Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՉԻ ԶԻՆՎՈՐԸ



Հրանտ Հորիզոնը բանակում չի ծառայել, բայց սովորել է ռազմագիտություն, այն էլ՝ թատերական ինստիտուտում։ Շատ է կարդացել ռազմարվեստին նվիրված գրքեր, ուսումնասիրել նշանավոր զորավարների կյանքը, գործունեությունը։ Նա շարքային զինվորից հասավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, որը երգիծանքի ասպարեզում հավասար է գեներալի կոչման։

Զինվորները երկու տարի են ծառայում, իսկ Հորիզոնը (ստույգ տվյալներով) 72 տարի։ Նա զինվորագրվել է գրչին, որն ավելի պատասխանատվություն է ենթադրում։

Վերջերս գրչի զինվոր-գեներալը դարձավ 85 տարեկան։ Շնորհավորանքների հետ մեկտեղ հարկ համարեցինք մի քանի կիսահետախուզական հարցեր տալ հոբելյարին:

-Հարգելի հումորի գեներալ, սկզբնական կյանքում ուզում էիր տանկիստ դառնալ. հետաքրքիր է՝ մանկական երազա՞նք է եղել։

-Ես 13 տարեկանից ծառայում եմ գրչին։ Հայրենական պատերազմի առաջին օրերին ես բանաստեղծություն եմ նվիրել կամավոր զինվորագրված հորեղբորս և իր որդուն։ Այդ տարիներին բանաստեղծական գրքերը քիչ էին, իսկ եղածներում էլ անպայման պետք է լինեին ձոներ՝ Մարքս-Էնգելսին, Լենին-Ստալինին, կոմկուսակցությանը…

Ստալինի պաշտամունքը, որ սկսվել էր 1930-ական թվականներից, պատերազմի տարիներին ավելի ծավալվեց։ Որպես հայրենասեր պատանի` 1945թ. դիմում գրեցի մեր շրջանի զինկոմիսարիատ՝ խնդրեցի ինձ ընդունել Օրջոնիկիձե քաղաքի տանկային ուսումնարան։ Կարծում էի՝ տանկը զրահապատ է, կարող եմ ապահով երկար կռվել նույնիսկ թշնամու թիկունքում։ Բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց։ Իմ ծննդյան տարին՝ 1927թ. ծնվածներին մեկ տարի հետո կանչեցին բանակ։ Եվ, քանի որ պատերազմի հետևանքով շուտ էի հասունացել, շարունակեցի բանաստեղծություններ գրել մինչև «Արևոտ ճամփա» (1958թ.) գրքիս տպագրումը։

-Հետագայում ինչպե՞ս շրջադարձ կատարեցիր քո սիրելի չափածոյի ժանրից երգիծանքի ժանրեր։

-Երգիծանքով քննադատելու սահմաններն այն ժամանակ նեղ էին։ Երգիծելու շնորհը իմ մեջ վաղ է դրսևորվել։ Սիրել եմ ծիծաղել, ծիծաղեցնել, թերությունները նկատել՝ ծիծաղով ուղղել։ Դրանք էլ երգիծանքի զենքերն են։ Իմ երգիծանքով հանդես գալու շրջանը բուռն է եղել. գրում էի, գրածս կարդում հավաքույթներում, ընտանեկան ծնունդ-նշանդրեք-հարսանիքներում, որոնցով ստուգում էի ինքս ինձ, դրանք շտկում, մշակում, ապա ներկայացնում հասարակությանը։ Իմ՝ «Հորիզոնի արկածները» նովելաշարի նովելների թիվը կարճ ժամանակում (1-2 տարում) հասավ 70-ի։

Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորելու տարիներին (1951-56թթ.) մեր սեմինարի ղեկավար, բանաստեղծ Եվգենի Դոլմատովսկին հաճախ էր կրկնում. «Եթե մարդ մի բան չափազանց շատ է ցանկանում, անպայման նրան այդ հաջողվում է»։ Իմ ստեղծագործական կյանքում դա էլ եղել է իմ նշանաբանը։

Եթե այն ժամանակ երգիծանք կատարողները հանդիսատեսին ներկայացնում էին հանրածանոթ գործեր պիեսներից, կոմեդիաներից, ապա իմ խոսքը նոր էր՝ ժամանակակից մարդու երգիծական կերպար Հորիզոն անվամբ, մի անուն, որը հետագայում դարձավ գրական անունս։

-Բացի վերը նշված հումորի զենքերի գործածությունից, էլ ի՞նչ մեթոդների դիմեցիր։

-Չնայած հումորը թույլատրվում էր, բայց նեղ շրջանակներում։ Սովորաբար մարդն իր անցյալը կարոտով է հիշում։ Նրա միջով է անցել իր ուրախ, թե տխուր կյանքը։ Ոմանք ձեռքբերումներ են ունենում, ոմանք էլ՝ կորուստներ։ Ես իմ բեմական 50 տարիներում ուրախացրել և ուրախացել եմ հայ ժողովրդի հետ։ Ելույթներիս թիվը մինչ օրս, մոտավոր հաշվով անցնում է 10000-ի սահմանը։ Իսկ այդ 10000-ի ամեն մի ելույթ ինչքա՜ն ծիծաղ, աշխուժություն, տրամադրություն է բարձրացրել։ Այ, սրանք էլ իմ մեթոդներն են։

-Անկախության տարիներին ի՞նչ հաջողություններ ունեցաք։

-Մեր բանակի զորամասերում Սամվել Բաղդասարյանի խմբի հետ որպես հումորիստ ելույթներ ենք ունեցել։ Այս 20 տարիների ընթացքում են նշվել իմ 65, 70, 75, 80, 85-ամյակները։ 2007 թվականին տպագրվեց «Ամբողջական» գիրքս։ Մեկ տարի անց ինձ արժանացրին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման… 2011-ին տպագրվեց «Բանք Հորիզոնի» ժողովածուս, որտեղ ի մի են բերված իմ մասին եղած հարցազրույցները, հոդվածները, հուշապատումները… Այդ ընթացքում տպագրվել են տասնյակ երգիծական ժողովածուներ, որտեղ, Գուրգեն Լոռեցի, բոլոր գրքերի խմբագիր Սոս Ազիզյանը ինձ ու քեզ պատշաճ տեղ է հատկացրել։

Հիմա, թեև ելույթներս քիչ են, բայց շարունակում եմ ստեղծագործել։ Գրում եմ երգիծական գործեր։ Գուրգեն Լոռեցի, արժե՞ հիշել, որ մեր համահեղինակությամբ այս տարի տպագրվել է 27 երգիծապատմվածք, որոնք ընթերցողների կողմից դրական արձագանքների են արժանանում։

Գիտենք՝ շնորհալի ստեղծագործական խմբեր, երգչախմբեր տեսահոլովակներ, գրքեր, ֆիլմաշարեր են նվիրում մեր բանակի 20-ամյակին։ Իմ կարծիքով՝ դու էլ համաձայն կլինես, որ այս հարցազրույցը նվիրվի մեր քաջարի բանակի 21-ամյակին։ Ուժ ու կորով մաղթենք յուրաքանչյուր զինվորի և նրանց ոգեշնչող «Հայ զինվորի» թերթին։

Կիսահետախուզական զրույցը՝
ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑՈՒ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ճակատագրեր


21/11/2012