Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՕՊ ԶՈՐՔԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ



Դեկտեմբերի հինգին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասի դիվիզիոններից մեկի նորակառույց շինությունների շահագործման արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՕՊ զորքերն ազգային բանակի օրինակելի ստորաբաժանումներն են։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի վեցին, ներկա գտնվելով նույն զորամասի լավագույն, փոխգնդապետ Վ. Հակոբյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի ամփոփիչ քննություններին, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ զորատեսակին նախարարի տված գնահատականը լիովին հիմնավորված է։

Քննությունն ընդունում էր զորամասի հանձնաժողովը՝ հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Մ. Վարդանյանի ղեկավարությամբ։

Ինչպես նախատեսված է հրամանով, այն սկսվեց շարային ստուգատեսով։ Մինչ աշխատանքներն սկսելը փոխգնդապետ Մ. Վարդանյանը հրապարակեց ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանը դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Վ. Հակոբյանին պատվոգրով, ավագ լեյտենանտ Ա. Գևորգյանին թանկարժեք նվերով խրախուսելու մասին և հանձնեց պարգևները։ Դրանից հետո ամենայն մանրամասնությամբ հանձնաժողովի անդամներն ստուգեցին զինծառայողների հանդերձանքն ու արտաքին տեսքը, փաստաթղթերի առկայությունն ու դրանց բովանդակությունը, սպաների պայուսակների և զինվորների ուսապարկերի պարունակությունը։ Ստուգատեսից հետո հանձնաժողովի անդամներ մայորներ Ռ. Գևորգյանը և Հ. Ավետիսյանը ստուգեցին ստորաբաժանումների շարային ու ֆիզիկական պատրաստականությունը, ինչպես նաև զանգվածային խոցման զենքից պաշտպանվելու միջոցների առկայությունը, դրանց վիճակը և դրանցով հանդերձավորվելու արագությունը։ Դրան զուգահեռ փոխգնդապետ Մ. Վարդանյանն ուսումնական լսարանում նախապես պատրաստած հարցաթերթիկների միջոցով սկսեց ստուգել դիվիզիոնի սպայակազմի մարտական պատրաստականությունը։ Հարցաթերթիկներում ներառված էին հարցեր մասնագիտական, մարտավարամասնագիտական, տեխնիկական, հրթիռակրակային, կապի, հետախուզական, տեղագրական… պատրաստություններից։

Մինչ քննությունները շարունակվում էին, զրուցեցինք դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Վ. Հակոբյանի հետ, փորձեցինք ճշտել, թե ինչպիսի ցուցանիշներով է դիվիզիոնը զորամասի կազմում ճանաչվել լավագույնը, քանի որ մրցակցությունը դիվիզիոնների միջև բավական ուժեղ է, ու բոլորն էլ արժանի են լինելու առաջինը։

-Յուրաքանչյուր ամսվա վերջին զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ մարտկոցներն ու առանձին զինծառայողներ ստուգարքներ են հանձնում մասնագիտական և մյուս առարկաներից։ Միաժամանակ ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են կարևոր միջոցառումներ, որոնց միջոցով ստուգվում է դիվիզիոնի մարտական աշխատանքը։ Այսինքն՝ առաջադրվում են պայմանական թիրախներ, որոնք պետք է հայտնաբերվեն և ոչնչացվեն։ Այստեղ կարևորվում է առաջադրանքների կատարման արագությունը և ճշտությունը։ Դրանք մեզ մոտ լավ են ստացվել։ Այս տարի մասնակցել ենք ավիացիայի շրջաթռիչքներով երկու զորավարժությունների և ստացել «լավ» ու «գերազանց» գնահատականներ։ Մասնակցել ենք նաև համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությանը, որի ընթացքում կատարել ենք մեծ ծավալի մարզումային աշխատանքներ։ Նոյեմբեր ամսին անցկացվեցին ՀՕՊ զորքերի «լավագույն հաշվարկ» մրցումները։ Դրանք սովորաբար անցկացվում են երկու փուլով։ Զորամասերում հաղթողները մասնակցում են զորատեսակի մրցումներին։ Մեր հաշվարկը, որի կազմում էին մայոր Ս. Աբրահամյանը, կապիտաններ Հ. Ավանեսյանը, Ա. Հարությունյանը, ավագ լեյտենանտ Ա. Գևորգյանը, շարքայիններ Շանթ Գրիգորյանը և Թելման Գրիգորյանը, հաղթեց ու լավագույնը ճանաչվեց Ս-300-ի մրցությունում։ Միջոցառումների գնահատականներով դիվիզիոնը ճանաչվել է լավագույնը ոչ միայն զորամասի, այլև բոլոր Ս-300 դիվիզիոնների մեջ։ Առաջին անգամը չէ, որ ուսումնական տարին ավարտում ենք գոհացուցիչ արդյունքներով, հետայսու դարձյալ անելու ենք ամեն ինչ, որ դիվիզիոնը որևէ թույլ տեղ չունենա։ Անձնակազմի յուրաքանչյուր անդամ շատ լավ հասկանում է, որ դիվիզիոնը միշտ պետք է պատրաստ լինի մարտի և առաջադրանքները կատարի հարյուր տոկոսով,- ասաց փոխգնդապետը։

♦♦♦

Սպայակազմի քննությունն ընդունելուց հետո հանձնաժողովը որոշեց մարտկոցների զինծառայողների մասնագիտական պատրաստությունը, գիտելիքները, գործնական աշխատանքում դրանք կիրառելու հմտությունը ճշտել աշխատանքային տեղամասում, ռազմական տեխնիկայի կիրառությամբ։ Հրամանատարի հրամանով զինծառայողները կարճ ժամանակում գործարկեցին դիզելները, և համակարգն սկսեց աշխատել։ Քիչ անց մայոր Ս. Աբրահամյանի գլխավորությամբ մարտական հաշվարկն արդեն հրամանատարական կետում էր։ Հաշվարկի մեջ էին կապիտան Հ. Ավանեսյանը, ավագ լեյտենանտ Ա. Գևորգյանը, կապիտան Ա. Մուրադյանը, օպերատորներ կրտսեր սերժանտ Ամատունի Նահապետյանը և շարքային Թելման Գրիգորյանը։

Գալով հրամանատական կետ՝ փոխգնդապետ Մ. Վարդանյանը մեկ առ մեկ ճշտեց յուրաքանչյուր նշացույցի, սարքավորման դերն ու նշանակությունը, օգտագործման ձևը, առաջադրանքի կատարման ընթացքում աշխատանքի հաջորդականությունը, հարցրեց սպաներից յուրաքանչյուրի և հաշվարկի պետի գործողության մասին։

Հրամանատարական կետից հետո փոխգնդապետ Մ. Վարդանյանը և մայոր Վ. Ղազարյանն ստուգեցին մարտական հերթապահություն իրականացնողների՝ մասնագիտական կարողություններն ու գործնական հմտությունները։ Գոհ մնալով տրված պատասխաններից՝ մայոր Վ. Ղազարյանն ասաց.

-Հերթապահությունը երբեք չի ընդհատվում։ Ամեն օր հարցերի միջոցով ստուգում եմ հերթապահություն ընդունողների գիտելիքներն ու տրամադրությունը։ Եթե զգում եմ, որ որևէ մեկը պատրաստ չէ հաջողությամբ իրականացնել ծառայությունը, նրան փոխարինում եմ մեկ ուրիշով։

