Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



Սիրելի՛ սպաներ և զինվորներ Հայոց հաղթական բանակի.

Ամանորի և Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան աստվածահաստատ տոների առիթով ՀՀ ԶՈՒ հոգևորականաց ողջ դասի անունից Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայոց Ազգային բանակի մեր քաջարի զօրահրամանատարներին, զինվորներին և մեր ողջ ժողովրդին:

Սուրբ Ծննդյան տոնի բարի լուրը հրեշտակներն ավետեցին մեզ` քրիստոնյաներիս, և իրենց բերած ավետիսի համաձայն` ցույց տվեցին, թե աշխարհում չկա որևէ բան, որ կարող է ավելի բարի լինել կատարված իրողությունից: Հրեշտակներն երևացին և քարոզեցին մեզ. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծեալ Տերն է» (Ղուկ. 2:10-11): Մենք պարտավոր ենք այս ուրախ լուրն ընդունել մեր սրտերում, հավատալ ու փառաբանել Աստծուն, սրբազան ու վեհ զգացումներով նորոգված կյանքով ոտք դնել նոր տարվա սեմին մեկ վճռականությամբ` հավատարմորեն, անձնուրացաբար նվիրվել և անմնացորդ սիրով ծառայել ազգին ու եկեղեցուն:

Նոր տարվա սկզբին, երբ կանգնած ենք հին և նոր տարիները շաղկապող ժամանակի մեջ, պիտի վերագնահատենք և վերարժևորենք կյանքի այն ուղին, որով անցել ենք, և որը մեզ դեռ սպասում է: Մարդու համար կարևորը ոչ թէ ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ կյանքի և մարդու փոփոխությունը ժամանակի մեջ, քանզի տարին նորանում է մարդու նոր հույսերով, նոր խոհերով և նոր գործերով, «որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. 5:17): Ուստի մեր կոչումն ու պարտականությունն է գալիք տարում ընձեռված ժամանակը լցնել ազնիվ գործերով և ստեղծագործ աշխատանքով` հույսը վերածելով կյանքի, գործի, իրականության:

Աղոթք ենք վերառաքում Բարձրյալին, որ մեր հոգու բաց աչքերով տեսնենք Աստծո ներկայությունը մեր կողքին և նախախնամական տնօրինությունը Տիրոջ, որով պիտի ծաղկի մեր անկախ Հայաստանը և Հայոց Ազգային բանակը: Թող Աստծո Ամենակարող Աջը միշտ զորավիգ ու պահապան լինի հայրենյաց պաշտպան մեր սիրեցյալ որդիներին` զորաց և զորականաց հայոց: Թող բացվող նոր` 2013 թվականին Բարձրյալի բարեխնամ հովանու ներքո հաջողությամբ պսակվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որպեսզի խաղաղ երկնքի ներքո շարունակվի ստեղծագործ կյանքը հավատավոր մեր ժողովրդի:

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

Օրհնությամբ`
ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ


27/12/2012