Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը, գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ասուլիսի գլխավոր թեման 2012թ. ռազմական լայնամասշտաբ միջոցառումների արդյունքներն էին. սեպտեմբերին ՀՀ-ում անցկացվեց ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, իսկ հոկտեմբերի 1-13-ը՝ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաև պահեստազորայինները: «Իրար հաջորդող, նախադեպը չունեցող երկու մեծածավալ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում ամենևին պայմանավորված չէ պատերազմի վերսկսմամբ, զորավարժությունների անցկացումը հնարավորություն է տալիս բարձրացնելու ԶՈՒ մարտական պատրաստվածությունը»,- հավաստիացրին ասուլիսի բանախոսները:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԵՐ

Գեներալ-մայոր Ա.Դավթյանը նկատեց, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պլանավորված էր դեռ անցյալ տարի, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել են հունիսին: «Մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ, և յուրաքանչյուր նման միջոցառում ցույց է տալիս մեր զինված ուժերի կարողությունների մակարդակը, նպաստում զորքերի մարտունակության բարձրացմանը»,- ասաց Ա.Դավթյանը:

Նա տեղեկացրեց, որ զորավարժություններին մասնակցել են մոտ 45 հազար մարդ եւ շուրջ 5 հազար միավոր տեխնիկա, ինչը աննախադեպ է Հայաստանի զինված ուժերի համար: Ընդգրկված էին ՀՀ զինված ուժերի հիմնական կազմը, նաև մյուս ուժային կառույցները` ՀՀ ոստիկանությունը, փրկարարական ծառայությունը և պահեստազորայինները: Վերջիններիս մի մասը մասնակցեց մեկ օր, իսկ մոտ 60%-ը ներգրավված էր երկարաժամկետ ծրագրերում:

Ինչ վերաբերում է զինտեխնիկային, ապա զորավարժություններին մասնակցել են նորագույն հակատանկային միավորումներ, փորձարկվել են նոր զինատեսակներ, այդ թվում` հակատանկային միջոցներ եւ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Ըստ գեներալ-մայորի` պլանային կարգով իրականացվում է հին սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխարինումը նորով. «Ուշադիր հետևում ենք հավանական հակառակորդի տեխնիկայի համալրմանը, որին ի հակակշիռ ձեռք ենք բերում ակտիվ պաշտպանական միջոցներ»,- նշեց Արտակ Դավթյանը: Նա ավելացրեց, որ զորավարժությունները քաղաքական որեւէ ենթատեքստ չունեին, և որ դրանց խնդիրն էր ընդամենը զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելը:

ՄՈԴԵԼԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԽՈՇՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

Օպերատիվ վարչության պետը նշեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են հեռահար հրթիռային հարվածները դիտարկել որպես մարտական պատրաստականության առաջնային բաղադրիչ և որ անհրաժեշտության դեպքում կարող են խոցել հակառակորդի տնտեսական նշանակության օբյեկտները, մասնավորապես՝ գազատարները, նավթատարները եւ էներգակիրները, որոնք մեծ նշանակություն ունեն հարևան երկրի տնտեսության համար: Նա տեղեկացրեց, որ զորավարժությունների ընթացքում հրթիռային հարվածներ են մոդելավորվել պայմանական հակառակորդի նմանատիպ օբյեկտների նկատմամբ, եւ նշեց, որ Հայաստանի զինված ուժերը հնարավորություն ունեն 300 կմ եւ ավելի հեռավորության վրա հրթիռային հարվածներ հասցնելու հավանական հակառակորդի զորային խմբավորումներին.

«Հրթիռային հարվածների իրականացումը խաղարկվել է` հաշվի առնելով բավականին դինամիկ պայմանները, երբ ակտիվ ներգործություն կլինի մեր բոլոր ուժերի վրա: Հարվածները հիմնականում պլանավորել ենք ինչպես հավանական հակառակորդի զորային խմբավորումների, այնպես էլ տնտեսական ենթակառուցվածքների դեմ, որոնք այս կամ այն կերպ ազդում են զինված ուժերի մարտական կարողությունների վրա»,-մանրամասնեց Ա. Դավթյանը: Նա նշեց, որ կարող են հասցվել նաեւ կետային հարվածներ. «Քաղաքների, բնակչության դեմ հարվածներ չեն հասցվելու, եւ չի էլ պլանավորվում կամ խաղարկվում նման սցենար»:

«ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆՔ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ»

Գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը, խոսելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժության մասին, որն անցկացվեց Հայաստանում, և որին մասնակցեցին մասնակից պետությունների ուժային կառույցները եւս, նշեց. «Դա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, կենսունակ է թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով»: Նա ավելացրեց, որ զորավարժությունները փայլուն արդյունք տվեցին. «Մենք ձեռք բերեցինք դաշտային վարժվածության մեծ փորձ, որը զինված ուժերի պատրաստականության ողնաշարն է»,- ասաց Ի.Մաթևոսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ զորավարժությանը հետևած օտար երկրների բարձրաստիճան զինվորականների շրջանում զարմանք են հարուցել մեր զինվորների` ժամացույցի ճշգրտությամբ կատարած գործողությունները: Ռազմական կցորդներից մեկը (երկիրը չնշվեց) նույնիսկ խոստովանել է, որ իրենց զինծառայողները չէին հաջողի որոշ հնարքներ կատարել, որոնք վարպետությամբ իրականացրին մեր զինծառայողները:

Ներկայացնելով ազգային բանակի առօրյան` Իշխան Մաթևոսյանն ասաց, որ զինված ուժերի պատրաստությունն ընթանում է ընդհանուր ծրագրի շրջանակներում և ներառում է ոչ միայն մարտական պատրաստության, այլև օպերատիվ շտաբների պատրաստության միջոցառումներ:

Գեներալ-մայորն անդրադարձավ նաև պատերազմի հավանականությանը և նկատեց, որ ցանկացած պատերազմ ունի գաղտնի նախապատրաստական շրջան ու հանկարծակի չի բռնկվում. «Մեր պետության համապատասխան կառույցները ուշադիր հետևում են իրավիճակի փոփոխություններին: Կարող եմ ասել, որ այսօր ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ մեր հակառակորդը չի իրականացնում: Նրանց ռազմատենչ հայտարարություններն առաջին հերթին ներքին սպառողի համար են»:

ԹՇՆԱՄԻՆ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որպես նման հայտարարության մի օրինակ, նշեց Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի հոխորտանքները. «Հակառակորդի նմանատիպ հայտարարությունների շարքից էր նաեւ այն, որ իրենք վեց օրում կգրավեն Հայաստանը, կհասնեն Սեւան, բայց խոսքից գործի անցնելը, ինչպես տեսնում ենք, նրանց չի հաջողվում»,-ասաց մամուլի խոսնակը:

Լրագրողների խնդրանքով նա մեկնաբանեց նաև օրերս արեւմտյան վերլուծական կայքերից մեկի հրապարակած տեղեկությունն ու արբանյակից արված լուսանկարը, ըստ որոնց՝ Սյունիքի մարզում տեղակայվել են հ-300կհ հակաօդային պաշտպանության երկու համալիրներ: Հրապարակման մեջ նշվում էր, որ վերոնշյալ համալիրներն ավելի արդիական են, քան Հայաստանի զինված ուժերում ավելի վաղ հայտնված հ-300կՁ-ները: Ասվում էր նաեւ, որ Սյունիքում տեղակայելով հ-300կհ երկու համալիրներ` Հայաստանի զինված ուժերն իրենց պաշտպանության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի ամբողջ օդային տարածքը:

Մամուլի քարտուղարը հավաստեց, որ հրապարակված «որոշ տեղեկություններ ճիշտ են», իսկ «որոշ տեղեկություններ էլ` արդեն ուշացած»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Ազգային բանակ, Ռազմաքաղաքական


24/10/2012