ՄԵԶ ՎՐԱ ԵՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ
Արձագանքում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ «Մեր ժամանակի հերոսը զինվորն է» խորագրով հարցազրույցին
Հոդվածը շատ հետաքրքիր ու կարևոր էր իր անկեղծությամբ, իրերն իրենց անուններով կոչելու՝ նախարարի պատրաստակամությամբ, պինդ, ոգևորիչ, հավասարակշիռ, հիմնավորված ինքնավստահությամբ ու լավատեսությամբ։ Ինքս հասարակական կազմակերպության նախագահ եմ և շատ բարձր եմ գնահատում պաշտպանության նախարարության ու բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կապն ու համագործակցությունը։ Լրագրողի հարցին, թե՝ արդարացվա՞ծ էր արդյոք զինադադարի մեջ գտնվող երկրի բանակը հասարակության առջև բացելու՝ նախարարի նախաձեռնությունը, վերջինս պատասխանեց, որ հասարակական կազմակերպությունների, լրագրողների միջոցով իրականացվող հասարակական վերահսկողությունը զգոնության լրացուցիչ խթան է և՛ սպայակազմի, և՛ զինվորների համար։ Համագործակցությունը հասարակության հետ հնարավորություն է տալիս ապագա զինվորի դաստիարակությունը կազմակերպել՝ որպես միասնական, շարունակական գործընթաց՝ ընտանիք-դպրոց ժամանակահատվածը ուղղորդելով միասնական արժեհամակարգի, համընդհանուր գաղափարների և բարոյականության չափանիշներով։ Պատահական չէ, որ «Հայկական Լեգեոն» հասարակական կազմակերպությունը շեշտը դնում է հայրենիքի պաշտպանության արժանի հերթափոխ դաստիարակելու վրա և ջանում է, որ չկտրվի հոգևոր-բարոյական-գաղափարական կապը բարձրացող սերնդի և Արցախյան պատերազմը հաղթանակով պսակած ազատամարտիկների միջև։ Նախարարը վստահ է, որ հայ զինվորի հոգում նստած է հերոսը ու կոչ անում հրամանատարներին ստեղծել հերոսանալու միջավայր, արթնացնել զինվորի հոգում նստած հերոսին։ Սակայն, ես կարծում եմ, որ այդ կոչը միայն հրամանատարներին չէր վերաբերում, այլ մեզանից յուրաքանչյուրին՝ հայ ծնողին, ուսուցչին, յուրաքանչյուր հայ մարդու, որովհետև ապագա հերոսը առաջին հերթին դաստիարակվում է մեր ընտանիքներում, կրթօջախներում, հասարակական միջավայրում, ուստի հասարակության գաղափարներն ու արժեքները պիտի հերոսական լինեն։ Պաշտպանության նախարարը շատ համարձակ հայտարարություն արեց, ասելով, որ մենք պետք է մոռանանք «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը, պետք է չարդարացնենք բանակում առկա թերությունները՝ վկայակոչելով այլ երկրների բանակներում մահվան ելքով դեպքերի ու պատահարների քանակը և պետք է կառուցենք մի բանակ, որը ինքն է բարոյական չափանիշներ հուշում հասարակությանը։ Սա շատ ծանր առաջադրանք-հրաման էր սպայակազմին։ Ու մենք պարտավոր ենք բարձր գնահատել նախարարի այս քայլը, երախտագիտությամբ ընդունել նրա խոսքերը և օգնել հրամանատարներին՝ բանակ ուղարկելով հայրենիքի պաշտպանության գաղափարին նվիրված հայորդիներ։
Մեր նախարարը պարզ ասաց, որ պատերազմի վտանգը միշտ էլ ակնառու է, ու ամեն պահի մենք կարող ենք համաժողովրդական բանակի վերածվելու խնդիր ունենալ։ Եվ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է ասում, որ իրենք ունեն 150-հազարանոց բանակ, այնպես էլ Հայաստանի ժողովուրդը (գոնե տղամարդիկ) պետք է հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինեն հնարավոր վտանգից հայրենիքը պաշտպանելու գործին։ Ուստի կարևոր է բանակի և ժողովրդի հոգևոր-գաղափարական միասնությունը։ Բանակի և ժողովրդի միջև սեպ խրելու յուրաքանչյուր փորձ հայրենիքի դավաճանություն է, բանակը ժողովրդից անջրպետելու յուրաքանչյուր քայլ թշնամու ջրաղացին է ջուր լցնում։ Ես դեմ չեմ քննադատությանը, կարելի է խոսել բանակի թերությունների մասին։ Նույն «Հայ զինվոր» թերթում նույնպես տպագրվում են բանակի խնդիրները, թերությունները մատնանշող հոդվածներ։ Օրինակ, բոլորովին վերջերս կարդացի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հայկ Կարապետյանի հետ հարցազրույցը, որտեղ լրագրողն ու բարձրաստիճան զինվորականը առանց քողարկելու քննարկում էին բանակի բոլոր թերությունները։ Սակայն այլ բան է բանակը վարկաբեկելու և բանակի դեմ հասարակական հակազդեցություն հրահրելու ջանքերը, ինչը, կրկնում եմ, մեր ուժն ու միասնականությունը տարամիտելու նպատակ ունի և մերժվել ու մերժվելու է մեր ժողովրդի կողմից։ «Որոշ ուժեր ամեն ինչ արեցին, որ խափանեն բանակ-հասարակություն սերտացումը, փոխըմբռնումն ու բարյացակամությունը»,- ցավով նկատում է նախարարը «Մեր բանակի հերոսը զինվորն է» հարցազրույցում։ Պիտի վստահաբար ասեմ, որ բանակը հասարակությունից կտրելու յուրաքանչյուր քայլ կստանա արժանի հակահարված հենց մեր՝ ազատամարտիկներիս կողմից։ Մենք բանակի մի մասնիկն ենք և անհրաժեշտության դեպքում մեզ վրա ենք վերցնելու թշնամու առաջին հարվածը։ Ուստի ժողովրդի և բանակի միասնությունը մեր կարևորագույն ձեռքբերումներից է։
ԱՂԱՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Հայկական Լեգեոն» հասարակական
կազմակերպության նախագահ, ազատամարտիկ