Ներկա եղանք նաև մեկնարկային մարտկոցի հաշվարկների ստուգարքին։ Ավագ սերժանտ Հարություն Մենեշյանը, ավագ հաշվարկի համար շարքային Արսեն Թաթոսյանը և մյուսները դասակի հրամանատարի հրամանով հրթիռները երթային վիճակից բերեցին շարային դիրքի ու նաև կատարեցին հակառակ գործողությունը։ Հարցերին բոլորն էլ լավ էին պատասխանում, բայց հաշվարկի հրամանատար ավագ սերժանտ Հ. Մենեշյանի պատասխաններն ամենաբարձր գնահատականին էին արժանի։ Հաջորդ հաշվարկը՝ կրտսեր սերժանտ Վահագն Հայցյան, հաշվարկի համարներ ավագ Սեյրան Մելոյան և շարքային Արտեմ Հարությունյան, նույնպես սպառիչ պատասխան տվեց։ Նրանք հստակ պարզաբանեցին, թե որքան ժամանակ է տրվում հրթիռների և ճոճվող մասի բարձրացման և իջեցման համար, ցույց տվեցին տեխնիկական մասի, յուղի ճնշման, մալուխների վիճակի ստուգման, տեղանքի մաքրության ստուգման իրենց ամենօրյա աշխատանքը։ Հրաշալի պատասխաններ լսեցինք ավագ էլեկտրիկ-դիզելիստ շարքային Կարեն Գրիգորյանից, դիզելիստ-էլեկտրիկներ շարքայիններ Ալիկ Ավետիսյանից, Հրաչ Խաչատրյանից և կրտսեր սերժանտ Աղասի Մխիթարյանից։ Վերջինս մանրամասնելով նշեց, թե քանի րոպեում պետք է դիվիզիոնը մարտական աշխատանք կատարելու համար ապահովվի անհրաժեշտ էլեկտրական հոսանքով, ասաց, թե որքան հոսանք է պետք է տեխնիկայի աշխատանքի համար։

Շատ լավ է, երբ զինվորը ոչ միայն տեխնիկայի օգտագործմանն է տիրապետում, այլև լիովին հասկանում է, թե իրենից ինչ է ներկայացնում այդ տեխնիկան։

Մինչ քննությունը շարունակվում էր, փոխգնդապետ Մ. Վարդանյանին խնդրեցինք կիսվել տպավորություններով։

-Նախ՝ ասեմ, որ մենք շատ լավ գիտենք, որ դիվիզիոնը մարտունակ է, կարողանում է տեխնիկան ճիշտ շահագործել։ Ստորաբաժանումներից մի քանիսն անցած ուսումնական տարում մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Աշուլուկի զորավարժարանում ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը և ցույց տվեցին շատ բարձր՝ հարյուր տոկոսանոց արդյունքներ։ Դիվիզիոնն այս ուսումնական տարում էլ մշտապես աչքի է ընկել ինչպես մարտական հերթապահության կրման, այնպես էլ մարտունակության ստուգման ու բարձրացման նպատակով անցկացված մարզումների, զորավարժությունների ընթացքում։ Սպայակազմը լավ է պատրաստված, մարտկոցներն ու հաշվարկները նույնպես։ Նշեմ, որ զինծառայողների մի մասը պայմանագրայիններ են, որոնք իրենց ժամկետային ծառայությունն էլ անցկացրել են ՀՕՊ զորքերում ու իրենց գործին ամբողջությամբ տիրապետում են։ Այնուամենայնիվ, զինվորական գործը կրկնություն է սիրում։ Չպետք է ասեն, որ՝ գիտեմ, ու մոռանան գիրքը, տետրը, չանցկացնեն մարզումներ, ընդհակառակը, միշտ ու ամեն օր զինծառայողը պետք է պարապի, մարզվի, վերհիշի ամեն ինչ։ Հենց դրա համար էլ, քաջատեղյակ լինելով սպաներից, զինվորներից գրեթե բոլորի գիտելիքներին, իմացություններին ու հնարավորություններին, այնուամենայնիվ, գերադասում ենք նրանց կրկին քննել, հարցնել, նորից ու նորից համոզվելու, որ տիրապետում են իրենց գործին, իրավիճակին և անհրաժեշտության դեպքում՝ դարձյալ առաջադրանքները կկատարեն ամբողջովին։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2012