ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՅԻ ՄՈՐՈՒՔՈՎ ԱՎԻԱՏՈՐԸ
Ազատամարտիկ Կարեն Առաքելյանը՝ «Լյոտչիկ Կարենը», մանկության տարիներին երազում էր նավաստի դառնալ, սակայն ծնողները դեմ էին։ «Ուրեմն՝ օդաչու եմ դառնալու»,- որոշեց, և վաստակավոր էներգետիկ հայրն ու ինժեներ մայրը իրենց որդու այս որոշմանը դեմ չեղան, պարզապես խորհուրդ տվեցին ընդունվել Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտ։ Կարենը ձեռք բերեց բորտ-ինժեների մասնագիտություն։ Հիմա ժպիտով է հիշում այն պահը, երբ առաջին անգամ ինքնաթիռի օդաչուի խցիկում տեսավ հազար ու մի տեսակ ու հազարերանգ կոճակներն ու մի պահ ո՜նց վարանեց։ Հետո՞. հետո արդեն աչքերը փակ էլ գիտեր՝ որը որտեղ է և ինչի համար։ Ավարտելուց հետո աշխատանքի անցավ, կյանքն իր հունով հանգիստ ու սահուն առաջ էր գնում, երբ կապիտան Կարեն Առաքելյանը տեղեկացավ, որ Հայաստանում խառը իրավիճակ է, թողեց Իրկուտսկում պարետի աշխատանքն ու շտապեց հայրենիք։ Միացավ «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի տղաներին և մեկնեց կռվի դաշտ՝ Երասխավան, Նոյեմբերյան, Արցախ։
«Մինչ այդ Հայաստան աշխարհի գրեթե բոլոր անկյուններում եղել էի, բացի Արցախից։ Երբ առաջին անգամ տեսա Արցախ աշխարհը, հիացա-հմայվեցի չքնաղ բնությունով՝ էս դրախտային աշխարհի համար արժե կռվել և մեռնել։ Կենաց ու մահու կռիվ էր, սեփական հողին տեր լինելու կռիվ։ Շուշիի հաղթանակը հիշելիս հիմա էլ հոգիս ծառս է լինում, փոթորկվում։ Այնքան ուրախ էի։ Մեկ էլ այդչափ ուրախացել էի, երբ տղաս էր ծնվել։ Շուշիի ազատագրումից քսան տարի անց՝ մայիսի 9-ին, երբ Ստեփանակերտում զորահանդես եղավ, որդուս հետ գնացել էի տեսնելու, ապրելու այդ ցնծությունը։ Պինդ մարդ եմ, բայց արցունքներս անկարող էի թաքցնել։ Հպարտ էի, շա՜տ հպարտ…»։
♦♦♦
«Պատերազմը անհագ երախ է… Ինչքան մարտական ընկերներ կորցրի,- դառնությամբ շարունակում է Կ. Առաքելյանը,- 92 թվականի ամառն էր, հուլիսի 3-ը։ Մեր ջոկատի տղաներից 9-ը զոհվեցին Մարտակերտում… Գանձասարի ճանապարհին հուշաքար է կանգնեցված։ Ամեն տարի անպայման գնում ենք հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված ընկերների անմար հիշատակին։ Մեր ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի մահը ևս չափազանց ծանր հարված էր բոլորիս համար։ Նա մեր ջոկատի շունչն ու ոգին էր, իսկական հրամանատարի կատարելատիպ։ Ամենալարված իրավիճակներում, երբ թվում էր՝ հրաբուխ է ժայթքելու, հանգիստ մեղմում էր մթնոլորտը։ Աշոտը մեր արծվի սրտով խաղաղության աղավնին էր։ Նվիրյալ ու խենթ։ Էս պատերազմն էլ խենթերի ու նվիրյալների կռիվ էր…»։
Խենթություն չէր, բա ի՞նչ էր. 1991թ. Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում Կարենը AK-74 ավտոմատով կրակում էր թշնամու ուղղաթիռի վրա։ Քանի օր անհամբեր սպասել էր հակառակորդի այդ ուղղաթիռին։ Կանգնած կրակում էր՝ չմտածելով, որ հենց ինքը կենդանի թիրախ է։ Ասես կինո լիներ։ Ուղղաթիռը մի փոքր ցած թռավ (ով գիտի՝ հակառակորդի օդաչուն գուցե մոտիկից էր ուզում տեսնել հանդուգն այդ հային), ու Կարենը, որ լավ հասկանում էր թռչող սարքերից, գիտեր որպես նշանակետ ինչ ընտրել, երկու ամբողջ պահեստատուփ պարպեց այդ ուղղությամբ։ Երկաթե մեքենան ցնցվեց, ու սպիտակ, բարակ ծուխ երևաց…
…Արտասահմանցի մի զինվորական լրագրող էր եկել կռվի դաշտ ու բեղ-մորուքով տղերքի հետ զրուցում էր պատերազմից։ Հետո «Չիկագո Տրիբյունում» տպագրվեց Կարենի նկարը՝ «Ֆիդել Կաստրոյի մորուքով ավիատորը» մակագրությամբ։
Արցախյան պատերազմում կռվում էին մորուքավոր տղերքը, կռվում էին դեռ անբեղ-անմորուս տղեկները, ջահել ու ահել, նրանց պայքարի ոգուն, հավատին, նրանց անձնվիրությանն ու կամքի ուժին կնախանձեին աշխարհի շատ կանոնավոր բանակներ։
«Միայն կռվողների շնորհիվ չէ, որ հաղթեցինք,- ասում է Կարեն Առաքելյանը,- հաղթեցինք, որովհետև մեր թիկունքում էլ նվիրում կար, անքուն գիշերների աշխատանք, որ ժամանակին կռվողներին հասնի հացը, հագուստը, զենքը… Հաղթեցինք նաև, որովհետև մեր բաժին մի բուռ հողն էինք պաշտպանում, ու մեզ պահապան էր հայրենի տունուտեղ կորցրած մարդկանց աղոթքն ու օրհնանքը… Էս կռիվը մեզ նաև հաղթողի հոգեբանություն պարգևեց,- շարունակում է Կարենը։ -Փոխվում էին ժամանակները, բայց մեր ճակատագիրը չէր փոխվում, անվերջ կոտորածների, ջարդերի պատճառով շատ էինք խեղճացել, կորացել, կքվել, հարմարվել… Անգամ փոքր երեխան, որ լացում էր, մայրը կամ տատը սաստում էին` վախեցնելով՝ «Սո՛ւս, թուրքը կգա»։ Չհասկանալով՝ վախ էինք ներարկել թուրքի կերպարի հանդեպ…
Չէ՛, մենք մեր երեխեքին է՛լ չենք վախեցնի, պարզ կնայենք նրանց աչքերին, հպարտ։ Էս կռիվը մեզ «դուխ տվեց»։ Ու շատ կուզենայի, որ այսուհետ մանկապարտեզում, դպրոցում, բուհում, ընտանիքում, ամենուր հնչի միայն ու միայն այս պատգամը՝ դուք հաղթողների զարմից եք, տեր եղեք ձեր երկրին, ձեր հաղթանակին…
Իմ մանկության տարիներին ռազմագիտություն առարկան բարձր հիմքերի վրա էր։ Լավ կրակել էինք սովորում, մասնակցում «Զառնիցա» ռազմահայրենասիրական խաղի մրցումներին։ Նույնիսկ հիշում եմ՝ եզրափակիչ փուլ հասանք 9-րդ դասարանում։ Անչափ կարևորում եմ ռազմահայրենասիրական նմանաբնույթ միջոցառումները։ Մեր խաղն էլ, երգն էլ, պարն էլ, խոսքն էլ հայրենասիրական, մարտական, հերոսական ու հաղթական ոգով պետք է տոգորված և ներշնչված լինեն։
Մեր բանակն էլ գնալով է՛լ ավելի է կատարելագործվում։ Սակայն միայն սերն ու նվիրումը բանակի հանդեպ քիչ է, պետք է կրթյալ լինեն մեր զինվորն ու զինվորականը։ Բանակում, ցավոք, թերություններ էլ կան, որոնք, վստահ եմ, ժամանակի հետ կշտկվեն։ Այսօր ծառայում են երկու եղբայրներս, նրանց որդիները։ Որդիս՝ Դավիթը, նույնպես մեր բանակում է, պայմանագրային ծառայության սերժանտ է, բարեխիղճ և նվիրումով է ծառայում, այլ կերպ չէր էլ կարող լինել։
Հիշում եմ՝ տարիներ առաջ էր, երբ Դավիթս 5-րդ, թե 6-րդ դասարանում էր սովորում, ուսուցչուհին նրանց տարել էր «Մայր Հայաստան» զինվորական թանգարան։ Տղաս երբ վերադարձավ, աչքերը փայլում էին. «Հայրի՛կ, քո զինվորական նկարն եմ այնտեղ տեսել»։ Ավելորդ համեստություն չեմ սիրում։ Իրոք, այդ պահին ես հպարտ էի որդուս ուրախության համար. հայրենիքիս դժվար պահին իմ հողում եմ եղել ու պարզ ճակատով եմ նայում զավակիս։
♦♦♦
Հրադադարից հետո Կարեն Առաքելյանը մնաց իր երկրում, աշխատանքի անցավ ռազմական ոստիկանության քրեական հետախուզությունում, հետո Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի անվտանգության ծառայության պետն էր։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է կառավարական, գերատեսչական բազմաթիվ մեդալներով։ Հաճախ է մարտընկերների հետ այցելում հայրենասիրական միջոցառումների, պատմում մարտական օրերից։ «Մեկ-մեկ կարոտում եմ պատերազմական այն օրերը, մեր միասնությունը, համերաշխությունը, մեր զուլալ հալալությունը։ Պատերազմն ավարտվել է, բայց հոգումս դեռ պատերազմ է…»,- անկեղծորեն խոստովանում է պահեստազորի մայոր, կազակական զորքերի գնդապետ Կարեն Առաքելյանը՝ «Լյոտչիկ Կարենը»։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ճակատագրեր