ԶԻՆՎՈՐԸ ԽՐԱՄԱՏՈՒՄ ՄԵՆԱԿ ՉԷ
Գնդապետ Բարեղամ Մուրադյանը ծնվել է Սեւանում։ Ավարտել է տեղի N7 միջնակարգ դպրոցը, մեկ տարի անց ընդունվել Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տրանսպորտի բաժինը։ Գերազանց գնահատականներով ավարտելով՝ ընդունվել է ասպիրանտուրա, իսկ հաջորդ տարի, չկտրվելով ասպիրանտուրայից, ընդունվել եւ սովորել է Վ. Սարգսյանի անվան նորաստեղծ ռազմական ինստիտուտում։ Ստանալով սպայական՝ լեյտենանտի կոչում, 1996թ. զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրամանատար։ Այնուհետեւ եղել է գումարտակի շտաբի պետի պաշտոնակատար: Սովորել եւ գերազանց գնահատականներով ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմական հրամանատարական համալսարաններից մեկը։ 2010 թվականից գնդապետ Բ. Մուրադյանը միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա, շուտով կծնվի երրորդ երեխան։ Ուսման գերազանցիկներ Անին եւ Վահրամը թեեւ արդեն հինգերորդ դպրոցն են հաճախում, բայց դրանից չեն բողոքում. հայրիկի ծառայության բերումով բնակավայրի ու դպրոցի փոփոխությունը չի ազդում նրանց ուսման առաջադիմության վրա։
♦♦♦
Հարցազրույցը գնդապետ Բ. Մուրադյանի հետ զորքերում, մասնավորապես՝ առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորների, նրանց մարտական, բարոյահոգեբանական պատրաստության, անվտանգության ապահովման, հոգեւոր-մշակութային պահանջների բավարարման մասին է։
-Պարոն գնդապետ, Դուք անձնակազմի հետ աշխատող ամենափորձառու սպաներից եք, կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի՞ն պետք է լինի ԱՀՏԱ գծով ծառայող սպան, որպեսզի արդյունավետ լինի նրա աշխատանքը։
– Ես շատ եմ ուզում, որ մեր բնագավառի սպաները լինեն լավ հռետորներ, ունենան հարուստ գիտելիքներ և տիրապետեն խոսքի ներգործելու արվեստին։ Մեր ազգի՝ Մուրադյանների մեջ շատ են մանկավարժները։ Երբ ավելի երիտասարդ էի, այլ մասնագիտություն ընտրեցի, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ մարդկանց հետ է գործս, այսինքն՝ դաստիարակչական աշխատանք եմ կատարում։ Իսկ աշխատանքը զինվորների հետ անվերջ է, գրեթե շուրջօրյա։ Հաճախ սպաների հետ ավելի դժվար է գործն առաջ գնում, քան զինվորների։ Ասեմ նաև, որ հրամանատարին ուղղված գրությունների մոտ 30 տոկոսը վերաբերում է ԱՀՏԱ գծով տեղակալին։ Այդպես է նաև զորամասերում, գումարտակներում։ Հարկավոր է շատ ուշադիր լինել, խորամուխ լինել երևույթների մեջ, հակառակ դեպքում՝ որոշումներ կայացնելիս կարող ես սխալվել։
-Զորամասերում սպաները՝ հրամանատարից սկսած, վերջացրած դասակի հրամանատարով, ձգտում են, որ զորամասում, ստորաբաժանումներում՝ հատկապես մարտական հերթապահության ժամանակ, չլինեն անտեղի կորուստներ, ինքնախեղման դեպքեր, բայց, ցավոք, դրանք պատահում են։ Մի՞թե մեկ ստորաբաժանումում տեղի ունեցածը չի քննարկվում մյուս ստորաբաժանումներում, այսինքն՝ մյուսների համար դաս չի՞ լինում։
-Գիտեք, մեր բանակը թերևս բացառիկ է այն առումով, որ շուրջ քսան տարի մեր զինվորները խրամատում դիմագրավում են հակառակորդին, և այս վիճակը, ըստ երևույթին, դեռ երկար կշարունակվի։ Մեզ, մեր ավագ ընկերներին և մեր որդիներին հայրենիքը, ժողովրդի պատիվը զենքով պաշտպանելու բացառիկ պատասխանատվություն է բաժին հասել։ Մեր զինվորների ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ իրենք, մենք բոլորս ապրում ենք հայրենիքը գիշեր ու ցերեկ զենքով պաշտպանելու հերոսական մի ժամանակաշրջանում, որի շարունակությունը սերունդների անվտանգ գոյատևման հաստատումն է լինելու։ Զորամասերում, իրոք, շատ մեծ աշխատանք է կատարվում դաստիարակության, անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորման ուղղությամբ։ Բոլորը ձգտում են, որ կարգապահական խախտումներ (իրենց տարբեր հետևանքներով) չլինեն, որովհետև հենց այդ խախտումները ջուրն են լցնում մարդկանց տարիների քրտնաջան աշխատանքը։ Հետևում են պատիժներ վերևից ներքև։ Իհարկե, յուրաքանչյուր դեպք, անկախ տեսակից, բոլոր ստորաբաժանումներում դառնում է քննարկման նյութ, բայց, կարծում եմ, բոլորը չէ, որ անհրաժեշտ հետևություններ են անում։ Շատ գումարտակների և վաշտերի հրամանատարներ մտածում են, թե իրենց մոտ նման դեպքեր չեն լինի ու, ցավոք, հաճախ սխալվում են։
-Դուք չեք բացառում նաև սպաների բացթողումները։
-Իհարկե, չեմ բացառում. մենք պետք է շատ ուշադիր լինենք, չձանձրանանք օրնիբուն սովորեցնելուց, կարգուկանոնի հաստատմանը հետամուտ լինելուց, որ կարողանանք արդարացնել պետության ու ժողովրդի վստահությունը, որպեսզի բոլոր բանակ եկողները ողջ ու առողջ տուն վերադառնան։
-Բանակում զինվորները սովորում, գիտելիքներ են ձեռք բերում շուրջ տասնյոթ առարկաներից, այնուհետև շատերը մասնակցում են հասարակական ակտիվների, խորհուրդների աշխատանքին, եթե, իհարկե, զորամասում դրանց գոյությունը ձևական չէ։ Այս ամենին էլ եթե ավելացնենք մարտական հերթապահությունը… Արդյոք մեր զինվորները շատ չե՞ն ծանրաբեռնված։
-Ռազմական գործը պահանջում է ամենօրյա ուսուցում, կրկնություն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ շատ քրտինք, քիչ՝ արյուն։ Մասնագիտական առարկաներից, ինչպես նաև հրաձգությունից, շարային, ֆիզիկական, հասարակական-պետական պատրաստությունից անընդհատ պետք է պարապմունքներ անցկացվեն, ինչը անչափ կարևոր է։ Մենք զորամասերում ավելացրել ենք ազատ արձակումների քանակը, մանավանդ հերթապահությունից վերադարձողների համար։ Հանգստանալու, ուժերը վերականգնելու լավ միջոց են նաև մարզական-մշակութային միջոցառումները։
-Սահմանի պահպանություն իրականացնող զինվորներին հիշում, այցելո՞ւմ են մշակույթի գործիչները։
-Հասարակական կազմակերպությունների, մշակույթի գործիչների, դպրոցների հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է։ Օրինակ՝ «Անմար կրակներ» ՀԿ-ն մի շարք այլ կազմակերպությունների հետ սեպտեմբերի 22-26-ը տարբեր զորամասերում կազմակերպեցին համերգներ, վիկտորինաներ, անցկացվեցին շարադրությունների մրցույթներ։ Մոտ 50 մարդ երեք դպրոցներից գիշերում էին զորամասերում, շփվում զինվորների հետ ու չէին ուզում հեռանալ։ Միջոցառումները շատ են։ Հատկապես Ամանորի առթիվ լինում են անակնկալ նվերներ, այցեր… Գալիս են նաև պետական բարձր պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, համերգային խմբեր։ Նոր տարվա տոներին զինվորը խրամատում մենակ չի լինում։ Նրա հետ են տոնը դիմավորում և անցկացնում հրամանատարները, սպաները, պատերազմի վետերանները, պետական բարձր պաշտոնյաները։ Շատ հայտնի մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի հենց մեզ մոտ են գալիս…
-Դուք վերահսկո՞ւմ եք զորամասերում արձակուրդների տրամադրումը։
-Նախ նշեմ, որ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու հովանավորությամբ մարտական հերթապահությունից վերադարձող զինվորները համացանցի հեռապատկերի միջոցով շփվում են իրենց հարազատների հետ։ Արձակուրդի ժամկետը հրամանով կրճատվել է. շարքայիններն ստանում են տասը օր, սերժանտները և ավագները՝ տասնհինգ օր։ Եթե արձակուրդը նախկինում տրվում էր որպես խրախուսանք, ապա այժմ՝ որպես քաղաքացու արձակուրդից օգտվելու իրավունք։ Հրամանատարությունը, նաև ես անձամբ, միշտ հետևում ենք, որ բոլորը ժամանակին արձակուրդ ստանան։ Լինում են բացառիկ դեպքեր, երբ երեք-չորս զինվոր հրաժարվում են արձակուրդից, պատճառաբանելով, որ հարազատները տանը չեն, արտերկրում են, և արձակուրդ գնալն անիմաստ է դառնում։
-Վերադասի կողմից վերահսկվո՞ւմ է ուսումնական զորամասեր զինվորների գործուղելու ընթացքը։ Արդյոք արժանինե՞րն են ուղարկվում, կամ եղե՞լ է ընտրություն կատարելու հնարավորություն։
-Ցուցակները ճշտվել են միավորման վարչակազմի հետ համատեղ և արժանացել հավանության։ Ընտրության հնարավորություն իհարկե կար, որովհետև բոլոր զորամասերն էլ լավ համալրում էին ստացել։ Բարձրագույն կրթություն ունեցողների և բուհերում սովորողների թիվը բավականին մեծ էր։ Կարծում եմ՝ այն հրամանատարները, որոնք մտածում են իրենց զորամասերի մարտունակությունը, կարգապահությունն է՛լ ավելի բարձրացնելու մասին, ապա ուսումնական զորամասեր պետք է գործուղեն միմիայն արժանավորներին։ Իմ կապը հրետանային ուսումնական զորամասի հետ շարունակական է, և այնտեղ գոհ են մեր ուղարկված տղաներից։
-Ծնողները հաճա՞խ են այցելում զորամասեր։
-Զինվորական երդման ժամանակ գալիս են գրեթե բոլորը։ Մենք հետևում և հատուկ վերաբերմունք ենք ցույց տալիս այն նորակոչիկներին, որոնց ծնողները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գալ։ Ծառայության ընթացքում էլ այցերը քիչ չեն։ Եթե նման այցերի ժամանակ զորավարժություններ են լինում, տեսակցությունը շատ կարճ է տևում՝ ընդամենը հինգ րոպե, այն էլ՝ ենթասպայի ներկայությամբ։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