ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Զինվորական ղեկավարների շարքում բազմակողմանի աշխատանքներ պետք է ծավալեն ՀՀ զինվորական կոմիսարիատների սպաները, ամրագրված զորամասերի հրամանատարությունը: Նախազորակոչիկները ՀՀ զինկոմիսարիատներում ու զորամասերում դիդակտիկ նյութերի և օժանդակ գրականության միջոցով ծանոթանում են զինծառայողների կյանքին ու կենցաղին, առօրյա պատրաստության խնդիրներին, օրենսդրական և այլ իրավական փաստաթղթերի, հրամանների կատարման պահանջներին, ինչպես նաև զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին: Սակայն այդ ամենը բավարար չէ, որպեսզի հստակ իրականացվեն նախազորակոչային պատրաստության հիմնախնդիրները։ Հարցման արդյունքում հանրապետության մի շարք դպրոցների տնօրեններ նշում են հետևյալ խոչընդոտող հանգամանքները. դեռևս քիչ չեն նրանք, ովքեր ոչ մասնագիտական կամ ռազմական մասնագիտական կրթություն չունենալով՝ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, սպորտային դահլիճների, մարզահրապարակների, գույքի` մարմնամարզական գործիքների, աթլետիկական սարքերի և գործիքների, համապատասխան մասնագետների բացակայությունը, բարձր տարիքավորների թիվը, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների, սեմինարների, որակավորման կուրսերի, զինղեկների ուսումնազորային հավաքների, զորային ստաժավորումների, ռազմական կաբինետների, ուսումնական զենքերի և ռազմամթերքի, արգելագոտիների, հրաձգարանների, ժամապահի պարտականությունների ուսուցման վայրի բացակայությունը, քաղաքային, շրջանային, մարզային ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ վերաբերմունքը խնդրո առարկային և այլն:
Կատարված դիտարկումների վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին, տասը տարիների ընթացքում նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն առարկաները դասավանդվում են անարդյունավետ: Շրջանավարտների 60 տոկոսը գրեթե չի տիրապետում ամենատարրական ֆիզիկական և նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներին: Վերոնշյալ առարկաները համարյա բոլոր դպրոցներում համարվում են երկրորդական: Մինչդեռ հայտնի է, որ հենց այս առարկաների դասավանդման գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է հասնել ռազմահայրենասիրական և մարմնակրթական դաստիարակության աննախադեպ արդյունքի` հրաժարում դարավոր սովորություններից /ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ/, դրական հույզեր, կանոնավոր ռեժիմ, կարգին սնունդ, հնարավոր հիվանդությունների կանխարգելում, միջանձնային լավ փոխհարաբերություններ և այլն:
Ոչ պակաս կարևոր է նաև, որ ՆԶՊ յուրաքանչյուր դաս դիտարկվի որպես զինվորական ղեկավարի և աշակերտների միջև փոխադարձ կապի եզակի մի օրինակ, որը ուրիշ ոչ մի տեղ չի կրկնվում: ՈՒստի և միայն ՆԶՊ ղեկավարը կարող է գտնել ու ընտրել այն արդյունավետ միջոցը, որով կարելի է հասնել առաջադրված ծրագրերի իրականացմանը: Եթե խորհուրդ է տրվում իմանալ այս կամ այն անվանի մանկավարժի դաստիարակչական մեթոդները, ապա բնավ ոչ այն բանի համար, որ դրանք նույնաբար փոխադրվեն դասարան, մեքենայորեն վերարտադրվեն, այլ նպատակ ունենան հարստացնելու ՆԶՊ ղեկավարի մանկավարժական միտքը` յուրաքանչյուր անգամ իր սեփականը գտնելու և ստեղծելու համար: Այս պարագայում կարևորվում է ՆԶՊ ղեկավարին ցույց տրվող օգնությունը, նրա տեսական, մանկավարժական ու մեթոդական պատրաստության բարձրացմանը նպաստող գործունեության իրականացումը, քանի որ մեծամասամբ զինվորական ղեկավարներ են նշանակվում ՀՀ զինված ուժերից զորացրված սպաները, որոնք դասավանդման բավարար փորձ չունեն:
Մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, առավել ևս՝ ղարաբաղյան հարցի առկայությունը, պարտադրում են մեզ ունենալու մարտունակ և ֆիզիկական բարձր պատրաստականությամբ աչքի ընկնող բանակ: Հետևաբար, կարևորվում է կրթական համակարգի բոլոր օղակներում և բանակում երիտասարդների նախնական զինվորական պատրաստության, ֆիզիկական դաստիարակության մեթոդական և նյութական բազան:
Անվիճելի է, որ յուրաքանչյուր անհատ, հատկապես երիտասարդ, ԲՈՒՀ-ի ուսանող, ՌՈՒՀ-ի կուրսանտ պետք է ունենա լայն մտահորիզոն, խոր մասնագիտական գիտելիքներ, գերազանց առողջություն, ներդաշնակ զարգացած մարմնակազմ, ֆիզիկական և նախնական զինվորական պատրաստության հմտություններ, որոնք էլ պետք է հանդիսանան զինվորի մարտական պատրաստության բարձրացման կարևորագույն նախապայմանը: Այնինչ այսօր, ցավոք սրտի, նախնական զինվորական պատրաստության գործընթացը չի գտնվում պատշաճ մակարդակի վրա, տարեցտարի ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների թվաքանակի նվազումը և ընդհանրապես գիտելիքի նկատմամբ նախանձախնդրության անկումը կամ բացակայությունը:
Կատարենք թռուցիկ անդրադարձ` ռազմաուսումնական հաստատություններ ընդունվում են տարեկան միջին հաշվով 400 կուրսանտներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմորդներից 100-ը Մ.Մելքոնյանի, գեներալ-լեյտենանտ Ք.Իվանյանի, Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանների և Փոքր Մհեր կրթահամալիրի սաներ են, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներ, իսկ մնացած դիմորդները հանրակրթական դպրոցների շրջանավարտներ են, որը կազմում է ընդունելության 1 տեղի համար 1,5 դիմորդ, ապա կարելի է հետևություն անել՝ եթե յուրաքանչյուր զինվորական ղեկավար հանրակրթական դպրոցում տարեկան նախապատրաստի գոնե մեկական դիմորդ, ապա մենք կունենաք առնվազն 1500 դիմորդ-թեկնածու: Կարծում ենք՝ փաստն ինքնին խոսուն է…
Այլ է պատկերը ռազմամարզական վարժարաններում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի ավագ սպա