Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ



Ուսումնական տարվա վերջն ինչպես մարտական զորամասերի ու զորատեսակների, այնպես էլ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության համար յուրօրինակ հաշվետվության ժամանակաշրջան է։ Բոլորովին վերջերս հրթիռահրետանային զորամասերից մեկի 33 զինծառայողների հանձնվեցին նորակառույց ծառայողական բնակարաններ, իսկ դեկտեմբերի 5-ին շահագործման հանձնվեցին գնդապետ Բ. Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի համար կառուցված նոր ճաշարանը (ինչը շատ կարևոր էր մինչ այդ զինավանի միակ ճաշարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար), ինչպես նաև՝ գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասի մարտական դիվիզիոններից մեկի շտաբը, զորանոցը, ճաշարանը, կաթսայատունը, շարահրապարակը, մարզավանը։ Եթե այս ամենին էլ ավելացնենք նորակառույց անցագրային կետն ու ցանկապատը, նորոգված կրակային դիրքերը, հրամանատարական կետը և դիվիզիոն տանող ճանապարհի գրունտապատումը, ապա կարելի է ասել՝ դիվիզիոնն ամբողջովին թարմացվել-նորացվել է։

Մոտոհրաձգային զորամասի ճաշարանի շահագործման արարողությունից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց դիվիզիոնի շինությունների շահագործման առիթով կազմակերպված միտինգին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը դիվիզիոն ժամանած նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց տոնական միջոցառման կապակցությամբ զորամասի վարչակազմի և դիվիզիոնի անձնակազմի շարված լինելու մասին։

Ընդունելով զեկույցը՝ նախարար Ս. Օհանյանը ողջունեց անձնակազմին և խրախուսական խոսքեր ասաց զինված ուժերում ընթացող ծառայական պայմանների բարելավման գործընթացի շարունակականության մասին։ Անձնակազմի հաղթական «ուռա՜»-յով հայտարարվեց հանդիսավոր միտինգի բացումը, հնչեց ՀՀ օրհներգը։

Այնուհետև հնչեցին շնորհավորական ելույթներ։

Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանը, դիմելով նախարարին, զինծառայողներին, հյուրերին, ասաց.

-Դիվիզիոնի անձնակազմը միշտ էլ հաջողությամբ է կատարել մարտական հերթապահությունը և երբեք չի դժգոհել ծառայական պայմաններից։ Վստահ եմ, որ նորակառույց շտաբը, ճաշարանը, զորանոցը և մյուս շինությունները ավելի կբարձրացնեն անձնակազմի տրամադրությունը՝ տրամադրելով նոր ձեռքբերումների։

Գնդապետը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին, պաշտպանության նախարարին, ՊՆ կապիտալ շինարարության վարչության ղեկավարությանն ու մասնագետներին, շինարարներին՝ հանձին ՍՊԸ տնօրեն Սահակ Սարգսյանի, եւ բարի ծառայություն, խաղաղ ու անամպ երկինք մաղթեց դիվիզիոնի զինծառայողներին։

Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը, նշելով, որ ծառայության համար ստեղծված բարեկարգ պայմանները կօգնեն բոլոր զինծառայողներին և իրենց լինելու ավելի կարգապահ, նվիրված և առաջադրանքները կատարել անթերի։

Հանդիսավոր միջոցառման առիթով շնորհավորելով անձնակազմին, պաշտպանության նախարարությանը և շինարարությունն իրականացրած բոլոր կազմակերպություններին՝ իր երախտագիտությունը հայտնեց դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Կ. Փարփուրյանը։

Շնորհավորանքի խոսք ասաց նաև ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ, վարչության պետ գնդապետ Արմեն Վարդանյանը.

-ՀՕՊ զորքերը մշտապես զգում են մեր երկրի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար պարոն Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև գլխավոր շտաբի ղեկավար կազմի ուշադրությունն ու հոգատարությունը, ինչի վկայությունն է այս հարմարավետ, եվրոպական չափանիշներով իրականացված շինարարությունը, որը ավարտվող ուսումնական տարում երկրորդն է ՀՕՊ զորքերում, չորրորդը՝ վերջին տարիների ընթացքում։ Ինչ խոսք, զինծառայողների աշխատանքային պայմանները, սոցիալ-կենցաղային, բնակարանային հարցերը լավագույնս լուծելու պաշտպանության նախարարության և երկրի կառավարության պատրաստակամությունը է՛լ ավելի կնպաստեն մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման որակի, զորքերի մարտունակության բարձրացմանը։ Վստահ եմ, որ այս աշխատանքները կլինեն շարունակական։

