«ԿԱՄԱՎՈՐԸ»
Փետրվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է երեք ընկերների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Մյասնիկ Գասպարյանի մասին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին:
«Փաստ է, որ Արցախյան պատերազմում երկու կողմերից էլ կռվել են այլազգիներ: Այլ հարց է, թե ինչ կերպ և ինչ աղավաղումներով է այդ փաստը միջազգային հանրությանը ներկայացնում Ադրբեջանը` հայկական կողմից կռվողներին որակելով որպես «վարձու մարդասպաններ»,- ասում է սցենարի հեղինակ Աննա Թովմասյանը:
«Կամավորը» ֆիլմը պատմում է, թե ինչպես և ինչու են ազգությամբ ռուս տղաները Վլադիվոստոկ քաղաքից կամավոր եկել Արցախ, մասնակցել պատերազմին, մարտական առաջադրանքը կատարելով` զոհվել 1992թ. Ճարտար գյուղի մատույցներում:
Աննա Թովմասյանը ծնունդով Քասախից է, ավարտել է Հր.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, Մոսկվայի «Ռուս-հայկական թատրոն» ստուդիան, 2003 թվականից աշխատում է ՀՀ հանրային հեռուստաընկերությունում, որպես սցենարիստ: