ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ
Հոկտեմբերի մեկին պաշտպանական բանակում մեկնարկեցին նախօրոք հայտարարված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Նախադեպը չունեցող այս զորավարժությունների ընթացքում նախատեսված էր կատարել զորքերի համալրում պահեստազորից, զորքերը դուրս բերել կենտրոնացման շրջաններ և անցկացնել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ։
Պաշտպանության բանակի գնդապետ Մ.Արզումանյանի հրամանատարությամբ գործող միավորման շտաբում և ենթակա զորամասերում հոկտեմբերի մեկին և երկուսին զորավարժության աշխատանքներն անցկացվեցին մշտական տեղակայման վայրերում՝ շտաբներում, բացազատված լսարաններում, իսկ դրանից հետո՝ կենտրոնացման շրջաններում բացազատված հրամանատարական կետերում։ Զորավարժության հենց առաջին օրը գնդապետ Մ.Արզումանյանը, վարչակազմի հետ անցկացնելով խորհրդակցություն, պարզաբանեց առաջադրված խնդիրները և ծառայությունների պետերին կոչ արեց գործին մոտենալ ստեղծագործաբար, տրամադրվել սպասվող պայմանական ռազմական գործողությունները վարելու շատ ուժեղ և անընդհատ համալրվող պայմանական «հակառակորդի» դեմ։
Միավորման հրամանատարի առաջադրանքները հասկանալի էին ծառայությունների պետերի և վարչակազմի մյուս զինծառայողների համար, որոնք բոլորն էլ Արցախյան պատերազմի բովով անցած, ռազմական առաջավոր հաստատություններում մասնագիտական գիտելիքները հարստացրած մարդիկ են և շատ լավ գիտեն, որ պայմանական հակառակորդը հնարավոր թիվ մեկ հակառակորդն է, որն անընդհատ զինվելով վրեժխնդրության հարմար պահ է որոնում։
♦♦♦
Առաջին անգամ մասնակցելով նման միջոցառման՝ ինձ համար պարզում եմ, որ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ մարզումներն ու վարժանքները, հնարավոր հարցերի և դրանց համար ստույգ հաշվարկներ կատարելու, որոշումներ ընդունելու հմտություն ու արվեստ են պահանջում։ Եվ եթե այս հարցում միանգամայն օրինաչափ էր վարչակազմի ծառայությունների պետերի և հատկապես օպերատիվ բաժանմունքի պետ Էդուարդ Ասրյանի գիտելիքների հսկայական պաշարը, ապա միանգամայն անսպասելի էր գնդապետ Արթուր Ալեքսանյանի իմացությունը, պատրաստվածության աստիճանը։ Իսկ պայմանական պատերազմը սկսվեց և զարգացավ այսպես։
Առաջնագծի «հակառակորդի» հատվածում նկատված անհանգիստ վիճակը, տեղաշարժերը, կուտակումները և այլազգի դասալիքներից ստացած տեղեկությունները հաստատեցին, որ «հակառակորդը» հարձակման նախապատրաստություն է տեսնում։ Ձեռնարկվեցին իրավիճակին համապատասխան միջոցառումներ։ Զորամասերի վարչակազմերը բերվեցին «ուժեղացված» աշխատանքային ռեժիմի, ուժեղացվեց նաև մարտական հերթապահությունը։ Միաժամանակ, առաջնագծում շարունակվեցին դիտարկումները, ճշտվեցին մարտական հաշվարկները, համալրման կարգը և խնդիրները։ Նման իրավիճակում հակառակորդի կողմից հնարավո՞ր է արդյոք հոգեբանական հարձակում և ի՞նչ ձևերով… Չի բացառվում և հարկավոր է պայքարել այդ հարձակումները կանխարգելելու կամ, եթե արդեն արվել են, հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ։ Աստիճանաբար իրադարձությունները զարգանում են։ «Հակառակորդը» ծավալում է ակտիվ հետախուզություն, նաև՝ ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Առաջնագծում կատարվում է զորքերի վերախմբավորում, պահպանությունից անցում պաշտպանության։
Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հանգում է հակառակորդի հարձակմանը։ Զորքերի համալրման, լրիվ մարտական պատրաստականության ժամանակ հնարավոր են նաև բացթողումներ, ձախողումներ։ Ո՞ր բնագավառում, որտե՞ղ կարող են ի հայտ գալ թերություններ։ Պայմանականորեն դրանք կարող են լինել ամենուր, ասենք՝ զորահավաքային կազմի համալրման ընթացքում համալրողների մի մասը հնարավոր է պատրաստ չլինի կատարելու մարտական առաջադրանքը։ Կարող է խափանվել որևէ հրանոթի հակահետգլորքային մեխանիզմը, կամ պարզվի, որ օգտագործման ենթակա չէ հակագազերի տասը տոկոսը… Այսինքն՝ հակառակորդի զորքերի ուժեղացմանը զուգահեռ պայմանականորեն բացահայտվում են թերություններ մեր իսկ զորքերում։ Իսկ միջոցներ պետք է ձեռնարկվեն թերությունները ժամանակին չեզոքացնելու, դրանց պատճառով «կորուստները» նվազեցնելու համար։ «Ռազմաճակատում» չի բացառվում նաև նահանջը։ Այն ևս պետք է կազմակերպել և իրականացնել նվազ կորուստներով։ Ժամանակակից ռազմարվեստն անհնար է պատկերացնել առանց օդուժի, անօդաչու թռչող սարքերի։ Եվ չի բացառվում, որ հակառակորդն ավիացիոն կամ հրթիռային հարվածներ հասցնի կարևորագույն օբյեկտներին, թիկունքում վերալրակազմավորվող ուժերին։ Բնականաբար, իրենց խնդիրները պետք է լուծեն ՀՕՊ զորքերը։ Ինժեներասակրավորները, հակատանկային ստորաբաժանումները պետք է աշխատեն մխրճվող հակառակորդին կանգնեցնելու ուղղությամբ։ Հարկավոր է ճշտել, թե որքան զինամթերք, որքան վառելանյութ է հարկավոր առաջադրանքը կատարելու համար։ Կապը միշտ պետք է գործի, զինվորը՝ սնվի։ Այսպես բոլոր ծառայություններն իրենց առաջադրանքներն են կատարում։ Կպահանջվի՞ «հակառակորդի» զորքերին օդային հարվածներ հասցնելու անհրաժեշտություն։ Առանց դրա չի լինի, իսկ որքան շատ են հրթիռահրետանային զորքերի հաշվարկները…
♦♦♦
Զորավարժության ընթացքում հրամանատարական կետ այցելեց պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Տեղում հետևելով զորավարժության ընթացքին, պարոն Ա. Մակարյանը լսեց միավորման հրամանատար գնդապետ Մ. Արզումանյանի և ծառայությունների պետերի զեկույցները ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին։ Ընդհանուր առմամբ գոհ մնալով մարտական գործողությունները ղեկավարելու միավորման վարչակազմից, նա պահանջեց ուժեղացնել պայքարը հնարավոր դիվերսիոն խմբերի դեմ և ավելի կատարելագործել զորքերի, առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև հրամանատարական կետերի քողարկումը։
♦♦♦
Շարունակվող զորավարժության, ինչպես նաև առաջնագծում տարվող մարտական հերթապահության, ենթակա զորամասերում մարտական պատրաստականության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին զրուցեցինք շտաբի պետ գնդապետ Ա. Գրիգորյանի հետ։
-Ինչ վերաբերում է շարունակվող հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությանը, ասեմ, որ այս պահի դրությամբ առաջնագծում զորքերը բերվել են լրիվ մարտական պատրաստականության աստիճանի և հրամանատարի որոշմամբ անցել են պաշտպանության։ Տեղանքում կատարվում են աշխատանքներ, ճշտվում են գործողությունների հետագա ծրագրերը։ Զորամիավորման, ինչպես նաև զորամասերի վարչակազմերը գործնական օգնություն են ցուցաբերում ստորաբաժանումների հրամանատարներին որոշումների կայացման, մարտական գործողությունների նախապատրաստման ուղղությամբ։ Շարունակվում է զորքերի համալրումը զորահավաքային ուժերով։ Պայմանականորեն նաև կատարվում է նյութական միջոցներով տեխնիկական անձնակազմերի համալրում և այլն։ Նման զորավարժությունների պարբերական անցկացումը նպաստում է հրամանատարական կազմերի տեսական իմացությունների և գործնական հմտությունների զարգացմանը։ Մարդիկ վարժվում են դաշտային պայմաններում իրական ժամանակացույցով աշխատանքին։ Շատ օգտակար և կարևոր են այսպիսի զորավարժությունները։
Միավորման առաջնագծում մարտական հերթապահություն են իրականացնում գնդապետներ Ա. Մելքոնյանի, Ա. Բուդաղյանի և փոխգնդապետ Կ. Իշխանյանի հրամանատարությամբ գտնվող զորամասերը։ Սահմանը հանգիստ չէ, հակառակորդն ընտրել է սահմանը լարվածության մեջ պահելու մարտավարությունը, չնայած օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հրաձգության դեպքերը համեմատաբար նվազել էին։ Ամեն դեպքում, մենք գործ ունենք հակառակորդի հետ, որը մշտապես խախտում է հրադադարի պայմանները և կատարում դիվերսիոն գործողություններ։
