«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ԱՆԻՄԱՍՏ»
Ալեքսանդր Վասիլևը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, 1987-1990թթ. աշխատել է նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) առաջին գլխավոր վարչության (արտաքին հետախուզության) առաջին (ամերիկյան ուղղության) բաժնում: «Ռուսական սեկտոր» և «Լրտեսներ. ՊԱԿ-ի վերելքն ու անկումը Ամերիկայում» գրքերի հեղինակն է:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Ա.Վասիլևի հարցազրույցը, որը նրա հետ վարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Յուլիա Սավչենկոն: Զրույցը տեղի է ունեցել 2011թ., այսինքն` 2010թ. հունիսին ԱՄՆ-ում ռուսական 10 հետախույզների բացահայտումից հետո և 2012թ. հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ևս 11 մարդու բացահայտումից առաջ:
-Ռուսաստանի քաղաքական հետախուզությունը ԱՄՆ-ում կարծես թե ճգնաժամ է ապրում, իրոք այդպե՞ս է:
-Եկեք ես ձեզ երկու րոպեում բացատրեմ, թե ինչպես է իրականացվում քաղաքական հետախուզությունը ԱՄՆ-ի տարածքում: Դիցուք կենտրոնից հանձնարարություն է տրվում Վաշինգտոնում գտնվող ռեզիդենտուրային` պարզելու ԱՄՆ քաղաքականությունը, ասենք, Լիբիայի նկատմամբ: Ռեզիդենտուրայում է ինֆորմացիայի պատասխանատուն: Նա իր մոտ է կանչում օպերատիվ աշխատողին` ասենք, Վասյա Պուպկինին, և ասում` «Վասյա, ես գիտեմ, որ դու Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գծով մի ծանոթ փորձագետ ունես` Ռիչարդ Պիտկինը: Արի, կլինի, դու հանդիպիր նրա հետ և խոսիր Լիբիայի մասին»: Վասյան զանգահարում է Պիտկինին և ասում` «Եղբայր, չե՞ս ուզում ռեստորանում քեզ պատիվ տամ, համ էլ Լիբիայից կխոսենք»: Իսկ այս Պիտկինը առաջատար փորձագետ է Ջոն Հոպկինսի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: Նա ուրախությամբ գալիս է հանդիպման, բայց դրանից առաջ իր պետին զեկուցում է, թե` գնում եմ հանդիպելու ռուս լրագրողի հետ: Պետն ասում է` նա, ամենայն հավանականությամբ, լրտես է, այսինքն` անկասկած լրտես է, ուրեմն գիտես, թե ինչպես պետք է քեզ պահես: Սա էլ թե` իհարկե գիտեմ: Վասյան ու Պիտկինը հանդիպում են: Պիտկինը պատմում է իր վերլուծական հոդվածի բովանդակությունը, որը տպագրված է «Foreign Affairs» ամսագրի վերջին համարում կամ իր բլոգում: Այդ հոդվածը կարելի էր գտնել նաև Մոսկվայում նստած, բայց այդ դեպքում Վաշինգտոնում ո՛չ ռեզիդենտուրայի կարիք կլիներ, ո՛չ էլ լրտես պահելու: Մեր Վասյան ու Պիտկինը զրուցում են, ռեզիդենտուրայի հաշվին մի 200 դոլարի հաց են ուտում, հետո Վասյան վերադառնում է ռեզիդենտուրա և գրում հաշվետվություն, որը սկսվում է այսպիսի նախադասությամբ. «Ջոն Հոպկինսի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Ռիչարդ Պիտկինի հետ կոնֆիդենցիալ զրույցի արդյունքում