Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ



2011թ. մայիսի 8-ին N զորամասի հրամանատարության կողմից հրաման էր արձակվել ժամը 10-ին գնդի շարահրապարակում զորամասի ողջ անձնակազմով շարային ստուգատես անցկացնելու մասին։ Նույն օրը ժամը 08-ի մատույցներում հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գաբրիել Աղաջանյանը, ի կատարումն նշված հրամանի, իր ենթակայությամբ գործող ականանետային, հակատանկային և կապի դասակների անձնակազմերին հրաման է տվել շարվել՝ շարքով շարահրապարակ գնալու համար։ Դասակների անձնակազմերը՝ բացառությամբ կապի դասակի ժամկետային զինծառայող, շարքային Արարատ Խաչիկյանի, շարվել են։ Ավագ լեյտենանտ Գ. Աղաջանյանը դիտողություն է արել Ա. Խաչիկյանին և ևս մեկ անգամ շարք կանգնելու հրաման է տվել։ Սակայն վերջինս չի կատարել հրամանը և սկսել է քայլել շարքի առջև։ Ավագ լեյտենանտ Գ. Աղաջանյանը կրկնել է հրամանը, ի պատասխան շարքային Ա. Խաչիկյանը բարձրաձայն հայհոյել է հրամանատարին։ Վերջինս ապտակել է զինվորին՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով։

Փաստի կապակցությամբ ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) Լոռու կայազորի զինվորական դատախազի կողմից հարուցված քրեական գործը ուղարկվել է ՀՀ ԶՈՒ 6-րդ կայազորային քննչական բաժին, և կատարվել է նախաքննություն։ Ա.Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությունը հանձնելը, իսկ ավագ լեյտենանտ Գ.Աղաջանյանի մասով (հաշվի առնելով, որ տուժողը հաշտվել է) համաձայն ՀՀ քր. օր.-ի 35 հոդվածի I մասի 5-րդ կետի և 183 հոդվածի, որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Քրեական գործը շարքային Ա.Խաչիկյանի մասով (ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և արդյունքում Ա. Խաչիկյանը ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է 1 ամիս կալանքի:

01.11.2011թ. ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել ավագ լեյտենանտ Գ. Աղաջանյանի մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ կայացված որոշումը վերացնելու և ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել)։ Քրեական գործը ընդունվել է ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի վարույթ, և կատարվել է նախաքննություն։ Կատարած հանցավոր արարքի համար Գաբրիել Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի I մասով։ Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Գաբրիել Աղաջանյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն չի զղջացել կատարվածի համար, պատասխանել, որ «իր փոխարեն որևէ մեկը այլ կերպ չէր կարող վարվել»։

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գաբրիել Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի՝ դատարանը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով։

Զրույց ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ ՀԱՅԿ ՀԱՐՈՅԱՆԻ հետ

-Պարոն Հարոյան, համոզված եմ, որ հոդվածը տարակուսանքի առիթ կտա՝ մի՞թե մեկ ապտակի համար կարելի է քրեական գործ հարուցել և սպային ազատազրկելու դատավճիռ կայացնել, այն էլ այն դեպքում, երբ շարք կանգնելու հրամանին ի պատասխան՝ շարքային զինվորը հայհոյել է դասակի հրամանատար սպային և այդ պատճառով է արժանացել ապտակի։

-Բանակում օրենքի իշխանություն հաստատելու, կանոնադրային հարաբերություններ արմատավորելու միակ ճանապարհը կատարված բոլոր հանցանքներին ու զանցանքներին իրավական գնահատական տալն է։ Չկան մեծ ու փոքր հանցանքներ։ Փոքր հանցանքները անպատիժ ու անպատասխան մնալով՝ ստեղծում են հանցածին մթնոլորտ, ձևավորում են ամենաթողության պատրանք, ինչը պարարտ հող է մեծ ու ավելի ծանր հանցանքների համար։ Անշուշտ, զինվորը մեղավոր է, նա չի կատարել վերադաս հրամանատարի օրինական պահանջը, հրամանը կրկնվել է մի քանի անգամ, հրամանը կատարելու փոխարեն զինվորը հայհոյել է սպային։ Սակայն զինվորի արարքի համար ԶՈՒ կարգապահական կանոնագիրքը սահմանում է որոշակի պատիժ։ Պիտի կիրառվի օրենքով սահմանված պատիժը։ Սպան չուներ զինվորին ապտակելու իրավունք։ Սա հանցանք է և, հակառակ բոլոր «արդարացուցիչ» հանգամանքների, պիտի պատժվեր։

-Ինչո՞ւ զինվորը չի ցանկացել կատարել սպայի «շարք կանգնելու» հրամանը։ Կարծես թե հրամանի մեջ չկար ոչ մի վիրավորական ենթատեքստ, առավել ևս, երբ բոլորը կատարել են հրամանը։

-Զինվորը ցանկացել է հրապարակավ չենթարկվել հրամանին՝ ցույց տալով իր թվացյալ գերազանցությունը մյուսների նկատմամբ, իր բացառիկությունը… Ցանկացել է տարբերվել մյուսներից, ընդգծել իր առավելությունը։

-Զարմանալի է, որ զինվորը հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն։ Զինվորի անհնազանդությունը չէր կարող անակնկալ լինել։ Ինչո՞ւ դաստիարակչական աշխատանքով զբաղվող սպաները չեն նկատել, որ զինվորը լրացուցիչ դաստիարակության կարիք ունի…

-Համաձայն եմ, որ սպայի հրամանը չհարգող, առավել ևս՝ հրամանատարին հայհոյող զինվորը չէր կարող մինչ այդ դրական վարք ունենալ։ Սակայն այդ հարցի քննարկումը դուրս է իմ իրավասության շրջանակից։

-ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել ավագ լեյտենանտ Գ.Աղաջանյանի մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը վերացնելու և ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի I մասով քրեական գործ հարուցելու մասին։ Սպայի կատարած հանցանքը վերաորակվեց։ Ի՞նչ հիմքով։

-Մեր համոզմամբ՝ հանցանքը սխալ էր որակվել։ Սպան վիճաբանել էր զինվորի հետ, ապտակել էր նրան շարքի առջև, հանցանքը կատարվել էր հրապարակավ, խաթարելով զինվորական կառավարման մարմինների բնականոն աշխատանքը, այն ազդել է զինվորական կարգուկանոնի, սահմանված փոխհարաբերությունների կարգի վրա։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


31/10/2012