♦♦♦

-Իմ և պաշտպանության նախարարության ղեկավար կազմի անունից ողջունում և շնորհավորում եմ զորամասի հրամանատարությանը, դիվիզիոնի անձնակազմին այս հարմարավետ շինությունները շահագործման հանձնելու առիթով,- իր խոսքում ասաց նախարար Սեյրան Օհանյանը և շարունակեց։ -Այստեղ եղել եմ անցած տարի ամռանը, ու երբ դեռ 2-3 խարխուլ տնակներ էին, իսկ այսօր արդեն հերթական անգամ համոզվում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, քանի որ օր օրի ավելանում են ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները, բարելավվում են զինծառայողների գործունեության պայմանները, սոցիալական վիճակը։ Բանակաշինությունը, բնակարանաշինությունը, շտաբների, զորանոցների, ճաշարանների և մյուս կառույցների շինարարությունը նպատակաուղղված է մեր զինված ուժերի, զինծառայողների աշխատանքային և սոցիալական վիճակի բարելավմանը։ Այս ամենն արվում է սուղ միջոցների հաշվին, ինչը վկայում է, որ երկրի նախագահը, կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում բանակը, զինծառայողներին։ Արվածը նաև փաստում է, թե ԶՈՒ համակարգում ինչպիսի մեծ դերակատարում ունեն ՀՕՊ զորքերը, որոնք շատ կարևոր խնդիր են կատարում երկրի պաշտպանության ընդհանուր գործում։ Մեր օդային սահմաններն անձեռնմխելի են, որովհետև ՀՕՊ զորքերն իրենց առջև դրված առաջադրանքը լավագույնս են կատարում։ Այո՛, ՀՕՊ զորքերն օրինակելի են, արժանի ընդօրինակման, ի վիճակի հետ մղելու ցանկացած ագրեսիա։ Նրանք չեն դոփում տեղում, նրանք անընդհատ զարգանում են։ Այդ են վկայում 2012թ. ընթացքում իրականացված միջոցառումները, զորավարժություններն ու մարզումները։

Օրըստօրե ընդլայնվում են մեր պաշտպանական կարողությունները, մենք շատ լուրջ ենք համագործակցում մյուս գերատեսչությունների հետ, նրանց ներգրավում պաշտպանական ծրագրերի իրականացման մեջ։

Նախարար Ս. Օհանյանը մեկ անգամ ևս շնորհավորեց զորամասին, դիվիզիոնին տարեմուտին ստացած լավ նվերի առիթով և հույս հայտնեց, որ նրանք 2013թ. ուսումնական տարում է՛լ ավելի բարձր արդյունքներ կունենան։

-Յուրաքանչյուր զինծառայողից, հաշվարկից, մարտկոցից ու դիվիզիոնից է կախված ողջ զորամասի, զինված ուժերի մարտունակության ապահովումը,- եզրափակեց նախարար Ս. Օհանյանը։

Նորակառույց շինություններն օրհնեց և դիվիզիոնի անձնակազմին խաղաղ ծառայություն մաղթեց տեր Կորյուն քահանա Կարապետյանը։

Միտինգն ավարտվեց դիվիզիոնի հանդիսավոր երթով։

♦♦♦

Կառույցների հանդիսավոր բացումից հետո նախարար Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ներկաները հետաքրքրությամբ ծանոթացան նորակառույցների պայմաններին, կահավորանքին։ Իրոք, շտաբում ստեղծված են աշխատանքային կատարյալ պայմաններ՝ աշխատասենյակներ, լսարաններ, մարտական հերթապահության համար նախատեսված աշխատանքային ու հանգստի սենյակներ։ Զորանոցում նույնպես հաշվարկված է յուրաքանչյուր մանրուք։ Ննջարաններ, լավ կահավորված հանգստի ու կենցաղի սենյակներ, զորանոց, զենքի պահպանման սենյակ, սանհանգույց, լողասենյակ։ Զինծառայողներն ամեն օր կարող են լողանալ, զբաղվել անձնական հիգիենայով։ Ճաշարանի խոհանոցային արտադրամասերում տեղադրվել են ամենաժամանակակից սարքավորումներ։

♦♦♦

Միջոցառման վերջում նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Պարզաբանելով բանակաշինության գործընթացի հետ կապված որոշ հարցեր՝ նա նշեց, որ ամեն տարի նախագծվում և մրցութային կարգով կառուցվում են նոր զորանոցներ, ճաշարաններ, բնակարաններ եվրոպական առաջատար երկրների չափանիշներով։ Նա նշեց նաև, որ գոհ է մոտոհրաձգային զորամասի համար կառուցված ճաշարանի որակից։

Լրագրողների խնդրանքով նախարար Ս. Օհանյանն անդրադարձավ Աֆղանստան կատարած իր այցին և ասաց, որ մեր խաղաղապահներն առանձնանում են իրենց օրինակելի կարգապահությամբ և ծառայության կազմակերպման մեջ մտցրել են մի շարք նորամուծություններ, որոնք ընդօրինակվում են մյուս երկրների խաղաղապահների կողմից։

Պատասխանելով զորակոչին վերաբերող հարցերին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ինչպես այս տարվա գարնանային, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշնանային զորակոչի ընթացքում օպերատիվ աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել և վերացվել են մի շարք թերություններ, ձեռնարկվել են միջոցներ՝ կցագրումից սկսած մինչև տեղաբաշխում միջամտությունները բացառելու համար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2012