Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ Է



Զրույց Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 դպրոցի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Տիկին Հարությունյան, պատահական չէ, որ «Հայ զինվորը» զրույցի է հրավիրել Ձեզ. Դուք մանկավարժական աշխատանքի 42 տարվա փորձ ունեք, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մրցանակակիր եք, արժանացել եք կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալին… Եվ որ շատ կարևոր է մեզ համար ու խրախուսելի՝ Ձեր նախաձեռնությամբ ավագ դպրոցում բացվել է ռազմական թեքումով հոսք… Տիկին Հարությունյան, Դուք, աշխատանքի բերումով, հնարավորություն եք ունեցել ճանաչելու բազմաթիվ սերունդների նկարագիրը՝ մտածելակերպը, վարքուբարքը… Շա՞տ է փոխվել սերունդը։ Ինչպիսի՞ն էր 40 տարի առաջ դպրոցական նստարանին նստած հայը, ինչպիսի՞ն է նա այսօր, և ո՞ւր են տանում միտումները։

-Այո՛, սերունդը փոխվել է։ Եկել է մտքի և հոգու ազատության դարաշրջան, երբ անհնար է կարծրատիպերով ուղղորդել աշակերտի վարքը, պարտադրել գաղափարներ ու արժեքներ, գունազարդել իրականությունը, հուշել արտաքին աշխարհն ընկալելու և գնահատելու մեր ցանկացած տարբերակը… Մտածելակերպի և աշխարհընկալման ազատությունը թույլ է տալիս ձևավորել օրինաչափ վարք ու փոխհարաբերություններ, չկտրվել իրականությունից, խուսափել պարտադրված գաղափարների և իրականության միջև ահագնացող անջրպետից։ Լոզունգային դաստիարակությունը դատապարտված է այսօր, քանի որ բարձրացող սերունդը ավելի պրագմատիկ է, սթափ ու նպատակասլաց։ Ի տարբերություն խորհրդային սերնդի, նրա կյանքը ստանդարտացված չէ, ոչ էլ երաշխավորված է։ Եվ նախկին հակասությունը կրթության ձևի և բովանդակության միջև, այսօր ինքնաբերաբար վերանում է։ Օգտապաշտական մտածելակերպը հնարավորություն է տալիս թոթափել ձևականությունը և մոտենալ կյանքին։ Այսօրվա աշակերտը ավելի իրազեկ է, շրջահայաց, նրա գիտելիքները առարկայական են, գաղափարներն ու արժեքները՝ նույնպես… Այսօր վերացել է կրթության և դաստիարակության շինծու պաթետիզմը, և դա շատ լավ է։ Կրթությունն ու դաստիարակությունն այսօր պիտի ունենան հենարան, այսինքն՝ երաշխավորված լինեն հասարակության գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ, ինչպես նաև իրականության հետ ունենան փոխկապակցված ու փոխպայմանավորված հարաբերություն։

-Փաստորեն փոխվել է կրթության բովանդակությունը։

-Այո՛, այսօր կրթությունը դարձել է ավելի նպատակային, վերացել է շտամպը, առաջ է մղվել ձև և բովանդակության ներդաշնակության գաղափարը։ Այսօրվա աշակերտը չի ջանում առանց գիտելիքի գնահատական կորզել, ի տարբերություն իր ծնողի, որը նախկին իներցիայով պատրաստ է ամեն ինչ անել, որ իր երեխայի անվան դիմաց բարձր նիշեր տեսնի։ Այսօր չես կարող երեխային սովորելու մղել լոզունգներով և կրթվածության մասին վերամբարձ քարոզներով։ Նա պիտի հավատա, որ կրթվածությունն օգնելու է իրեն հասնելու իր նպատակների իրագործմանը։ Այլապես ոչ մի քարոզ, պարտադրանք, լոզունգ ու ճառ չեն ստիպի երեխային սովորել, կրթվել։

Բարձրանում է մի սերունդ, որը թոթափում է ստրուկի հոգեբանությունը և փորձում է իր երկիրն իրենը համարել։ Բարձրանում է մի սերունդ, որի ավագները (սերնդեսերունդ) պետություն ու պետականություն չեն ունեցել ու չեն սիրել պետությունը, որովհետև այն իրենցը չի եղել։ Բարձրանում է մի սերունդ ավագների խեղված մտածողության և երկրին տեր լինելու սեփական գիտակցության արանքում։ Մենք պիտի կարողանանք օգնել այս սերնդին…

-Մենք՝ ո՞վ…

-Դպրոցը… և նա, ով կարող է։ Երբ հասարակությունը չունի ընդհանուր արժեհամակարգ, երբ հասարակությունը չի ապրում համընդհանուր իդեալներով, երբ դաստիարակության միասնականություն ու շարունակականություն չկա թեկուզ այն պատճառով, որ երեխան ընտանիքում ուրիշ արժեքներ է տեսնում, դպրոցում՝ մեկ այլ, իսկ հասարակության մեջ՝ բազմազան ու խայտաբղետ, մենք չենք կարող ազգափրկիչ առաքելություն վերապահել դպրոցին և հուսալ, որ դպրոցը կկարողանա հասնել բացարձակ արդյունքի…

-Հասկանալի է, որ այսօրվա դպրոցի արգասիքը մենք տեսնելու ենք 10-20 տարի հետո, երբ 10 տարեկան դպրոցականը դառնա 20-30 տարեկան քաղաքացի և ծառայի պետությանը։ Ինչպիսին կլինի այդ քաղաքացին, որոշվում է այսօր…

-Ոչ միայն դպրոցում…

-Դպրոցը ի տարբերություն այլ օղակների (ընտանիք, հասարակություն), առավել վերահսկելի և ուղղորդելի է։ Եվ առարկայական կրթության (մաթեմատիկա, ֆիզիկա) հետ միասին (գուցե առաջին հերթին), դաստիարակություն իրականացնելու խնդիր ունի։ Դպրոցն ունի՞ պետպատվեր դաստիարակության ասպարեզում։

-Ունի։ «Ավագ դպրոցի շրջանավարտի կատարելատիպը» վերտառությամբ։ Այսինքն՝ հստակ է, թե ինչպիսին պիտի լինի, ինչ արժեքների կրող պիտի դառնա ավագ դպրոցի աշակերտը ուսումնառության ավարտին։

-Եվ ի՞նչ արժեքների կրող պիտի լինի նա…

-Ազգային ու համամարդկային արժեքների կրող։ Սիրել հայրենիքը, ժողովրդին, իրենից առաջ ստեղծված ազգային և համամարդկային մշակույթը։ Կարողանալ ինտեգրվել աշխարհին… հավատարիմ մնալ մարդու բարոյական կոդեքսին…

-Սա հռչակագի՞ր է, թե իրատեսական, երաշխավորված ծրագիր։ Այսինքն՝ հստակեցված, մշակված են այս կատարելատիպը իրականություն դարձնելու ձևերն ու մեթոդները։

-Եթե անձամբ իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ շատ է իդեալականացված, այդ պատճառով էլ փոքր-ինչ դեկլարատիվ է։ Սակայն բովանդակության առումով շատ գեղեցիկ է, ճիշտ ու ընդունելի։

-Ինչպես խորհրդային գաղափարախոսությո՞ւնը…

-Նրանք, ովքեր խորհրդային ժամանակների հանդեպ կարոտախտ ունեն, հենց գաղափարախոսությունն են հիշում, որովհետև, ամբողջ ձևականությամբ ու շինծու դրվագներով հանդերձ, խորհրդային գաղափարախոսությունը երկար տարիներ կարողացավ կրթության և դաստիարակության բնագավառում որոշակի հաջողություններ արձանագրել, և հակասությունը կապված էր ոչ թե գաղափարախոսության, այլ այն իրացնելու հետ։ Այո՛, մշակված է նաև դաստիարակության ծրագիր և մեթոդաբանություն՝ իր շարունակականությամբ և զարգացումներով։ Դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ ունի դաստիարակության գործառույթ։

-Ամեն դեպքում, ես զգում եմ, որ Դուք ինչ-որ վերապահում ունեք այս «կատարելատիպի» կապակցությամբ։

-Կցանկանայի ավելի քիչ լիներ պաթետիզմը։ Մեր դպրոցում աշակերտները երդվում են. «Ես հայ եմ։ Երկիրը, որտեղ ապրում եմ, Հայաստանն է։ Լեզուն, որով խոսում եմ, հայերենն է։ Ես քրիստոնյա եմ… երդվում եմ ծառայել հայրենիքիս, հավատքիս, լեզվիս…

Հերոսների թափած արյան կարմիրին,

Հայրենիքիս երկնքի կապույտին,

Եվ ցորենի ոսկեգույնին…

-Դրոշի գույներն են…

-Այո՛։ Նորովի իմաստավորված… Հերոսների թափած արյունը՝ որպես հայրենիքի ազատության համար մեռնելու խորհրդանիշ։ Հայրենիքի երկնքի կապույտը՝ որպես ազատության խորհրդանիշ, ցորենի ոսկեգույնը՝ որպես աշխատանքի խորհրդանիշ…

-Երբ զրուցում եմ տարբեր դպրոցների տնօրենների հետ, պարզվում է, որ կա ուսուցիչների մեծ հոսք դեպի դպրոց, և նրանք ընդունվում են մրցույթով։ Սակայն գաղտնիք չէ, որ մանկավարժական բուհ ընդունվողների 80 տոկոսը այս կամ այն պատճառով չի կարողացել ընդունվել այլ բուհ և ստիպված համակերպվել է մանկավարժականում սովորելու մտքի հետ։

