Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ` ՆԱԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ



Տարածքային զինկոմիսարիատներում գրանցվո՞ւմ են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացություններում երբեմն անտեսվո՞ւմ են զորակոչվողի առողջական խնդիրները, զինծառայության ընթացքում գրանցվո՞ւմ են բռնության և խոշտանգումների դեպքեր, որոնք մնում են չբացահայտված, նշանակվո՞ւմ են կարգապահական տույժեր, որոնց կիրառումը ուղեկցվում է մարդու իրավունքների խախտումներով. այս եւ նման այլ դեպքերում բանակ զորակոչված զինվորը կամ զինծառայողը կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:

♦♦♦

Դեկտեմբերի 22-ին գնդապետ Ս.Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում հրամանատարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Իրավական վերլուծության բաժնի պետ, զինծառայողների իրավապաշտպան Արամ Վարդեւանյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ձեւերը.

«Զինծառայողը Մարդու իրավունքների պաշտպանին կարող է դիմել գրավոր, վստահ լինելով, որ դիմումի գաղտնիությունն ապահովված է, մեր մասնագետը կուսումնասիրի խնդիրը, այն կքննարկվի, եւ եթե հայտնաբերվի իրավունքի խախտում, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, մենք ունենք նաեւ շուրջօրյա թեժ գիծ` 1-16 հեռախոսահամարով, որին կարելի է զանգահարել ցանկացած վայրից եւ տեղեկացնել ծագած խնդրի մասին»:

Թեպետ գրասենյակի կայացրած որոշումները կրում են զուտ խորհրդատվական բնույթ, այդուհանդերձ, ըստ իրավապաշտպանի, բազմաթիվ են օրինակները, երբ բարձրացված խնդիրները ստացել են դրական լուծում. «Զորակոչի առաջին պահից մինչեւ զորացրման օրը զինծառայողի ծառայության պայմանները, կենցաղը, առողջությունը և, ընդհանրապես, բոլոր իրավունքները մեր ուշադրության կենտրոնում են: Մարդու իրավունքների պաշտպանը և մենք` որպես զինծառայողների իրավունքների գծով պատասխանատուներ, անարձագանք չենք թողնում զինծառայողի որեւէ ահազանգ», -հանդիպման մասնակից զինծառայողներին ասաց Ա. Վարդեւանյանը եւ ընդգծեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք»:

Զորամասի հրամանատարն էլ նշեց, որ բանակ-հասարակություն կապի շրջանակներում մշտապես կարեւորվում են զինված ուժերում իրավապաշտպան կազմակերպությունների հետ անցկացվող միջոցառումները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Սոցիալ-իրավական


27/12/2012