Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԳԱՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԾՆԿԱԾ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԸ



Հունգար 4 մտավորականներ` պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր, հոգեւոր հովիվ Գաբոր Իվանյին, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը և գրող Ռուդոլֆ Ունգվարին հոկտեմբերի 10-ին այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Նրանց` Հայաստան այցի նպատակն էր սեփական կառավարության ամոթալի արարքի համար սպայի շիրմի մոտ հունգար ժողովրդի անունից հայ ժողովրդից ներողություն խնդրելը. «Մենք այստեղ ենք եկել ամոթի զգացումից դրդված: Ես ուզում եմ ձեզնից հայցել ներողություն, ներողություն, ներողություն»,- ասաց Գաբոր Իվանյին: Նա հունգար ժողովրդի անունից կատարվածի համար իր խորին վշտակցությունը հայտնեց Գուրգեն Մարգարյանի ծնողներին եւ նշեց, որ մարդասպանի արտահանձման քայլը հակասում է Եվրոպական արժեհամակարգին: «Հունգարիայի այսօրվա իշխանությունները հեռու են եվրոպական լինելուց, մենք այստեղ ենք ցույց տալու հունգար ժողովրդի համերաշխությունը հայ ժողովրդին»,-նշեց Ռուդոլֆ Ունգվարը:

Մտավորականներին ուղեկցող գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ընդգծեց՝ հայ ազգը երբեք չի մոռանա այն, ինչ տեղի ունեցավ 2004 և 2012 թվականներին, եւ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Գուրգեն Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև ռազմական ուսումնարանների կուրսանտներ, ազատամարտիկներ, աշակերտներ, որոնք իրենց ձեռքերում պահում էին արդարությունը վերականգնելու կոչերով պաստառներ:

Այնուհետև հունգար մտավորականները առանձին-առանձին մոտեցան Գուրգեն Մարգարյանի մորը և խնդրեցին ներել, որ իր տղային սպանողն այժմ ազատության մեջ է: Նրանք նշեցին, որ այդ որոշման պատասխանատուն Հունգարիայի վարչապետն է, ինչին համաձայն չէ հունգար հասարակությունը: Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զլոտան Բիրոն պատմեց, որ արտահանձնումից մի քանի օր հետո Բուդապեշտի կենտրոնական փողոցում բավականին մեծ բողոքի ցույց տեղի ունեցավ, որի ժամանակ ելույթ ունեցան Հունգարիայում հայտնի գործիչներ. «Խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանշանակորեն քննադատեցին կառավարության գործողությունները: Տեղի ունեցածի համար պատասխանատու է կառավարությունը», – ասաց նա:

Գաբոր Դեակը՝ այս այցի նախաձեռնողը, մեզ հետ զրույցում նշեց, որ Սաֆարովի արտահանձնումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց Հունգարիայում մինչեւ այսօր էլ այդ մասին գրում են, խոսում են, եւ հավելեց, որ մի քանի օր առաջ ցուցադրվել է Հայաստանի նախագահի՝ մասնավոր հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը, որը մեծ արձագանք ունեցավ, ինչպես նաեւ Հայաստանին ուղղված իրենց ցավակցական նամակը, որում մասնավորապես ասվում է. «Մարդասպանի արտահանձնումը այնքան մեծ հիմարություն էր, որ վիճելի են դառնում վարչապետի մտավոր կարողությունները»: Նամակը տպագրվել է հունգարական ամենամեծ եւ հեղինակավոր քաղաքական թերթերից մեկում:

Պատմաբան Զոլտան Բիրոն ասում է, որ հունգար ժողովուրդը ոչ մի մեղք չունի, եւ սա պետք էր ապացուցել, ուստի հավաքվեցին քաղաքական և կրոնական տարբեր հայացքների տեր չորս հունգար մտավորականներով և անձամբ ներողություն խնդրելու որոշում կայացրին. «Ես աթեիստ եմ, մեկը` պահպանողական, մյուսը` լիբերալ, բայց մեզ միավորեց ընդհանուր գաղափարը` գալ Հայաստան: Այն, ինչը կատարվեց օգոստոսին, համարում եմ խոր վիրավորանք, որն արդարացում չունի ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական և ո՛չ էլ իրավական տեսանկյունից: Մենք բարոյական պարտք ունենք կատարելու, դրա կարիքը մենք զգում ենք»:

«Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի Հունգարիայի կառավարությունը»,-հարցին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարը պատասխանեց. «Որոշ մարդիկ գտնում են, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից, և եթե իրենք են հայ-հունգարական հարաբերությունները հասցրել ճգնաժամային վիճակի, թող իրենք էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնեն»:

Գաբոր Իվանյին էլ երկրի կառավարությանը առաջարկում է, որ այն գումարները, որոնք Հունգարիան պետք է ծախսեր Սաֆարովին ևս 30 տարի բանտում պահելու համար, հատկացնել հունգարահայ համայնքին՝ Հունգարիայում հայկական եկեղեցի կառուցելու համար, քանի որ կարծում է՝ սա նվազագույնն է, որ իրենց կառավարությունը պետք է անի. «Գիտեք, ցավալին այն է, որ մեր երկիրը նույնիսկ 1915 թ. իրադարձությունները չի ճանաչել որպես Ցեղասպանություն: Մենք եղել ենք Ծիծեռնակաբերդում եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, ծառ տնկել Հիշատակի պուրակում: Կարծում եմ` ճանաչումը այս պահին անհրաժեշտություն է»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Բանակ և հասարակություն


24/10/2012