-Պարոն գնդապետ, ի՞նչ է արվում հակառակորդին զսպելու և միաժամանակ մարտական հերթապահություն կատարող զինծառայողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
-Տարիների ընթացքում ամեն ինչ արվել է մարտական հերթապահությունն անվտանգ դարձնելու համար, կատարվել են ինժեներական ապահովման ծավալուն աշխատանքներ, և եթե մարտական հերթապահություն իրականացնողները գործեն այնպես, ինչպես իրենց ավագ հրամանատարներն են պահանջում, հրահանգավորում, ապա խնդիրներ չենք ունենա, ամեն ինչ կլինի մեր ուզածի պես։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ լինում է ինչ-որ մեկը, որն անտեսում է հրամանատարի հրամանը, հորդորը, խնդրանքը։ Այսինքն՝ տեղի է ունենում ծառայողական կարգապահության խախտում դրանից բխող հետևանքներով, ինչն էլ ստվերում է սպաների քրտնաջան աշխատանքը։ Ասեմ, որ այս տարի նաև բազմաթիվ դիվերսիոն գործողություններ են կանխվել մեր զինվորների միջոցով։ Հակառակորդին զսպելու միակ միջոցը նրան պատժելն է։
-Ուսումնական տարվա ընթացքում զորքերի մարտունակությունն ստուգելու հնարավորություններ եղե՞լ են։
-Մարտական պատրաստականության բարձրացմանն ուղղված աշխատանքները տարվում են մեր հսկողությամբ, մեր աչքի առաջ։
Այս տարի երկրորդ և իններորդ պաշտպանական շրջաններում պաշտպանական բանակի հրամանատարության կողմից անցկացվել են հանկարծակի ստուգումներ, և արդյունքներից հանձնաժողովը գոհ է մնացել։ Բոլորովին վերջերս փոխգնդապետ Մ. Ջհանգիրյանի զրահատանկային գումարտակի ՀՄՄ-1 անձնակազմերից մեկը բանակային մրցույթում առաջին տեղը գրավեց։ Մեր զինծառայողները շատ հաջող հանդես եկան համաբանակային սպարտակիադայում։ Գիտեք, մենք իրավունք չունենք հարմարվել միջակության հետ, մեր ստորաբաժանումների մարտունակությունը պետք է շատ բարձր լինի։ Բոլոր զորամասերն ունեն լավ կահավորված ուսումնական բազաներ՝ մասնագիտական լսարաններ, վարժասարքեր, մարտավարական դաշտեր, զորավարժարաններ և, որ ամենակարևորն է, եռանդով լի սպաներ։ Բոլոր զորամասերը համալրված են փորձառու, պատերազմ տեսած և միջին ու երիտասարդ տարիքի սպաներով։
-Սպաների շրջանում կա՞ արդյոք լճացում, տեղում դոփելու երևույթ։
-Այդ խնդիրը մնացել է անցյալում։ Այժմ կադրային քաղաքականության մեջ գործում է տեղաշարժի պլանը, և մարդիկ ժամանակին ստանում են պաշտոնի բարձրացում, կոչում և առանց կողմնակի միջամտության ծառայության են նշանակվում այլ տեղեր, իհարկե, իրենց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ Շատերը, այլ, այսպես կոչված, ավելի նպաստավոր պայմաններ ունեցող զորամասեր են տեղափոխվում, նույնիսկ առանց իրենց գիտության։
-Լինո՞ւմ են հանդիպումներ ծնողների հետ։
-Զորամասերի հրամանատարներն ունեն հանդիպումների կամ ընդունելության օրեր և հանդիպում են բոլոր ցանկացողների հետ։
-Միավորումում ներդրվա՞ծ է պայմանագրային ծառայությունը։
-Ունենք եւ պայմանագրային զորամաս եւ վաշտ։ Նրանք ընդգրկվում են մարտական հերթապահության մեջ և առաջադրանքները շատ լավ են կատարում, որովհետև ավելի փորձառու են, աչալուրջ ու պարտաճանաչ։ Այո՛, պաշտպանական բանակում պայմանագրայինների թիվն ավելացնելու միտում կա, ինչը, իրոք, ողջունելի է։
-Ես երեկ զրուցում էի առաջին պաշտպանականի տանկիստների հետ, և նրանք ինձ հիացրին հայրենիքին ծառայելու իրենց պատրաստակամությամբ, մարտական ոգով։ Վստահ եմ, որ ամենուր է այդպես։
-Չկասկածեք, պաշտպանության բանակի հզորությունը, առաջին հերթին, պայմանավորված է զինծառայողների մարտական ոգու հզորությամբ։ Այսօրվա սերունդը, այսինքն՝ Արցախի խաղաղությունն ապահովողների սերունդը, ոչնչով չի զիջում Արցախն ազատագրողների սերնդին։ Ես հպարտանում եմ մեր զինվորներով։ Ավելացնեմ նաև, որ երկրորդ պաշտպանական շրջանը 2011թ. ՊԲ-ում ճանաչվել է «Լավագույն պաշտպանական շրջան»։