-Գուցեև դուք ճիշտ եք։ Սակայն այդ «համակերպվածները» պիտի՞ աշխատեն ավարտելուց հետո։ Մրցակցությունը հնարավորություն է տալիս ընտրել լավագույններին։ Մրցույթի հարցաշարում ներառված են նաև մանկավարժական-հոգեբանական բնույթի հարցեր, ստուգելու ապագա ուսուցչի մասնագիտական որակները։ Այսօրվա ուսուցչից պահանջները շատ մեծ են։ Նա չի կարող ժառանգել «շտամպավորված» հեղինակություն, ինչպես նախկինում էր, և քողարկվել դրա տակ, ինքը պիտի ստեղծի իր հեղինակությունը։ Այսօր ուսուցչի ու աշակերտի միջև հարաբերություններում չկա նախկին «մենք չգիտեինք, որ ուսուցիչներն էլ են հաց ուտում» երկյուղածությունը։ Աշակերտը կարող է ցանկացած հարց տալ ուսուցչին և վերաբերվել՝ ըստ իր՝ նրան տված իր գնահատականի։ Այսինքն՝ բարձր են աշակերտի պահանջները։ Օրինաչափորեն՝ համապատասխան։ Բարձր են նաև կրթության եւ գիտության նախարարության պահանջները։

-Ձեր բնորոշումները տրամագծորեն հակառակ են ընդունված կարծիքին։

-Ես չգիտեմ «ընդունված կարծիքը», այսօրվա ուսուցչին շատ ավելի դժվար ու բարդ աշխատանք է վերապահված, և նա պիտի մի քանի գլուխ բարձր լինի 20-30 տարի առաջվա իր կոլեգայից։ Սա ժամանակի պահանջ է, և չես կարող չկատարել այն։

-Ձեր դպրոցը մեզ հետաքրքրեց նաև այն պատճառով, որ այստեղ կա ռազմական հոսք՝ իր 11 աշակերտներով։

-Նախքան այդ մասին խոսելը, ուզում եմ ասել, որ դպրոցում դասավանդվում են մի շարք առարկաներ, որոնք աշակերտին տոգորում են ընդհանուր զարգացմամբ և ունեն դաստիարակող գործընթաց ու բարոյական շեշտադրումներ, ինչպիսիք են «կյանքի հմտություններ» առարկան, «առողջ ապրելակերպը», «Հասարակագիտությունը» և այլն։ Ինչ վերաբերում է ռազմական հոսքին, դա իմ նախաձեռնությունն է, որը խրախուսվեց կրթության և գիտության նախարարության կողմից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարությունը մեզ օգնեց շարային պատրաստության և ռազմարվեստի պատմության ծրագրերով։ 11 աշակերտ արդեն երրորդ տարին է սովորում է ռազմական հոսքում, ֆիզկուլտուրան, մաթեմատիկան և ռազմագիտությունը դասավանդվում են խորացված։ Նրանք ցանկանում են ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և դառնալ զինվորական։ Չեմ ուզում երկարացնել, եթե դուք տեսնեք այդ տղաներին, անմիջապես կհասկանաք, որ ռազմական հոսքից են։ Մյուսներից տարբերվում են, ավելի ձիգ են, ինքնավստահ, ուժեղ, լուրջ, կազմակերպված ու նաև սեփական գերազանցության գիտակցումով։ Վատ կողմեր էլ ունեն ու փորձում են վերևից նայել մյուսներին, իշխել… Մի տեսակ տիրական են, նախաձեռնող, հրամայող… Դե, հրամանատար են դառնալու։ Այս հոսքի առկայությունը ազդեց նաև դպրոցի ընդհանուր մթնոլորտի վրա։

-Եվ մի վերջին հարց՝ ո՞րն է ավագ դպրոցի ամենակարևոր խնդիրը, ամենակարևոր թիրախը կամ ամենախոցելի կետը։

-Ազատվելը ձևականությունից… Ցուցանիշներից, ցուցադրականությունից և սևեռվելը բովանդակության վրա։ Տարիներ առաջ մեր աշակերտներից մեկը սպանվել էր բանակում։ Մենք հավաքվեցինք ամբողջ դպրոցով, քննարկեցինք, փորձեցինք հասկանալ, գտնել պատճառը… Գրված ելույթներ չեղան, ժողով չեղավ… պարզապես հավաքվեցինք ու զրուցեցինք՝ ուսուցիչ ու աշակերտ…

…Ես առաջարկելու եմ, որ դպրոցում դասավանդվի մայրություն և երեխայի խնամք առարկան։ Մոր դերակատարումը շատ մեծ է երեխաների դաստիարակության գործում։ Պիտի փորձենք մոտենալ ընտանիքներին։ Առանց դրա չենք կարող, պիտի համատեղ աշխատենք… Եվ երրորդ… Պիտի հասնենք «մեր-ի» գաղափարին։ Մեր ավագ դպրոցը ամեն տարի ընդունում է այլ դպրոցներից եկած աշակերտների։ Նրանք սկզբնական շրջանում գրում են պատերին, փչացնում են գույքը։ Հենց կարողանում ես «մեր-ի» գաղափարը հասցնել նրան, հենց երեխան դպրոցն ընկալում է իբրև «իր դպրոցը», դադարում է փչացնել։ Ու հենց նա գիտակցեց, զգաց, ընդունեց, որ Հայաստանը «մեր երկիրն է»՝ իր երկիրն է, սա լինելու է մեր ամենամեծ հաղթանակը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


05/12/2012