ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
«PATRIOT PAC-3»
Պետությունը – ԱՄՆ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռավորությունը – 200կմ
Խոցման հեռահարությունը – 120-160կմ
Խոցման բարձրությունը – 30կմ
Հակազդեցության ժամանակը – 4-5 վ
Խոցվող նշանակետերի քանակը – 3-4 տասնյակ` խմբային աշխատանքի դեպքում
«Patriot PAC-3» ԶՀՀ-ը նախատեսված է խոշոր օբյեկտների, տարածաշրջանների, ռազմաօդային և ռազմածովային բազաների պաշտպանության համար: Ստեղծման աշխատանքները սկսվել են 1963թ.: 1981թ. այն գտնվում է սպառազինությունում և փոխարինեց «Նայկ Հերկուլես» և «Հոկ» ԶՀՀ-ներին: «Patriot» ԶՀՀ-ը հեղափոխական էր իր տեսակի մեջ: Աշխարհում առաջին բազմաալիք համալիրն էր, որ կարող էր նաև հրթիռներ խոցել: Առաջինն էր, որ աշխարհում կիրառվեց նույն խնդրի համար: Ստեղծվելով և հատկապես աշխարհում առաջին անգամ կիրառվելով` մեծ տարածում գտավ: Ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի և դաշնակից երկրների սպառազինության շարքերում: «PAC-3»-ը «Patriot»-ի վերջին կատարելագործումն է, որի հիմնական դերը բալիստիկ հրթիռների որսումն է, ինչն այսօր կարևորագույնն է համարվում նման զինատեսակների տեխնիկական բնութագրերում: Համալիրն ընդունակ է միաժամանակ հայտնաբերելու ավելի քան 100 թիրախներ, ուղեկցելու նրանցից 8-ին` յուրաքանչյուրի վրա արձակելով 3-ական հրթիռ: Զենիթային մարտկոցն իր մեջ ներառում է հրթիռ արձակող 4-8 կայանք` յուրաքանչյուրում ունենալով 4-ական «MIM-104» տեսակի հրթիռ կամ 16-ական «Erint» տեսակի հրթիռ: Ընդ որում՝ համալիրը կարող է երկու հրթիռներն էլ միաժամանակ կիրառել: Վերջին հրթիռով համալիրը կարող է ոչ մեծ հեռավորությունների վրա խոցել մինչև 6-8 կմ/վ արագությամբ թռչող հրթիռներ:
1991թ. Պարսից ծոցի պատերազմում «Patriot»-ի առաջին նմուշը մարտական պայմաններում կիրառվեց և աշխարհում առաջին անգամ խոցեց օպերատիվ-մարտավարական հրթիռներ:
«SAMP/T»
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը – 300 կմ
Խոցման հեռավորությունը – 120 կմ
Խոցման բարձրությունը – 30կմ
Հակազդեցության ժամանակը – 6-8 վ
Խոցվող նշանակետերի քանակը – 8
«SAMP/T» համալիրը նախատեսված է օդային զանգվածային հարձակումներից խոշոր տարածքների պաշտպանության համար: Այն ընդունակ է եղանակային բոլոր պայմաններում հայտնաբերելու և ոչնչացնելու օդային հարձակման գրեթե բոլոր միջոցները: Խմբաքանակային արտադրությունը պատկանում է «Եվրոսամ» ընկերությանը: Համալիրի առանձնահատկություններն են` ընդհանուր բաղկացուցիչ մասերի նվազեցումը, համակարգի սպասարկման համար մարտական հաշվարկի քանակի կրճատումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը: «SAMP/T» համալիրը յուրահատուկ է նրանով, որ համալիրի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս կարող է շատ կարճ ժամանակահատվածում կա՛մ փոխարինվել մեկ այլով, կա՛մ համագործակցել ուրիշ համալիրի հետ: Այն մոդուլային է և պատկանում է հակահրթիռային պաշտպանության «FSAF» ընտանիքին: Ունի նաև իր ռազմանավային տարբերակը` կառավարվող «Աստեր 15» և «Աստեր-30» տեսակի հրթիռներով: Համալիրը կարող է նշանակետեր խոցել մինչև 100 կմ հեռավորության վրա: Այն ստեղծված է մի քանի երկրների միացյալ ուժերով և գտնվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի սպառազինության շարքերում:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմական