ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՌՋԵՎԻՑ
Զրույց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻ հետ
-Պարոն գեներալ, մի զրույցի ժամանակ բառացիորեն ասացիք. «Ես Խնձորեսկ գյուղից եմ, և դրանով ամեն ինչ ասված է»։ Հիմա ես առիթ ունեմ հարցնելու՝ ինչո՞վ է առանձնահատուկ Գորիսի Խնձորեսկ գյուղը։
-Խնձորեսկն ունի փառահեղ անցյալ և ընդգծված ներկայություն՝ այսօր։ Սա այն յոթ գյուղերից մեկն է, որն ուներ 1700-ից ավելի ծուխ 20-րդ դարասկզբին, չորս եկեղեցի… Գյուղը սահմանամերձ է, բայց երբեք չի նվաճվել։ Մխիթար Սպարապետը մեր գյուղում է թաղված, թեև, ինչպես գիտեք, Խնձորեսկից չէ։ Մեր գյուղը եղել է ազգային պաշտպանության կենտրոններից մեկը 18-րդ դարում։ Վերջին բնակիչը Հին Խնձորեսկի ժայռափոր տնից հեռացավ նախորդ դարի 60-ականներին։ Երբեմնի եռահարկ ժայռափոր տները սոսկ բնակատեղի չէին, այլև ինքնապաշտպանական ամրոց… Յուրաքանչյուր խնձորեսկցի էությամբ սահմանապահ է, «չնվաճվածի» հոգեբանության կրող։ Մենք հողի տեր ժողովուրդ ենք, անհավատալի դիմացկուն, պինդ, աշխատասեր…
Հայրս առողջ չէր, ու որոշել էի թաքցնել նրանից, որ Աֆղանստան եմ գնալու։ Ինչ-որ կերպ իմացել էր։ Մտածում էի՝ կփորձի արգելել… Բայց… հարցրեց՝ կարո՞ղ ա վախում ես…
Խնձորեսկը փառահեղ մասնակցություն է ունեցել և՛ Հայրենական, և՛ Արցախյան պատերազմում… Խնձորեսկի օդը ներծծված է ոգով, խիզախությամբ, կամքով…
-Ձեր մասին ի՞նչ կպատմեք։ Ի՞նչ պատկեր է արթնանում մանկություն ասելիս։
-Ես արթնանում էի առավոտյան 5-ին, որ կովերը տանեմ հանդամաս, հետո դասի գնամ… Դպրոցից հետո նորից գնում էի անասունների հետևից։ Մենք մանկուց օգնել ենք մեր ծնողներին, աշխատել ենք, պարտականություն ենք ունեցել։ Ես ուշիմ, կարգապահ, պարտաճանաչ երեխա էի, սիրում էի կազմակերպել, նախաձեռնել։ Երբ փոքր էի՝ իմ ամենամեծ նախասիրությունը վտանգավոր բարձունքներ հաղթահարելն էր, մագլցելը ամենաբարդ ծառերի կատարները, ահռելի բարձրությամբ կամրջից կախված՝ անունս փորագրում էի անմատչելի քարերի վրա… Բնավորության այս գիծը դրսևորվեց նաև հետագա տարիներին։
Ես սիրում եմ լինել «սահմանագծին», ծայրահեղ իրավիճակներում, էպիկենտրոնում… Սիրում եմ նոր, անծանոթ, օտար իրավիճակներ։ Թերևս դա էր պատճառը, որ ես ընտրեցի զինվորականի մասնագիտությունը՝ բոլորովին օտար, անհայտ, դժվարություններով լի մի աշխարհ…
-Ի՞նչ տվեցին Ձեզ զինվորական բուհում սովորելու տարիները։
-Ես հասկացա, որ բոլոր դժվարությունները հաղթահարելու միակ ճիշտ ճանապարհը բացահայտ պայքարի ու արդարության ճանապարհն է։ Ես սովորեցի չվախենալ խնդիրներից, չշրջանցել դրանք… Ես սովորեցի չվախենալ պարտվելուց, որովհետև, յուրաքանչյուր պարտություն ժամանակավոր է, եթե դու արդար ես, մարդկային ու գթասիրտ… Տարբեր երկրներից եկած, տարբեր մտածելակերպի մարդկանց հետ շփվելիս ես բացահայտեցի անվիճարկելի ճշմարտություններ, որոնք դարձան ապրելու իմ հավատամքը։
-Մինչ Արցախյան պատերազմը Դուք պատերազմելու մեծ փորձ ունեիք՝ Աֆղանստանը… Ի՞նչ տվեց Ձեզ Աֆղանական կռիվը, բացի «Կարմիր Աստղ» շքանշանից…
-Լուրջ փորձառություն էր։ Ես զինվորական դարձա Աֆղանական պատերազմում։ Կյանքն ինձ հասկացրեց, թե ինչպես պետք է ձևավորել զինվորական կոլեկտիվի մարտական ոգին, և ինչ պետք է անել, որ զինվորդ և դու դառնաք զինակից… Հրամանատարը պետք է գնա առջևից, զինվորը պետք է տեսնի, որ հրամանատարը պատրաստ է իր վրա վերցնելու ամենավտանգավոր հարվածը։ Զինվորը պետք է ինքնավստահ լինի՝ որպես երաշխիք ունենալով իր բարձր արհեստավարժությունը։ Աֆղանական պատերազմում ես առաջին անգամ խորապես զգացի՝ ինչ ասել է պատասխանատվություն կրել զինվորիդ կյանքի համար։ Հետո այդ զգացողությունը ամբողջ կյանքում չլքեց ինձ։
-Խաղաղության ժամանակ լավ հրամանատարի չափանիշները ա՞յլ են։
-Գրեթե նույնն են։ Հրամանատարը պիտի առաջնորդ լինի իր գործունեությամբ ու վարքով։ Ոչ մի հրաման ու կնիք չի կարող մարդուն հրամանատար դարձնել, եթե նա չունի հրամանատարի հատկանիշներ ու բարոյականություն… բարձր արհեստավարժություն, մշտապես արդարացի լինելու կամք և անձնակազմի ներուժը ճիշտ գնահատելու և արդյունավետ օգտագործելու պատրաստակամություն, որոնք հրամանատարի ամենակարեւոր հատկանիշներն են:
-Այս մեկը իմ զրույցների ավանդական հարցերից է՝ ինչո՞ւ Արցախյան պատերազմում հաղթեցինք մենք, ոչ՝ ադրբեջանցիները։
-Որովհետև մենք մեր հողի համար էինք կռվում։ Արցախը երբեք ադրբեջանցունը չի եղել։ Հողի և մարդու կապը առեղծվածային է և կարող է հրաշք գործել։ Գաղտնիք չէ, որ մենք անհատականությունների ազգ ենք, ինչքան հայ՝ այնքան կարծիք։ Բայց վտանգի պահին մենք կարողանում ենք հաղթահարել այդ «ախտանիշը» ու նվիրվել մեկս մյուսին ու Հայրենիքի գաղափարին։
-Դուք բանակաշինության տարբեր ժամանակահատվածներում զինվորական կոմիսար եք աշխատել, նաև՝ հանրապետության զինվորական կոմիսար, ծառայել եք զորքերում՝ դասակի հրամանատարից հասնելով կորպուսի հրամանատարի պաշտոնին… Առիթ եք ունեցել շփվելու հասակ առնող սերնդի հետ։ Ի՞նչ փոփոխություն եք նկատում երիտասարդության կերպարում։
-Սերնդի դաստիարակությունը համակարգված չէ… Սերունդ կերտելու արտաքին ազդակները արդյունավետ չեն, երբեմն՝ նույնիսկ բացասական են։ Բայց զարմանալիորեն ամուր սերունդ է բարձրանում (երևի պիտի շնորհակալ լինենք գենի կենսունակությանը), հայրենիքը իր մեջ կրող սերունդ։ Մենք պարտավոր ենք ճիշտ օրինակ ցույց տալ այս սերնդին, նշել կատարելատիպեր, արժեքներ ու գաղափարներ։ 1994թ. 18 տարեկան 6 զինվորներ զոհվեցին նույն խրամատում։ Երկուսին խփեցին, մյուսները գնդակների տարափի տակ օգնության հասան իրենց ընկերներին, ու իրենք էլ խփվեցին։ Նրանք կարող էին չվտանգել իրենց կյանքը, ոչ ոք նրանց չէր մեղադրի, բայց նրանք գնացին սխրանքի… Վերջերս իմ ղեկավարած զորամիավորման գնդերից մեկը մասնակցեց զորավարժության… Վերջին մի քանի օրը զինվորները բառացիորեն խրամատներում են քնել, բայց ոչ մի միջադեպ չարձանագրվեց, ոչ մի զինվոր չհիվանդացավ։
-Ինչո՞ւ է կանոնադրային հարաբերությունների բարելավման ընթացքը դանդաղում։
-Այո՛, զորքերում բանակային կանոնադրությունն ու միմյանց հարգելու պակաս կա։ Անհանդուրժողականության, խնդիրները ուժի դիրքերից լուծելու հակվածություն… Կարող է ինքնարդարացում թվալ, բայց մարդու հոգեբանությունը փոխելը տևական ու բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված գործընթաց է։ Ե՛վ քաղաքացիական կյանքում, ՛և բանակում խանդավառության պակաս կա, թույլ է այն գիտակցումը, որ մենք բազմաթիվ կենսական խնդիրներ ենք ժառանգել անցյալից ու դեռևս չավարտված պատերազմ ունենք… Որ մենք, լինելով փոքր ազգ, պիտի ծայրագույն արդյունավետությամբ օգտագործենք մեր ամբողջ ներուժը և դիմակայենք բոլոր բացահայտ ու քողարկված մարտահրավերներին…
Մեր ներկան, ցավոք, համապատասխան չէ մեր անցյալին, մեր անցյալի շարունակությունը չէ։ Այդ հզոր մշակույթի հենքի վրա մենք պարտավոր էինք ավելի ներկայանալի լինել այսօր։ Մենք համաշխարհային մշակույթի կերտողներից մեկն ենք եղել, այսօր մեր դերակատարումը այնքան էլ շոշափելի չէ…
-Պատմեք Ձեր ընտանիքի մասին՝ Ձեր կնոջ, երեխաների… Գուցե ցանկանաք հիշել Ձեր սիրո և ամուսնության պատմությունը, և դրանից ջահելներն ինչ-որ դասեր քաղեն։
-Ես շատ ավանդապաշտ եմ. կինս, բնականաբար, խնձորեսկցի է։
-Ինչո՞ւ բնականաբար։
-Որովհետև կին ընտրելիս ես պիտի ճանաչեի նրա յոթը պորտը և անպայման պիտի ստանայի մորս հավանությունը։ Կնոջս ցեղի կանայք շատ պարկեշտ են, ընտանիքին, ամուսնու գերդաստանին նվիրված, լավ տնտեսուհիներ են, խոնարհ են, ադաթով։ Այս հանգամանքը էական դերակատարում ուներ կնոջս ընտրության հարցում։ Հիմա Դուք ասեք, ջահելները դասեր կքաղեն ի՞մ օրինակից…
-Որդի ունե՞ք…
-Այո՛, երկու դուստր ունեմ, մեկ որդի։ Կարենը դպրոցական է՝ 13 տարեկան։ Նման չէ ինձ։ Փորձում եմ ըմբռնումով մոտենալ։ Նա էությամբ խնձորեսկցի է, մերձ իր արմատներին, համառ, ինքնուրույն, ազնիվ… Բայց ժամանակն ու միջավայրը, այդուամենայնիվ, իրենցն արել են…
Ես ուզում էի, որ տղաս կրկներ իմ մանկությունը, լիներ ինձ պես աշխատասեր, նպատակասլաց, հասուն… Երբ հայրս վթարի ենթարկվեց և հաշմանդամ դարձավ, պարապ չնստեց, սկսեց մեղվապահությամբ զբաղվել։ Աշխատասիրությունն ինձ համար մարդուն բնութագրող առաջին և ամենակարևոր պայմանն է։
-Ձեր ծննդյան 50-ամյակի առթիվ հնչած բարեմաղթանքներից որի՞ն կտայիք առաջնությունը։ Ո՞ր ցանկությունը կցանկանայիք կատարված տեսնել առաջին հերթին։
-Ուզում եմ, որ մենք վերագտնենք մեր ազգային ինքնասիրությունը, արժանապատվությունն ու ինքնավստահությունը։
-«Հայ զինվորը» շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը։ Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում