WWW.BAKU.AM
Կայքի նախագծումը եւ իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի նախաձեռնությունն է։ Կայքէջը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացության եւ հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին։
Կայքում ներկայացված է լինելու Բաքվի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը. հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի հարյուրավոր լուսանկարներ ու փոստային բացիկներ, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների, Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը։
Առանձին բաժնով ներկայացված են լինելու Բաքվում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ։
Ըստ նախաձեռնության հեղինակների, Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների ծրագրած եւ երեք փուլով իրագործած ցեղասպանության զոհ։ Դրա արդյունքում դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը։ 20-րդ դարի սկզբին Բաքուն ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն էր եւ ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն։