ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ
Փոխգնդապետ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ծնվել է 1958թ.: Մասնագիտությամբ ծրագրավորող է: 1993-2012թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, տեխն. գիտ. թեկնածու է, 31 գիտական աշխատության հեղինակ: «Տարօրինակ հայացք» վիպակը նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է: Վիպակում նկարագրված իրադարձությունների մի մասը փաստական հիմք չունի և հեղինակի երևակայության արգասիքն է:
Հետապնդելով խուճապահար աճապարանքով նահանջող պարսիկներին` Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը ներխուժեցին Հայաստան: Նրա առաջապահ ջոկատները Մեղրաձոր էին հասել:
«Արդեն շատ մոտ են Բերդին»,- տագնապով մտածեց իշխանը: Այդ ժամանակ ամրոցը պաշտպանելու պատրաստակամությամբ, չընդհատվող հոսքով գալիս էին մոտիկ գյուղերի բնակիչները, սակայն եղած ուժերն ու զինամթերքն ակնհայտորեն բավարար չէին: Հազար ու մի կարևոր, անհետաձգելի կարգադրություններ ուներ անելու իշխանը, սակայն վախն Արտավազդի կյանքի համար կաշկանդում էր նրա կամքը և իշխում բոլոր մտքերին ու զգացմունքներին: Ջղաձգորեն քննելով իրադրությունը` նա փնտրում, բայց չէր գտնում ելքը:
Ամբողջությամբ սպառազինված` պալատ մտավ որդին` հավատարիմ Թորգոմի ուղեկցությամբ, ում ծանր կրնկի տակ ամրոցի քարե հատակը ցնցվում էր, ու թվում էր` ուր որ է կամարները փուլ կգան: Թորգոմը ծեր, կոփված ռազմիկ էր, որ մանկուց նվիրվել էր իշխանին ու այժմ պաշտպանում ու հոգ էր տանում նրա որդու մասին: Բարեհոգի այս ծերունին նման էր ահեղորեն վեր խոյացող հսկայական ժայռաբեկորի, պատրաստ ցանկացած պահի զոհաբերելու իրեն հանուն Արտավազդի:
Ամրոցը պարուրած կիսախավարում թվում էր, թե որդու ճակատն անփութորեն գոտեւորող փաթաթանը դեռ թրջվում է արյունից: Իշխանի սիրտը ճմլվեց: Վերքը դժվարությամբ էր լավանում, և արյունը շարունակում էր լերդանալ ու բոսորագույն հետքեր թողնել սաղավարտի տակից անհնազանդորեն դուրս պրծած, կեղտից ու քրտինքից իրար կպած սև գանգուրներում:
Արտավազդի սևեռուն հայացքն իր վրա զգալիս կամ նրա ձայնը լսելիս` իշխանն ամեն անգամ ակամա անշարժանում էր: Նրան համակում էր մեղքի սուր ու խոր զգացումը, որն աննկատ փորձում էր վերաճել թշնամանքի, և որից ինքը համառորեն պաշտպանվում էր: Իշխանը վախենում էր ինքն իրեն խոստովանել, որ Արտավազդի ներկայությունը կեղեքում է իրեն: Այդպիսի պահերին նա անսահման, անասելի հոգնածություն էր զգում և միայն կամքի մեծ ուժով էր կարողանում խեղդել իր մեջ չարության` անզորությունից առաջացած պոռթկումները:
Վերջին ժամանակներս իշխանն սկսել էր Արտավազդի աչքերում «տարօրինակ հայացք» նկատել, ինչպես ինքն էր այն անվանում: Թվում էր, թե այդ հայացքն իր մեջ լուռ կշտամբանք է պարունակում, մարտահրավեր ու դատապարտում, որոնց իշխանը հազար ու մի պատճառ ու արդարացում կարող էր գտնել, և որոնք խռովում էին նրա հոգին: Որդու` արյունով լցված աչքերը հորն էին նայում կրակոտ, համառ ու սևեռուն հայացքով: Իշխանը սրտի ցավով նկատեց, որ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի դեմ Գավգամելի մերձակայքում տանուլ տված մարտից հետո Արտավազդը շատ է առնականացել, բայց շուրթերը դեռևս մանկականորեն սեղմվում են անհնազանդ ծալքով:
– Հա՛յր, պարսից փոխարքա Թարիփն է ժամանել: Նա արքայից արքա Դարեհից շտապ ուղերձ է բերել քեզ, – խիստ ու կտրուկ ասաց Արտավազդը: Պարզորոշ զգացվող պարսկական առոգանությունն ամեն անգամ ծակում էր իշխանի ականջն ու ցավով լցնում սիրտը:
Թեև իշխանը գիտեր ու հասկանում էր, որ մանուկ հասակում դեռ բոլորովին երեխա Արտավազդին իր կամքին հակառակ, հարկադրաբար են տարել Պարսկաստան և այնտեղ Դարեհ արքայի հրամանով Զրադաշտին ու պարսից պետականությանը նվիրվածության ոգով դաստիարակել, այնուամենայնիվ, կարծում էր, որ դա բավարար արդարացում չէ իր համար: «Ես այլ ելք չունեի», – խուլ, շուտասելուկի պես կրկնում էր նա ինքն իրեն: «Հայկին դու կարող էիր պահպանել», – անգթաբար հիշեցնում էր խիղճը: «Սակայն ի՜նչ գնով», – ջանում էր արդարանալ ինքը:
Իշխանը կտրուկ ընդհատեց չառողջացող խիղճը մշտապես վրդովող տանջալից ու անպտուղ մտորումները.
– Թող ներս գա, – զայրացած պատասխանեց նա` մռայլ ու հուզված հայացքը նետելով Արտավազդին: «Իմ տղան Փառանձեմի աչքերն ունի», – առկայծեց չարաճճի-փաղաքուշ միտքը և սրտում քնքուշ ու մղկտացնող հետք թողեց:
Արտավազդը կտրուկ շրջվեց և շարժվեց դեպի դուռը: Թորգոմը, ասպազենը դղրդացնելով, հետևեց նրան: Իշխանը մռայլորեն նայեց նրանց հետևից ու խոժոռվեց: «Ի վերջո հիմա ընտանեկան տեսարանների ու հարաբերություններ պարզելու ժամանակը չէ, – մտածեց նա` ծանրորեն հենվելով աթոռի արմնկակալին, որը խղճալի ճռճռաց: Հանկարծ անհասկանալի պոռթկումով, իր համար էլ անսպասելի` իշխանն արագ վեր կացավ տեղից.
Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Հոգևոր-մշակութային