Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ԶԻՆՎՈՐԻՆ



Զրույց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների ամակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Տիկին Մարգարիտա, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձավ նաև բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը և մեծ դերակատարում վերապահեց դրանց՝ անվանելով հասարակական վերահսկողության լծակ։ Ձեր ղեկավարած խորհուրդը իր 5 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններով ինչպիսի՞ մասնակցություն ունեցավ բանակաշինության գործին անցյալ տարվա ընթացքում։

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղղակիորեն տարանջատեց այն հասարակական կազմակերպություններին, որոնք, մեղմ ասած, լուծում են անձնական խնդիրներ, միավորվել են զանազան պատվերներ կատարելու համար և բանակաշինությանը մասնակցելու քողի տակ պարզապես խանգարում են ու վնասում։ Շնորհակալություն, որ առիթ ունեմ խոսելու այս մասին, որովհետև, կարդալով պարոն Օհանյանի տված հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին, արձագանքելու ցանկություն ունեի։ Բանակի խնդիրներով պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են բանակն ու զինվորին, ովքեր ցանկություն ունեն բանակն ավելի հզոր, զինվորին ավելի ամուր ու պաշտպանված տեսնելու։ Բանակը իրավունք ունեն քննադատելու այն մարդիկ, ովքեր երբևէ որևէ օգուտ են տվել բանակին, մեկի մատից մի փուշ են հանել, ովքեր լծված են բանակ կառուցելու դժվարին, պատվաբեր ու շնորհակալ գործին, ում քննադատությունը բանակը բարելավելու նպատակ ունի, ոչ թե ինքնանպատակ քարկոծելու և չարախնդալու։ Ես ակնկալում եմ ոչ միայն պաշտպանության նախարարության ղեկավարության, այլ ամբողջ հասարակության հակազդեցությունը հակաբանակային ուժերի դեմ, որովհետև բանակը կենսական կարևորություն ունի հայրենիքի ու ժողովրդի համար, որովհետև բանակը մեր պետության ուժն ու հենարանն է, ու հզոր բանակի գաղափարի շուրջ պիտի մոռացվեն բոլոր ներքին տարաձայնությունները…

-Կարո՞ղ ենք բանակի հանդեպ սեր ակնկալել այն ծնողից, որի որդին մահացել է նույն այդ բանակում, ընդ որում՝ ոչ թե թշնամու գնդակից, այլ յուրայինի ձեռքով…

-Իմ որդին էլ է զոհվել բանակում։ Բայց դա բանակը ատելու և բանակի թշնամին դառնալու պատճառ չդարձավ ինձ համար։ Ընդհակառակը, ես սկսեցի յուրաքանչյուր զինվորի մեջ տեսնել իմ Արսենին, յուրաքանչյուր զինվորի սիրել որդուս նման։ Քանի որ ես գիտեի, թե ինչ անպատմելի ցավ է զինվոր-որդի կորցնելը, փորձեցի օգնել բանակին, որ էլ ոչ մի հայ մայր չապրի այդ ահավոր վիշտը։ Ես երդվեցի մնացած կյանքս նվիրել բանակին ու զինվորին։

Պիտի կարողանանք սթափ նայել իրականության աչքերին ու հասկանալ, որ բանակի միջանձնային հարաբերություններն ու բարոյական մթնոլորտը ձևավորում են մեր ընտանիքներից դուրս եկած 18-20 տարեկան զինվորները։ Այսինքն՝ հայ ծնողն է ձևավորում միջանձնային հարաբերությունները զինվորների շրջանում։ Սպաներն ընդամենը հղկում ու ուղղորդում են այն։

-Ասում են՝ բոլոր զինվորները կարող են ցանկացած պահի զանգել Ձեր բջջային հեռախոսին…

-Այո՛, կարող են զանգել և հաղորդագրություն ուղարկել։ Հրամանատարները նրանց տալիս են այդ հնարավորությունը։ Մեր զինվորը շատ լավն է, այնքան հեշտ է նրան ոգևորելը, հերոս դարձնելը… Հերիք է սեր տաս նրան, հարգես արժանապատվությունը, հերիք է զգա, որ իրեն վստահում ես, կկանգնի թիկունքիդ, կդառնա անդավաճան զինակից, անհավատալիորեն կուժեղանա։ Մենք պետք է քաջալերենք մեր զինվորին։

