Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻԲՐԵՎ ՎԻՐԱՎՈՐ ՍՐՏԻ ԱՐՁԱԳԱՆՔ



Երբ այս օրերին նշվում է հայոց բանակի հիմնադրման օրը՝ հունվարի 28-ը, ակամա հիշում եմ Տավուշ-Շամշադինի կամավոր զինվորագրյալներ՝ գնդապետ Վազգեն Ղավալյանին, Արցախի ազատագրական շարժման առաջնորդներից՝ մանկագիր, բանաստեղծ, երգահան ու երգիչ, «Հորովելի» հեղինակ Գուրգեն Գաբրիելյանին ու նաև 20 տարեկանում ադրբեջանցի բորենիներից հոշոտված գթության քույր Նաիրա Վազգենի Սահակյանին և մի շարք հերոսների…

Գուրգեն Գաբրիելյանի հետ նամակագրական կապ ունեի դեռեւս խորհրդային տարիներից, երբ նա, որպես Արցախյան շարժման գաղափարախոս, իր մի քանի գաղափարակիցների հետ բանտարկվել էր եւ անխնամ մնալու պատճառով հիվանդացել էր։ Ապաքինվելու ընթացքում Գուրգենը մի որոշ ժամանակ մնաց մեր տանը, եւ երբ մի օր միասին գնացինք Եռաբլուր՝ զոհվածների հիշատակին խունկ ծխելու, նա իր ծոցատետրում սկսեց ինչ-որ գրառումներ կատարել և հենց այդ գիշեր էլ մեր հերոս նահատակների հիշատակին նվիրված մի քանի բանաստեղծություն թղթին հանձնեց, որոնցից հատկապես մեկը տարիներ շարունակ պահում էի իմ թղթապանակում: Շուրջ 20 տարի առաջ գրված բանաստեղծությունը վկայությունն է անուրանալի մի իրողության, որ Նաիրա Սահակյանի արյամբ է նաև կերտվել մեր ժողովրդի հաղթանակը՝ ընդդեմ մեր դարավոր թշնամու։ Արդեն ծեր եմ, և չգիտեմ՝ ինչ բախտ ու ճակատագիր է բաժին հասել Նաիրայի երեխաներին, հարազատներին։ Արդյոք կարիք ունե՞ն խնամքի, արդյոք արժանանո՞ւմ են պետական հոգածության… Չգիտեմ:

Տարիներ հետո, երբ Գուրգեն Գաբրիելյանի հետ նորից այցելեցինք մեր նահատակ հերոսների շիրիմներին, ականատեսը եղանք մի արտառոց, սրտաճմլիկ տեսարանի: Նաիրայի գերեզմանին պատերազմական տարիներից մնացած մի զինվորական բուշլատ տեսանք, որը, զգացվում էր, խնամքով էր փռված։ Այդ պահին էր, որ մեզ մոտեցան երկու աղջիկներ. նրանք Նաիրայի զինակից ընկերուհիներն էին, և նրանք էլ հենց պատմեցին, թե ինչպես այդ բուշլատի վրա դուրս էին բերել իրենց քրոջ հոշոտված մարմինը կռվի դաշտից։ Եվ քանի որ նրա արյամբ էր ողողված ու այլևս պիտանի չէր ոչ մեկին, ուստի որոշել էին նրա շիրիմին էլ փռել։ «…Միշտ իր հագին էր …թող իր հետ էլ մնա»։

Աղջիկները պատմեցին նաեւ, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում Նաիրայի երկու երեխաներին, ծեր ծնողներին, որոնք մի կերպ խնամում-պահում են նրանց։ Մենք շատ տխրեցինք… Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան իբրեւ վիրավոր սրտի արձագանք, Գուրգեն Գաբրիելյանի՝ տարիներ առաջ Նաիրա Սահակյանի պայծառ հիշատակին նվիրված բանաստեղծությունը ներկայացնելու տպագրության:

ԲԱԼԱԲԵԿ ՄԵԼՅԱՆ
Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան

«ԵՌԱԲԼՈՒՐԻ» ԶԻՆՎՈՐ ԻՄ ՔՈՒՅՐ

Նաիրա, դու զինվոր իմ քույր,

Հրեշից հոշոտված իմ գառ,

Քո ոգին՝ Կարկառն իմ մաքուր,

Քո սիրտը՝ պղտորված մի Թարթառ…

Այլապես դու չէիր կռվի

Հանուն իմ Մռավ ու Թարթառի,

Այլապես դու չէիր մեռնի

Հանուն իմ հող ու բարբառի…

Այլապես ուսերդ գլուխ,

Գլուխդ աչքեր կունենար,

Այլապես բալեքդ երկու,

Ախ, չէին որբանա այսքան վաղ։

Եվ այն էլ, և այն էլ, տեր Աստված,

Այս ո՞նց ես գրել քո գիրն անմահ…

Որ ջահել ու ջիվան աղջիկն այս

Ծննդյան օրն իր մահանա…

Եվ նրա գերեզմանը ծածկի

Զինվորի բուշլատը այս արնոտ,

Որ խեղված մարմինը չմրսի

Ձմեռվա բքին սառնահոտ…

Նաիրա, բյուր եղբոր միակ քույր,

Նրանց սուրբ սրտերի միակ բերդ…

Սատարիր քույրությամբ քո մաքուր,

Թող էլի մաքառեն միշտ քեզ հետ։

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ճակատագրեր


21/02/2013