Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ՁՄԵՌԸ



Այսօր առատ ձյուն սկսեց տեղալ ժամը 20:30-ի կողմերը: Ուշադրություն չդարձրեցի: Օրապահ էի եղել, հոգնած էի, քունս տանում էր: Նստել էինք լսարանում: 21:30-ի կողմերը լույսը տարան:

Տղաներից մեկն ասաց.

– Տղերք, հըլը դուրս եկեք, տեսեք՝ ի՜նչ եղանակ է:

Բոլորս երեխաների պես վազեցինք դուրս: Գնդում լույս կար միայն ճաշարանի ու նրա հարակից տարածքի ձյուների վրա: Միանգամից տխրությունն ու կարոտը պատեցին հոգիս, սկսեցի խեղդվել: Իմ ամենասիրած եղանակն էր:

Հիշում եմ. ամեն տարի անհամբեր սպասում էի ձյանը: Ամեն տարի ՄԱՅՐՍ առավոտյան ինձ արթնացնում էր, բացում վարագույրն ու ասում.

– Նայի՛ր դուրս:

Քնաթաթախ նայում էի դուրս ու երբ տեսնում էի հաստ շերտով դրած ձյունը, որը դեռ շարունակում էր գալ, ուրախությանս չափ ու սահման չէր լինում: Տխրեցի, քանի որ իմ սիրած եղանակն էր, բայց ես այն չդիմավորեցի ՄՈՐՍ հետ: Չվազեցի թավալվելու ընկերներիս հետ:

Փոքր ժամանակ միշտ ասում էի` երբ եմ մեծանալու, շուտ եմ ուզում մեծանալ: Մանուկ հոգիս չէր հասկանում, որ մանկությունից ավելի լավ բան աշխարհում չկա: Անհոգ էինք, ուրախ, ազատ: Իսկ հիմա մեծացել եմ, հոգիս արդեն հասցրել է լցվել սիրով, սակայն մանկությունը իմ մեջ չի կորել:

Կանգնած նայում էի, թե ինչպես էին ձյան փաթիլները, մեղմ քամու տակ խաղեր տալով, դիպչում շուրթերիս, լեզվիս ու հալչում: Նայում էի ու կարոտում: Ո՞ւր է իմ տունը: Ո՞ւր է իմ հարազատ բակը: Ո՞ւր են իմ հարազատ, մանկության թաղի ընկերները: Ո՞ւր են: Ո՞ւր են… Մի քիչ խաղայինք, թավալ տայինք, ուրախանայինք լիաթոք: Չկան: Այժմ ես մի հեռավոր վայրում եմ, որտեղ փոխվել է շատ բան: Ես հիմա ծառայում եմ հայրենիքիս, անգին մայրիկիս, ինձ մերժած ու սիրող աղջիկներին ու ինքս ինձ կարծես չեմ ճանաչում: Սակայն ձյունը… Սակայն այս ձյունը շարժեց մեջս ամեն ինչ: Խառնեց իրար ու գլորեց սպիտակ երազներում: Մանկությունը մի կյանք էր, որ մեր լավագույն տարիներն էին: Այդ տարիներն անցան, բայց մանկիկն ու հիշողությունները իմ միջից երբեք դուրս չեն գա: Այդպիսին եմ ես այս աշխարհ եկել: Այդպիսին կմնամ այս աշխարհում, որին փարվել է ճերմակ ձյունը ու բարիացրել է ամեն ինչ: Զուր չէ, որ ասում են, թե մարդիկ ձմռանը բարիանում են: Ես հավատում եմ, քանի որ սա իմ ամենասիրած եղանակն է…

Ձմեռ, մանկություն, ընտանիք, հարազատ բակ ու ընկերներ: Հայրենիք, ծառայություն, զորամաս, պարտականություն:

Ահա իմ կյանքի լավագույն ու երբեք չկրկնվող, չմոռացվող պայծառ մանկամիտ ձմեռը…

ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Հոգևոր-մշակութային


27/12/2012