Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՆԵՅԼՈՆԸ «ՄԵԿՆԵՑ» ՌԱԶՄԱՃԱԿԱՏ



75 տարի առաջ՝ 1937թ. փետրվարին, ամերիկացի հայտնի քիմիկոս Ու. Կարոզերսը ստացավ աշխարհում առաջին սինթետիկ մանրաթելի՝ նեյլոնի պատրաստման արտոնագիրը։ Նա նեյլոնն ստեղծեց պատահաբար, ԱՄՆ-ի «Դյուպոն» քիմիական միավորման սինթետիկ կաուչուկ ստանալու պատվերի կատարման ժամանակ։ Մանրաթելի անունը ևս ծնվեց պատահաբար։ Ստանալով վաճառքի բերված նեյլոնային գուլպաների առաջին խմբաքանակը՝ խանութի գործակատարները դրանց փաթեթի վրա հապավումով կարդացին Նյու Յորք-Լոնդոն (Նյու-Լոն) ու կարծեցին, թե հենց դա է ապրանքի անվանումը։ Պարզ ասած՝ նեյլոնի ստեղծման վրա միաժամանակ աշխատում էին և՛ Նյու Յորքում, և՛ Լոնդոնում։ Անվան մեջ միավորվել էին այդ երկու քաղաքների սկզբնատառերը։ Այսպես ծնվեց «նեյլոնը»՝ 20-րդ դարի նշանակալից գյուտերից մեկը։ Գյուտը «Դյուպոնին» բերեց միլիոններ, իսկ ստեղծողին՝ մահ։ Հայտնագործության արտոնագիրն ստանալուց երկու ամիս անց (1937թ. ապրիլի 29-ին) Կարոզերսը «ընկավ» իր լաբորատորիայի պատուհանից։ Ասում էին, թե նա չի կարողացել տանել իր քրոջ մահը… Իսկ այլ տվյալներով՝ նրան սպանել էին։ Իբր քիմիկոսը մտադրվել էր «Դյուպոնից» գաղտնի վաճառել նեյլոնից էլ ավելի ամուր նոր թելի իր գյուտը։

Երբ լույս աշխարհ եկավ նեյլոնը, նրա ծնունդը դիմավորեցին համընդհանուր ցնծությամբ, իսկ կանանց աշխարհը մեղվափեթակի նման ալեկոծվեց։ Միլիոնավոր կանայք փափագում էին՝ ինչ գնով էլ լիներ, ձեռք բերել մի զույգ նեյլոնից գուլպա։ Անվերջանալի հերթերում նրանք գիշերներ էին լուսացնում այն հանրախանութների առաջ, որտեղ վաճառքի էր բերվում բաղձալի ապրանքը։ Միայն 1939թ. «Դյուպոն» միավորումը վաճառեց 64 մլն զույգ նեյլոնե գուլպա…

Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նեյլոնը «մեկնեց» ռազմաճակատ։ Այն համարվեց ռազմավարական խիստ կարևորության նյութ, արգելվեց ծառայեցնել կանանց զիզի-բիզի կարիքների համար։ Նեյլոնն օգտագործվում էր քողարկիչ ու պաշտպանական ցանցերի, ատրճանակների դաստապանների, ռազմանավերի ու ինքնաթիռների սրահ-սալոնների երեսպատման, ավտոմեքենաների ու ինքնաթիռների շասսիների, զինվորական վրանների, պայուսակների, համազգեստների, անվադողերի, պարաշյուտների գմբեթների պատրաստման ու ռազմապաշտպանական նշանակության բազմաբնույթ, մեծ ու փոքր կարիքների համար։ Անգամ դրոշները կարվում էին նեյլոնից. Այս կերպ ամերիկացիներն արտահայտում էին իրենց բողոքը Ճապոնիային, որը համարվում էր մետաքսի հիմնական մատակարարը։

Դեռևս 1942թ. դաշնակիցների պարաշյուտային դեսանտը ճախրում էր Հյուսիսային Աֆրիկայի երկնքում։ Եվ նույնիսկ այստեղ դեսպանների կանայք առիթը բաց չէին թողնում շրջելու դեսանտայինների վայրէջքի վայրերում՝ «տնտեսական կարիքների համար» պարաշյուտային ծվատված կտորտանքներ փնտրելու նպատակով։ Բայց դա կարճ տևեց։ Երկու տարի անց՝ 1944թ. հունիսի 6-ին, Նորմանդիայում ամերիկա-անգլիական զորքերի ափհանման ժամանակ նման փնտրտուքներն անիմաստ դարձան։ Բանն այն էր, որ պարաշյուտների գմբեթներն արդեն սկսել էին պատրաստել նեյլոն-6,6-ից, որն իր բացառիկ ամրության ու կոշտության պատճառով այլևս պիտանի չէր գեղեցիկ սեռին։ Ահա հենց այս շրջանում հրաշք գուլպաներն ավելի դեֆիցիտ դարձան։ ԱՄՆ-ում ամենապատկառելի ու գայթակղիչ նվերը դարձավ նեյլոնե գուլպան, իսկ Եվրոպայի կանանց համար դրանք բացարձակապես անմատչելի էին։ Պճնասեր կանայք մոդայից դուրս չմնալու համար հազարումի միջոցներով ներկում էին իրենց ոտքերն ու կրունկ նկարում։

Իսկական ապրանքը նրանց էր հասնում ամերիկյան զինվորների կողմից, ու պետք է նշել, որ հետպատերազմյան Գերմանիայում շատ մանկիկներ իրենց ծնունդով պարտական եղան նեյլոնային գուլպաներին։ Զինվորները լավ գիտեին, որ կանանց սիրտը հեշտ է նվաճել` նվիրելով նրանց մի զույգ նեյլոնե գուլպա։

Հետպատերազմյան շրջանում նեյլոնի կողքին երևան եկան տարբեր երկրների արտադրության սինթետիկ մանրաթելի նոր տարատեսակներ։ Դրանք շատ բարակ էին, ճկուն, առաձգական։ Այդ սինթետիկ մանրաթելերից նեյլոնե մեկ զույգ գուլպայի համար օգտագործվում էր 11 կմ երկարությամբ թել, որը կշռում էր ընդամենը 12 գ։

Մի խոսքով, նեյլոնն իրեն լավագույնս դրսևորեց և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո։ Նեյլոնե զուգագուլպաները կանանց ավելի մեծ ազատություն տվեցին, քան կանանց իրավահավասարությանն ուղղված պատմական բոլոր դեկրետներն ու օրենսդրական ակտերը, իսկ տղամարդկանց ևս մեկ առիթ տվեցին` կանանց ոտքերին ուշադրություն դարձնելու։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Պատմության էջերից


21/11/2012