ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմի համար դասախոսություն է կարդացել ՀՀ պաշտպանության նախարարությունում
Անդրադառնալով դասախոսությունում արծարծվելիք հիմնական հարցերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ հանդես գալ զեկույցով, որը նվիրված է սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր առջև: Կարծում եմ` նաև ձեզ համար հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է մեր տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանի Հանրապետությունում»:
Իր զեկույցում կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության ներկա վիճակն ու զարգացումները, անդրադարձել տնտեսության զարգացման ցուցանիշներին և ՀՆԱ-ի կառուցվածքին, խոսել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանել է բանակի գեներալների և սպաների հարցերին: