Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ



Զորամասի անցագրային կետում կարելի է արդեն որոշակի պատկերացում կազմել տվյալ զորամասի կարգապահության, զինվորական գործի իմացության և այլ խնդիրների մասին։ Այնուհետև, մինչև հրամանատարին ներկայանալը, երբ արդեն քայլում ես զորամասի տարածքով, այդ պատկերացումներն է՛լ ավելի են ամբողջանում։ Շարքային Ռ.Ալավերդյանի ուղեկցությամբ մտնում ենք զորամասի տարածք և ներկայանում հրամանատարին։ Հրամանատարը երիտասարդ է, ձիգ կեցվածքով։ Տանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գեւորգ Մխեյանը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին: Զրույցից զգացվեց, որ չնայած երիտասարդ տարիքին, ունի հարուստ զինվորական կենսափորձ, հեռանկարային սպա է։

Նորանշանակ հրամանատարը վճռական է տրամադրված բարձր արդյունքների հասնելու հարցում։

-Արդեն ձևավորված է կարգախոս, որով առաջնորդվելու է բարեխիղճ, գրագետ սպաներով համալրված մեր կոլեկտիվը։ Միայն բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով օժտված անձնակազմերն են ի վիճակի մարտադաշտում ամբողջությամբ դրսևորելու իրենց մասնագիտական ունակությունները և կատարելու ռազմական առաջադրանքները,- ասում է հրամանատարը, ապա ավելացնում.

-Կիրակի օրերին զորամասում ցուցադրվում է պաշտպանության նախարարի ուղերձի տեսագրությունը, որից հետո զինվորների մասնակցությամբ քննարկում ենք այն` անդրադառնալով կարգապահության, միջանձնային փոխհարաբերությունների, ընկերասիրության, հայրենասիրության թեմաներին։

Շրջում ենք զորամասի տարածքով։ Վերջերս նորոգվել են զորամասի ճաշարանը, մարզավանը, լսարանները, բարեկարգվել է նաև զորամաս բերող ճանապարհի որոշակի հատվածը։

-Մեծ ուշադրություն ենք դարձնում զինծառայողների կենցաղային պայմաններին,- ասում է հրամանատարը,- եթե մի փոքր էլ ուշ գայիք, կատարված շատ աշխատանքների ականատես կլինեիք։ Ամեն հայ պետք է իր ուժերի ներածին չափով ծառայի իր ազգին, առավել ևս` զինվորականը։

Մինչ նոր ուսումնական փուլի մեկնարկը, հրամանատարը մարտական և մասնագիտական ուղղվածությամբ վերապատրաստման դասընթացներ է անցկացրել տեղակալների, ծառայության պետերի և վաշտերի հրամանատարների հետ, որոնք էլ իրենց հերթին պարապմունքներ են անցկացրել ցածր օղակների հրամանատարների հետ։ Թարմացվել և համալրվել է ստորաբաժանումների ուսումնանյութական բազան։ Կահավորվել են մասնագիտական դասարանները, ձեռք են բերվել նոր ցուցապաստառներ, մասնագիտական պլակատներ և դիդակտիկ նյութեր։ Սպայակազմի աջակցությամբ մշակվել և ավելի ամբողջական են դարձել կրտսեր օղակների հրամանատարների դասավանդման թեմատիկ պլաններն ու համառոտագրերը։

-Անցած ուսումնական տարվա արդյունքները ինձ չեն բավարարում։ Անկեղծ ասած, ես ընդունեցի հրամանատարությունը, երբ տարին արդեն մոտենում էր ավարտին։ Այս տարի վստահ եմ, որ կհասնենք լուրջ հաջողությունների,- ասաց նա։

♦♦♦

…Զորամասի շտաբի պետ, մայոր Համլետ Լևոնյանը ծնվել է Ավշար գյուղում։

– 2012-ի երկրորդ կիսամյակում զորամասում դեպքեր և պատահարներ չենք ունեցել, որը արդյունք է կոլեկտիվում փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կանոնադրությունների վրա հիմնված փոխհարաբերությունների։ Անձնակազմը ջանում է նպաստել զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին,- ասաց մայոր Հ. Լևոնյանը։

…Տանկային վաշտի հրամանատար, կապիտան Սևակ Կարապետյանին, հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Դավիթ Խաչատրյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լևոն Դալլաքյանին հանդիպեցինք զորանոցում, որտեղ նրանք դասընթացներ էին անցկացնում անձնակազմի հետ։

-Տեսական և գործնական պատրաստության ամենօրյա դասընթացների կազմակերպումն ու անցկացումը խիստ հսկողության տակ է։ Հաճախ է հրամանատարն անակնկալ մտնում այս կամ այն դասարան և ստուգում ոչ միայն զինվորների գիտելիքները, այլև դասը վարողի համառոտագրերը և պատրաստվածության աստիճանը։ Այդպես հեշտ է նկատել բացթողումներն ու անմիջապես շտկել դրանք,- ասաց վաշտի հրամանատարը։

-Իսկ գո՞հ եք ուսումնական զորամասից եկած կուրսանտներից, նրանց մասնագիտական պատրաստությունից։

-Այո՛, հիմնականում գոհ ենք։ Անցած ուսումնական տարում մարտական հրաձգությամբ վաշտային զորավարժության ժամանակ ստացել ենք «լավ» գնահատական։ Լավագույնների թվում ուզում եմ նշել տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանի, շարքայիններ՝ նշանառու օպերատոր Հարություն Խաչատրյանի, Շանթ Խոդերյանի, Ժորա Ալեքսանյանի, մեխանիկ-վարորդներ՝ Սերգեյ Զադոյանի, Գարուշ Կատվալյանի անունները։ Նրանք արժանի են գովեստի։

Սերգեյ Զադոյանն ավարտել է Մխիթար Գոշի անվան համալսարանը և զորակոչվել։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ, ընկերասիրությամբ և պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։

Հարություն Խաչատրյանը խրախուսվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Ժորա Ալեքսանյանը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է գյուղակադեմիա, այնտեղից էլ զորակոչվել է։ Դավիթ Խաչատրյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետը։ Վաշտի սպորտհրահանգիչն է։ Համաբանակային մրցույթում գրավել է երկրորդ տեղը։

-Զորամասում հեշտ է ծառայությունը, եթե տիրապետում ես մասնագիտությանդ։ Մեզ տրամադրված մարտական տեխնիկան գտնվում է լավ վիճակում, և մեզ մնում է այն լավ պահպանել և ճիշտ շահագործել։ Մեր տանկիստները փորձառու են և մարտունակ,- հրաժեշտ տալիս ասացին տղաները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ազգային բանակ


31/01/2013