ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՉԼԻՆԵՆ
Շենքի բակում քաղաքի,
Մի խումբ տղա ու աղջիկ
Ձնագնդի են խաղում։
Մի ալեհեր ծերունի,
Հենված սյունին երկաթի
Խաղն էր դիտում ու հրճվում։
Շատ խաղալուց հոգնեցին
Տղաները այդ շենքի
Ու մոտեցան ծերունուն,
Հանգստանան ու խոսեն։
Տղաները երբ եկան,
Ծեր պապիկը հարցրեց.
-Դուք ի՞նչ կուզեք, որ բերի
Ձմեռ պապը այս տարի։
-Խնձո՜ր, չամի՜չ, խաղալի՜ք,
Տարբեր կողմից ասացին
Տղաները հրճվալից։
Մի ժիր տղա, շատ բկլիկ
Ասաց. -Պապիկ, իմ քաղցրիկ,
Մի մե՜ծ ավտո ես կուզեմ,
Որ շա՜տ մրգեր տուն տանեմ։
Մի թուխ տղա տխրադեմ
Ասաց. -Պապիկ, ի՞նչ ասեմ,
Իմ հայրիկին, որ բերի,
Շատ լավ պապիկ կլինի։
Գնացել է նա կռիվ
Ու չի եկել մինչ հիմա,
Չեմ տեսել ես դեռ նրան,
Ու չգիտեմ՝ կա՞, չկա՞։
Պապիկ, սրտանց ես կուզեմ
Մեր հայրերը միշտ լինեն,
Թող չլինեն սուգ օրեր,
Կռիվ, ավեր ու մահեր։
Այնժամ պապը տխրալից
Ասաց. -Ապրե՛ս, իմ բալիկ,
Թող տա Աստված, Նոր տարուն
Քո խնդիրը կատարվի ,
Պատերազմներ չլինեն,
Ձեր հայրերը միշտ լինեն,
Ու դուք էսպես, խինդով լի,
Ապրեք ուրախ, երջանիկ։
ԱՐԱՄ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Հոգևոր-մշակութային