Մենք իրականացրել ենք 2012-ի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, շրջայցեր ենք կատարել բանակի գրեթե բոլոր զորամասեր, կազմակերպել ենք երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված բազմաթիվ միջոցառումներ ինչպես հանրապետության կրթօջախներում, ռազմական ուսումնական հաստատություններում, այնպես էլ զորամասերում։ Տարվա ընթացքում ստացել ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք հիմնականում վերաբերել են զինվորների առողջական խնդիրներին, եղել են նաև զորքերում միջանձնային հարաբերություններին վերաբերող դժգոհություններ։ Առողջական խնդիրներ ունեցող բոլոր զինծառայողները հոսպիտալացվել են, ներկայացվել են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով։

-Տիկին Մարգարիտա, եկեք սկզբում խոսենք ձեռքբերումների մասին։ 2012-ին ի՞նչ խնդիրներ են լուծվել բանակում, ի՞նչ դրական փոփոխություններ կան՝ Ձեր դիտարկմամբ։

-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ լուծվել է արձակուրդների տրման խնդիրը։ Այս ոլորտում կամայականությունները և անարդարությունը, իրոք, բացասական արձագանք էին գտնում ծնողների ու զինվորների շրջանում։ Այսօր յուրաքանչյուր զինվոր ժամանակին ստանում է իրեն հասանելիք արձակուրդը՝ առանց զանգի, առանց ծանոթի կամ մաղարիչի։ Խրախուսելի նորամուծություն է 5 ամիս ծառայած զինվորներին նախքան առաջին անգամ դիրքեր բարձրանալը արձակուրդ տալու կարգը։ Այս նախաձեռնությունը հոգեբանական մեծ ազդեցություն ունի և պետք է տարածվի բոլոր զորամասերում։ Հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստ զինվորը, որպես խրախուսանք, դիրքեր բարձրանալուց առաջ գնում է այցելության ծնողներին։ Սա վերածվում է արարողության և հայրենիքի պաշտպան դառնալու իրողությանը հաղորդում է յուրատեսակ հանդիսավորություն՝ շեշտելով դրա խորհուրդը։

Այսօր էականորեն փոփոխվել է սպայի վերաբերմունքը զինվորի հանդեպ։ Սպան չի կարող անպատիժ ապտակել զինվորին, վիրավորել։ Այսօր զինվորին հայհոյելու համար սպաներ են պատժվում։ Բանակի ղեկավարությունը գնացել է կտրուկ քայլերի, դարձել է շատ ավելի անհանդուրժող զինվորի նկատմամբ ցանկացած ոտնձգության հանդեպ։

-Սպաները բողոքում են, որ այս խստությունը ստեղծել է մի վիճակ, երբ սպան լծակներ չունի սանձելու անկառավարելի և վատ վարքի տեր զինվորներին։

-Ես այդ բողոքը համարում եմ անհիմն, որովհետև կան օրենքով սահմանված պատժի ձևեր օրինախախտ զինվորների համար, և պետք է կիրառվեն բացառապես օրենքով սահմանված միջոցները։

-Երբ ամփոփում էինք 2011 բանակային տարին, դժգոհեցիք զորքերում սննդի պահպանման տեխնոլոգիաներից։ Որոշ զորամասերում Ձեր ղեկավարած խորհրդի անդամները հայտնաբերել էին անորակ սնունդ։

-2012-ի ընթացքում մեծ աշխատանք կատարվեց, որ սննդի պահպանման տեխնոլոգիաները կիրառվեն լիովին։ Այս տարի դրական տեղաշարժը ակնհայտ է։ Կարող եմ ավելի որոշակի ասել՝ հալած պանիրը, օշարակը, ձուկը արդեն պահպանվում են՝ հաշվի առնելով ընդունված չափանիշները։ Էապես բարելավվել է հացի, խոզի մսի որակը։

Տարեցտարի բարելավվում են դիրքային ծառայություն իրականացնող զինվորի սոցիալ-կենցաղային պայմանները, զինվորները ապահովված են քնապարկերով, վառելիքով, որակյալ սննդով։ Բարելավվել են բուժծառայության շենքային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, և մենք ակնկալում ենք նաև էական փոփոխություն զինվորի հանդեպ բժշկի վերաբերմունքի մեջ։

-Ունե՞ք որևէ դիտարկում վերջերս տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ, երբ զորահավաքակայանից զորամաս ճանապարհված նորակոչիկը այդպես էլ զորամաս չհասավ…

-Մենք դիմելու ենք պաշտպանության նախարարին և խնդրելու ենք, որ նորակոչիկների պատվաստումները կատարեն ոչ թե հավաքակայանում, զորամաս ճանապարհելուց ժամեր առաջ, այլ զորակոչվելուց առաջ։ Ես չեմ կարող ասել, թե արված 7 պատվաստումները կապ ունե՞ն արդյոք զինվորի մահվան հետ, թե ոչ, բայց փաստ է, որ ավելի լավ է պատվաստումներից հետո զինվորը լինի տանը, հանգիստ պայմաններում, մայրական խնամքի տակ, քան անմիջապես ճանապարհվի զորամաս և սկսի զինվորական ծառայությունը։

-Ինչպիսի՞ թերություններ են արձանագրվել զորքերում Ձեր ղեկավարած կազմակերպության շրջայցերի ժամանակ։

-Մեր դիտարկմամբ, զինվորների շրջանում միջանձնային հարաբերությունների կատարելագործումը բանակի թիվ մեկ խնդիրն է։

Մենք պետք է սովորեցնենք զինվորին անվերապահորեն կատարել զինվորական կանոնադրության պահանջները և լինել բարյացակամ ու հանդուրժող զինակից ընկերոջ հանդեպ։

Պետք է շարունակել սննդի պահպանման տեխնոլոգիաների կատարելագործումը և զինվորի համար գնել ամենաորակյալ սնունդն ու կենցաղային պարագաները։

Պետք է է՛լ ավելի ուժեղացնել հսկողության լծակները, զինվորներն ամեն պահի պետք է լինեն սպայակազմի ուշադրության կենտրոնում, որպեսզի փոքրիկ կոնֆլիկտները տեղում հարթվեն և դժբախտ ելքի պատճառ չդառնան։

-Ասացիք, որ տարվա ընթացքում իրականացրել եք նաև ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ։

-Ես կարծում եմ, որ մենք պետք է ոգևորենք երիտասարդությանը պետական հովանավորությամբ և հոգատարությամբ։ Հայ երիտասարդը պետք է զգա պետության ամուր ներկայությունը իր թիկունքին, պետք է հավատա, որ պետությունը սատարում է իրեն, որ պետությունը տեր է։ Եթե երիտասարդը չզգա պետության ուժն ու հզորությունը, քաղաքացի չի դառնա, այսինքն՝ չի կատարի իր պարտականությունները, չի նվիրվի պետությանը։ Երախտագիտությամբ պիտի նշեմ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանի աջակցությամբ՝ մենք կարողացանք իրականացնել մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումներ, որոնցից ուզում եմ առանձնացնել մոտ 200 երիտասարդների և երկրի նախագահի հանդիպումը։ Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհվածների և սպաների մի խումբ երեխաներ երկրի նախագահի հետ շփվելու, նրա ոգևորիչ, գոտեպնդող խոսքը լսելու և նվերները ստանալու առիթ ունեցան։

Պետականամետ շեշտադրումներ կան մեր բոլոր միջոցառումներում։ Հայրենասիրությունը միակողմանի սեր է, քաղաքացու՝ պետության հանդեպ սերը ակնկալում է փոխադարձ սեր, և սա ավելի գործնական ու երաշխավորված փոխհարաբերություն է։

Օգտվելով առիթից՝ իմ Ամանորի մաղթանքն եմ հղում սահմանին կանգնած զինվորին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, գեներալներին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բանակի ամբողջ ղեկավարությանն ու անձնակազմին, ինչպես նաև հայ ժողովրդին, թող տարին լինի հաջող, բարեբեր, լի ձեռքբերումներով, աշխատանքով, հաջողություններով։ Երջանիկ Ամանոր։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաև Բանակի տոնը։ Թող իր անունը Արցախյան պատերազմում փառքով պսակած մեր Ազգային բանակը տոնի նորանոր հաղթանակներ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Բանակ և հասարակություն


17/01/2013