-Շարունակվող հրամանատարաշտաբային զորավարժություններում միավորման վարչակազմից ո՞ւմ կառանձնացնեիք։
-Դժվար հարց է, բոլորն էլ լավ մասնագետներ են. ամեն դեպքում կնշեմ ծառայության պետեր գնդապետ Ս. Ստեփանյանին, փոխգնդապետ Ա. Մայիլյանին, փոխգնդապետ Վ. Խաչատրյանին։
♦♦♦
Հակառակորդին դիմագրավելուց, վճռական ճակատամարտում ջախջախելուց հետո սկսվում են երկրի տարածքից նրա դուրս մղման և պետական սահմանի վերականգնման գործողությունները։ Շտաբային այդ աշխատանքներին զուգահեռ տեղի ունեցավ գնդապետ Ա. Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասի փոխգնդապետ Ս. Սարգսյանի գումարտակի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը, որի թեման էր «Ուժեղացված հրաձգային գումարտակի պաշտպանության անցումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, նրա գերազանցող ուժերի գրոհի կասեցմումը, մխրճված հակառակորդի ջախջախումը»։
Զորավարժության նպատակն էր ստուգել հրաձգային գումարտակի և ուժեղացված ստորաբաժանումների երթի կատարումը, պաշտպանության զբաղեցումը պաշտպանվող ստորաբաժանումների փոխարինմամբ, ինչպես նաև գումարտակի հրամանատարի, շտաբի պետի և ստորաբաժանումների հրամանատարների ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտի կազմակերպման ընթացքում։ Նշենք նաև, որ զորամասի կազմից հրաձգային գումարտակն ուժեղացվել էր 120 մմ մեկ ականանետային մարտկոցով, Դ-30 մեկ հրետանային մարտկոցով, մոտոհրաձգային մեկ վաշտով։
Զորավարժության ընթացքին հետևում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Մեկնարկից առաջ համապատասխան զեկուցումով հանդես եկավ զորավարժության ղեկավար, միավորման հրամանատար գնդապետ Մ. Արզումանյանը։ Նա մանրամասնորեն ներկայացրեց ստեղծված իրավիճակը, կատարված աշխատանքները, գումարտակի զբաղեցրած տարածքը, մարտական խնդիրները, զորավարժարանում պատրաստված թիրախային իրադրությունը։ Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը որոշ հարցեր պարզաբանելուց հետո գնդապետին գովեց հստակ զեկուցման և ընդամենը մեկ օրվա ընթացքում գումարտակի իրականացրած ռազմերթի և զորավարժարանում կատարած ծավալուն աշխատանքի համար։
Կրակային այս փուլում նախատեսված էր հակառակորդի հարձակում՝ հրետանային կրակ, օդուժի ռմբակոծում և լայնածավալ հարձակում, ինչպես նաև հետախուզական դիտարկումներ, առաջացող զորքերի հայտնաբերում, դիմակայում, պաշտպանության կազմակերպում, նահանջ, գումարտակի համալրում և այլն։ Իրենց հնարավորությունները փորձարկեցին նռնականետորդները, ականանետորդները, հակատանկային ստորաբաժանումները, ՀՄՄ-2-ի և տանկային անձնակազմերը։
Զորավարժության վերջում զրուցեցինք պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի պետ գնդապետ Վ. Ներսիսյանի հետ։
-Գումարտակի կազմով մարտավարական զորավարժությունն անցկացվեց շարունակվող հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության ֆոնի վրա, և գումարտակի ղեկավար կազմը հնարավորություն ունեցավ իր մասով գործնականում իրականացնել շտաբային մարզումների մշակումները։ Այս օրերին նման միջոցառումներ անցկացվում են տարբեր պաշտպանական շրջաններում, տարբեր զորամասերում։ Այս նույն զորավարժարանում վաղը մեկ այլ գումարտակ է ստուգելու իր հնարավորությունները։ Անկախ արձանագրվող արդյունքից, հրաձգությամբ անցկացվող զորավարժությունները շատ օգտակար են ինչպես սպաների, այնպես էլ ստորաբաժանումների, մարտական հաշվարկների, անձնակազմերի համար։ Մենք դեռ կստուգենք ու կճշտենք թիրախների խոցելիության արդյունավետությունը, բայց չեմ կարող չասել՝ գործողություններն ինձ դուր եկան։ «Մարտը» ղեկավարվում էր հստակ, ստորաբաժանումները գործում էին արագ ու նպատակասլաց։ Նկատելի էր զինվորների նվիրումը, ջանքը։ Կեցցե՛ն նրանք, ես գոհ եմ,- ասաց գնդապետ Վ. Ներսիսյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի