ՄԻ ԷՋ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ
(1920 թ. հունվար)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար հանրապետության սահմանների ընդարձակման խնդիրը ի սկզբանե ունեցել է ռազմավարական նշանակություն: Սակայն հարևան պետությունների և հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում հանրապետության կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախն ու Զանգեզուրն էին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսեւորել իրենց զավթողական ձգտումները: Առանց Զանգեզուրի և Արցախի հարցի վերջնական լուծման Հայաստանը չէր կարող հուսալիորեն ապահովել իր սահմանների անսասանությունն ու անձեռնմխելիությունը և, բնականաբար, հարկադրված պետք է լիներ մշտապես պատերազմելու Ադրբեջանական Հանրապետության հետ:
Զանգեզուրին տիրելու Ադրբեջանի նկրտումները ավելի են ուժեղացել, հատկապես 1918 դեկտեմբերից սկսած, երբ Շուշիում հաստատվեց անգլիական զինվորական ներկայացուցչությունը: Անգլիացիների համար Զանգեզուրի ու Արցախի խնդիրը վճռված էր: Անգլիացիների որոշմամբ՝ Հայաստան աշխարհի երկու պատմական գավառներն իրենց հոծ հայ բնակչությամբ պիտի մաս կազմեին Ադրբեջանական Հանրապետության: Հիմք ունենալով այդ գավառների նկատմամբ կայացրած վերոհիշյա վճիռը` Ադրբեջանի կառավարությունը Կովկասում Անգլիայի առաքելության ղեկավար գեներալ Թոմսոնի համաձայնությամբ 1919 թ. հունիսի 15-ին Արցախ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ է նշանակում դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայտնի էր իր հայատյացությամբ ու ջարդարարի համբավով:
Խոսրով բեկ Սուլթանովի Արցախ-Զանգեզուրի նահանգապետի նշանակումն ու այդ հարցում անգլիացիների ադրբեջանամետ դիրքորոշումը չէր կարող ընկճել մարտական հերոսական ուղի անցած զանգեզուրցիներին: Ադրբեջանական իշխանությունները Զանգեզուրը կարող էին նվաճել միայն բռնությամբ, զենքի ուժով:
1919 թ. նոյեմբերին գեներալ Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերը, որոնց միացել էին նաև հարևան Հաճի-Սամլուիի քրդական հեծելախմբերը, հարձակվում են Զանգեզուրի վրա: Միաժամանակ զենքի պիտի դիմեր Զանգեզուրի մահմեդական բնակչությունը:
ՀՀ կառավարությունը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը: Հատուկ զորախմբով Զանգեզուր գործուղված գնդապետ Արսեն Շահմազյանը, պատշաճ մակարդակով կազմակերպելով Զանգեզուրի մարտական ուժերը, կարողանում է պարտության մատնել ադրբեջանական զորքերին և մահմեդական զինյալ ամբոխին ու խափանում գավառը բռնազավթելու Ադրբեջանի ծրագիրը:
Զանգեզուրի, ապա նաև Արցախի խնդիրը վերջնականապես լուծելու հերթը այժմ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն էր: Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելը կարևոր նշանակություն ուներ Արցախի համար, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ անհրաժեշտ էր ապահովել թիկունքի անվտանգությունն ու բացել դեպի Արցախ տանող ուղիները:
1919 թ. նոյեմբերի վերջերին ՀՀ կառավարության հրահանգով Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինում են Ս. Մելիք-Յոլչյանը և գեներալ Ղազարյանը, որոնք ստանձնում են գավառի քաղաքացիական ու ռազմական գործերի ղեկավարումը: Նրանց մասնակցությամբ ստեղծվում է «Վարիչների խորհուրդ» մարմինը, որի ձեռքում է կենտրոնանում գավառի ողջ իշխանությունը: Կարելի է ասել, որ այդ ժամանակ Զանգեզուրը ձևականորեն կազմակերպվել էր որպես Հայաստանի Հանրապետության մաս:
Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ գործող քաղաքային իշխանությունը (վարիչների խորհուրդ) Զանգեզուրը բաժանել էր երկու գավառի. «1. Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան` Զանգեզուր գավառ անունով, 2. Ղափան, Բաղաբերդ-Գեղվայ ձոր, Արևիք և Գողթն` Կապար Գողթ անունով»:
Միաժամանակ Զանգեզուրը բաժանվել է երեք զինվորական շրջանների: Առաջին շրջանի` Սիսիանի հրամանատարն էր Պողոս Տեր-Դավթյանը, երկրորդի` Կապարգողթ (Ղափան, Գենվազ(Արևիք-Մեղրի), Գողթան)` հրամանատարը Գարեգին Նժդեհը և երրորդը` բուն Զանգեզուրը, այսինքն Գորիսը իր շրջակա գյուղերով: Յուրաքանչյուր զինվորական շրջանում հրամանատարությանը կից գործել է զինվորական շտաբ, որին ենթարկվել են մարտական խմբերի հրամանատարները: Նրանց գլխավորությամբ գավառում կազմակերպվել է զորահավաք, որի արդյունքում «25-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրւած էին զէնքի տակ, երկրապահ զինւորութեան դրութեամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարութեան տակ»:
Նույն տարվա դեկտեմբերի վերջերին 600 զինվորներով Գորիս է հասնում Զանգեզուր-Արցախի մարտական ուժերի ընդհանուր հրամանատար Դրոն: Նրա ժամանումով զորահավաքի ու մարտական խմբեր կազմավորելու գործընթացն ավելի է արագացվել, ընդ որում՝ Զանգեզուրյան մարտական ուժերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ:
Թուրքական կողմը շատ լավ զինված էր ու կազմակերպված և հավանաբար այդ պատճառով վստահ, որ կկարողանա հեշտությամբ դիմակայել հայկական մարտական ուժերի հարձակումները: Գեներալ Հախվերդյանի վկայությամբ` «…այդ բնակչությունը ադրբեջանական հրահանգիչների կողմից շատ լավ կազմակերպված էր եւ իրենից ներկայացնում էր որպես զինված զորամասեր, ապահովված նույնիսկ գնդացիրներով»:
Հայտնի է, որ այդ ժամանակահատվածում Զանգեզուրի թուրքերով բնակեցված ամենախիտ տարածքը Շուռնուխ, Մազրա, Նավլու, Էյվազլար շրջանն էր, ավելի քան երեսուն գյուղեր, որոնք անջրպետել էին Ղափանի ու Գենվազի շրջանները բուն Զանգեզուրից (Գորիս), ինչպես նաև Արցախից: Որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ Զանգեզուրյան ուժերի հարձակման պարագայում նրանց առավել ուժեղ դիմադրություն պիտի ցույց տային հենց այդ շրջանի թուրքական բնակավայրերի մարտական ուժերն ու բնակչությունը:
Զանգեզուրում ծավալվող գործողություններին պիտի մասնակցեին ոչ միայն Դրոյի զորամասը, այլև գավառի զինվորական շրջանների մարտական ուժերը: Գեներալ Հախվերդյանի հավաստմամբ` «Դրոյին առաջադրանք էր տրված առաջին հերթին մաքրել Զանգեզուրի հարավային և արևելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաև Զանգեզուրի և Ղարաբաղի միջև ընկած գոտին թաթար բնակչությունից, որպեսզի ապահովվեր նրանց կապը»:
Մինչև մարտական գործողությունների դիմելը` հայկական կողմը թուրքական գյուղերին առաջարկում է զինաթափվել ու հպատակություն հայտնել գավառի իշխանություններին:
Յապոնի վկայությամբ` թուրքերը պատասխանել են. «Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանութիւնը, – ասել էին նրանք,-այլև պատրաստւում ենք գրաւելու Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը…»:
Թուրքերի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Զանգեզուրի մարտական ուժերը Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ հունվարի 6-ին սկսում են հարձակումը:
Համաձայն հայկական ուժերի հրամանատարության մշակած մարտավարության` թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումը իրականացվել է միաժամանակ և հակառակորդի համար անսպասելի: Նման մարտավարությունը հակառակորդին կզրկեր ոչ միայն տեղաշարժվելու, ուժերը վերախմբավորելու, այլև միմյանց օգնության հասնելու հնարավորությունից:
Ըստ վերոհիշյալ Արտեմ Խանզատյանի վկայության` Զանգեզուրի մարտական ուժերը հարձակումը պիտի ձեռնարկեին հետևյալ ուղղվածությամբ. Յապոնի և տաթևացի Վարդանի գլխավորած մարտախմբերը «…Տանձաւեր բէկերի գիւղերը քարուքանդ անելէ ետք Շուռնուխ գիւղի վրայովը անցնիլ եւ արշաւանք կատարել Նաւլու մեծ գիւղի վրայ, ուր թուրքերը կանոնաւոր ուժեր էին կենտրոնացրել»:
Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին հանձնարարվում է. հարձակումը սկսել Եղվարդ գյուղի տարածքից և շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչև Զեյվա գյուղի անտառապատ սարերը ընկած թուրքական բնակավայրերը:
Գնդապետ Ամիրխանյանի զորախմբի մարտիկները պիտի գերիշխող դիրքեր գրավեին Խնձորեսկից մինչև Հագարու գետը ընկած բարձունքների վրա և թույլ չտային, որպեսզի Մաղավուզի ու Մազմազակի թուրք ու քուրդ հրոսակախմբերը օգնության հասնեին Բարգուշատի թրքությանը:
«Արտեմ Խանզատեանին եւ Եապոնացուն (նկատի ունի Սաքո-Յապոնին- Համբարձում Սարգսեան-Հ. Գ.) հրահանգուած էր, իրենց խմբերովը Կէսօրուա հանդի բարձրութիւններիցը Մաղանջուղ գիւղի վրայովը իջնել, կտրել Բարգիւշատի ձորերի բերանին կառուցած Լալազարենց մեծ կամուրջը, այնտեղից անցնել եւ յարձակումն սկսել, վարդ ու ծաղիկներով լեցուն, սոխակների հայրենիքը համարվող Դոնդարլու Դամիրչիլար գիւղաքաղաքի վրայ»:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր