դինքը հայտնվեց ճաղերի հետևում։ Թուրքական իշխանությունները ալեկոծվել էին։ Հազար ու մի տեսակ հերքումներ էին փորձում փնտրել այս հոդվածի դեմ։ Նախ՝ պաշտոնական հերքում տպագրվեց, հետո փնտրեցին-գտան Աթաթուրքի որդեգրած միակ ողջ մնացած աղջկան։ Ծեր կինը հազար ու մի երդում էր տալիս, որ Սաբիհան չէր կարող հայուհի լինել, քանզի նա հայերեն գրեթե չգիտեր։ Թուրք գենետիկներն էլ իրենց հերթին էին փորձում հերքել հայտնի օդաչուհու` էթնիկ հայ լինելու վարկածը, երկար-բարակ բացատրելով, որ երևանյան հիվանդությունը հանդիպում է նաև արաբների, հրեաների, հույների մեջ։ Մի խոսքով, գերագույն ջանքերը միտված էին ապացուցելու, որ թուրք ժողովրդի պարծանք, հպարտություն համարվող Սաբիհա Գյոքչեն հայ չէ։ Սակայն, միևնույն է, թուրքերի հավատն իրենց ազգային հերոսների և հենց իրենց ծագումնաբանության առումով խարխլվել էր. ամեն ոք փորձում էր ճշտել իր արմատները, էթնիկ ինքնությունը։

Թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլուջին (Բարսեղ Թուղլուջյանը), որ մտերիմ է եղել Գյոքչեի հետ, պնդում է, որ իրականում հայտնի օդաչուն ևս իմացել է իր իսկական ծագման մասին, և իրենց զրույցների ժամանակ մի քանի հայերեն բառեր հիշել։ Այդ մասին տեղեկանում ենք Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքից։

Իսկ թե իր հայ լինելը ինչո՞ւ է թաքցրել հայտնի օդաչու Սաբիհա Գյոքչեն, կարծում եմ՝ պարզ է։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Պատմության էջերից


24/10/2012