ստացված տեղեկությունների համաձայն` ԱՄՆ վարչակարգի քաղաքականությունը Լիբիայի նկատմամբ կլինի այսպիսին, այսպիսին, այսպիսին»: Մեր ռեզիդենտուրան նույն հանձնարարությունը տալիս է ևս մի քանի մարդու, որոնք վարում են համանման ոչ գաղտնի զրույցներ: Հետո դրանցից կազմվում է տեղեկատվական հաղորդագրություն, որն ուղարկվում է կենտրոն: Այնտեղ այդ հաղորդագրությունը մշակվում է և ներկայացվում, օրինակ, երկրի նախագահին:
-Կենտրոնին բավարարո՞ւմ է ուղարկված հաղորդագրության որակը:
-Իսկ ուրիշ ի՞նչ անի: Այլ ընտրություն չունի, որովհետև ուրիշ աղբյուրներ, ամենայն հավանականությամբ, չկան էլ: Ամենակարևորն այն է, որ բոլորը գոհ են. Ռիչարդ Պիտկինը, որովհետև ճաշեց ուրիշի հաշվին, Վասյա Պուպկինը, որովհետև իր հաշվետվությունը գրեց-պրծավ, կենտրոնը, որովհետև նախագահին զեկույց ներկայացրեց, հետաքննությունների դաշնային բյուրոն (ամերիկյան հակահետախուզությունը) նույնպես, որովհետև լրտեսության փաստ չարձանագրվեց: Վասյա Պուպկինը կաշխատի ևս մի երեք տարի, և եթե նա վերջին հիմարը չէ, ու նրան չեն ձերբակալելու, նա մեկ տարով կգա հայրենիք` կարոտն առնելու, հետո էլի կվերադառնա, գուցեև գործուղվի Լոնդոն:
Իհարկե, մշտապես աշխատանքներ են տարվում` հավաքագրելու իրական գաղտնիքներ կրողների: Սակայն, եթե խոսում ենք քաղաքական հետախուզության մասին, ապա պետք է նկատի առնել, որ քաղաքական ինֆորմացիան շատ արագ հնանում է: Եւ բացի դրանից, ամերիկյան թերթերն այնքան քաջատեղյակ են ամերիկյան քաղաքականությունից, որ ռուսական ռեզիդենտուրան պարզապես չի կարող ավելի լավ աշխատել, քան, ասենք, «Վաշինգտոն պոստի» կամ «Նյու Յորք Թայմզի» թղթակիցը, որովհետև նրանց աղբյուրներն են ավելի լավը:
Գաղտնիք իմանալու համար պետք է հավաքագրել մարդու, որը մշտապես խորհրդակցությունների է մասնակցում Պետքարտուղարությունում, Պենտագոնում կամ Սպիտակ տանը: Փորձեք հավաքագրել այդպիսի մարդուն: Ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա եք այդ անելու: Ինչպե՞ս եք նրա հետ կապ պահպանելու, չէ՞ որ կապը մշտական պետք է լինի, որպեսզի նա իր իմացածը հաղորդի պարբերաբար և արագ, քանի տեղեկությունը չի հնացել:
-Ստացվում է, որ քաղաքական հետախուզությունն իրեն սպառե՞լ է:
-ԱՄՆ-ում` այո: Ես կարծում եմ, որ Ամերիկայում դա պարզապես անիմաստ է, միջոցների իզուր վատնում: ԱՄՆ-ում քաղաքական հետախուզություն, որպես այդպիսին, չկա էլ, դա տեղեկույթի պարզ հավաքում է, որը կարող են անել նաև սովորական դիվանագետները: Ինֆորմացիայի զգալի մասը կարելի է ստանալ ԶԼՄ-ներից, ինտերնետից: Եւ, դրանից զատ` ինքը` նախագահ Օբաման, գիտի՞, թե ինչ է անելու Լիբիայի նկատմամբ մեկ ամիս կամ մեկ շաբաթ հետո: Դժվար թե: Կան վերլուծական բնույթի նյութեր, որոնք տեղադրված են բաց աղբյուրներում, և դրանց որոշ մասը ճիշտ է արտացոլում իրականությունը: Ինչ-որ կանխատեսում կիրականանա, բայց ո՞րը` մենք չգիտենք, և ոչ ոք չգիտե: Ուստի հետախուզության այս ուղղությունը պետք է վերանայվի, որովհետև ԱՄՆ-ի հետ կապված միայն լրտեսական սկանդալներ են լինում, մեր ինչի՞ն է դա պետք:
-Իսկ Չինաստանի հետախուզությունը հզո՞ր է, և ավելի շատ ո՞վ պետք է դրանից վախենա` ԱՄՆ-ը, թե՞ Ռուսաստանը:
-Ես կարծում եմ, որ չինական հետախուզության դիրքերն ԱՄՆ-ում ավելի ուժեղ են, քան որևէ այլ երկրինը: Ամերիկացիները մտահոգվելու պատճառ ունեն և մտահոգվում են: ԱՄՆ-ում աշխատում են բազմաթիվ չինացի մասնագետներ` խելացի, հրաշալի պատրաստված մարդիկ: 1980-ականների վերջից իրականացվող ծրագրի շրջանակներում չինացիները պետության հաշվին իրենց հազարավոր ուսանողների ուղարկում են ամերիկյան բուհերում սովորելու: Նրանք հետո աշխատանքի են անցնում ամերիկյան տարբեր ընկերություններում: Բացի այդ, Չինաստանն այնպիսի երկիր է, որի օգտին լրտեսություն անելդ գալիս է:
-Գաղափարախոսակա՞ն շարժառիթներով:
-Ո՛չ, տնտեսական, հայրենասիրական: Չինաստանի համար ավելի հեշտ է ԱՄՆ-ում հավաքագրել չինական ծագումով ամերիկացու, քան Ռուսաստանին` ռուսական ծագումով ամերիկացու: Հենց այն բանի շնորհիվ, որ Չինաստանն արագորեն զարգանում է, մեկ-երկու տասնյակ տարիներ հետո կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը, և նրան ծառայելը պատիվ է: Լրտեսության մեջ հոգեբանության դերն է շատ կարևոր: Եթե Ռուսաստանի հոկեյի հավաքականը հաղթում է աշխարհի առաջնությունում, ապա, կոպիտ ասած, ռուսական ծագումով ամերիկացուն հավաքագրելու հավանականությունը մեծանում է: Օվեչկինը գոլ խփեց` հավանականությունը մեծանում է, Շառապովան հաղթեց մրցաշարում` հավանականությունը մեծանում է: Եւ ընդհակառակը` Մոսկվայում սպանեցին Աննա Պոլիտկովսկայային (ռուս լրագրող և իրավապաշտպան, որը հայտնի է չեչենական պատերազմի թեմայով իր հրապարակումներով: Սպանվել է 2006թ. հոկտեմբերի 7-ին – Ա.Յ.), հանցագործին չգտան` հավաքագրման հավանականությունը փոքրանում է: Կամ եթե ռուսաստանում ավելանում է կոռուպցիայի մակարդակը: Փորձեք ստիպել ռուս ուսանողին, որ սովորում է, ասենք, Հարվարդի համալսարանում, լրտեսություն անել ռուսական հետախուզության օգտին, երբ Ռուսաստանում կոռուպցիայի այսպիսի մակարդակ է: Նա կմտածի` հանուն ինչի՞ վտանգեմ իմ ազատությունը, որպեսզի ինչ-որ չինովնիկ ևս մի քանի միլիոն գրպանի՞ և գումարը պահ տա ամերիկյան բանկո՞ւմ:
-Այսինքն` լրտեսը չպետք է ցավ ապրի վասն տերության:
-Միանգամայն ճշմարիտ է: Ես կարծում եմ, որ չինացի ուսանողը իր տերության համար ցավ ապրելու առիթ չունի: Այդ իսկ պատճառով հետախուզության ասպարեզում չինացիներն ավելի մեծ հեռանկար ունեն, քան մենք:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ռազմաքաղաքական