Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԿՐԱՏԸ



«Այս պատմությունը տատիկս է պատմել, տատիկիս էլ՝ իր Մարիամ տատը: Մարիամ տատը ծնվել եւ մեծացել է Սասնա չքնաղ լեռնաշխարհում, տոհմիկ, բազմանդամ մի ընտանիքում: Հարս է գնացել իր հայրական ընտանիքի նման մեծ ընտանիք: Մովսես ամուսնու հետ երազել է շատ զավակներ ունենալ: Ավաղ, առաջնեկը դեռ մեկ տարեկան էր, երբ արհավիրքը կտրեց Մարիամ տատի երազանքի թելը: Կոտորած, ավեր, ահասարսուռ տեսարաններ: Երկու բազմանդամ ընտանիքից հրաշքով ողջ մնացած Մարիամը, մեկ տարեկան որդուն կրծքին սեղմած, խելակորույս փախչում է` չիմանալով, թե ուր: Թափառական, հալածական գաղթականների խմբերը ցիրուցան են լինում աշխարհով մեկ: Մի որբ տղա գաղթի ճամփին սրտաճմլիկ լալիս է.

Որբ տղա եմ գաղթի ճամփան չգիտեմ,

Վախենում եմ սմբակների տակ ընկնեմ,

Դեռ փոքր եմ, ճամփեքին մոլորվել եմ,

Ինձ էլ տարեք` սմբակների տակ կընկնեմ…

Եվ ահա հեռվից դեպի գաղթականներն են սլանում մի խումբ ձիավորներ: Նրանց առաջնորդում է ճերմակ ձիավորը, ամբոխը քարանում է մի պահ, ապա լսվում են փրկության ճիչեր. «Սպիտակ ձիավոր, Անդրանիկ Զորավարը, Անդրանիկ Փաշան»: Զորավարը մոտենում է ժողովրդին, հուսադրում, հանգստացնում է նրանց: Հանկարծ նկատում է ոտաբոբիկ Մարիամին` երեխային կրծքին սեղմած, դողահար… Մոտենում է, գրկից առնում մանկանը, դնում ձիու գավակին ու հրամայում բոլորին հետեւելու իրեն: Գաղթականներին տեղ հասցնելուց հետո Զորավարը երեխային հանձնում է մորը: Խուրջինից հանում է մի մկրատ, տալիս է նրան եւ պատվիրում. «Երբ տեղ հասնես, այս մկրատը կդնես երեխայի բարձի տակ»:

Նրանք անվնաս տեղ են հասնում, հանգրվանում Թալինի լեռնային մի գյուղում: Մարիամ տատը սրբորեն կատարում է Զորավարի պատգամը՝ մկրատը միշտ տղայի բարձի տակ պահելով: Տղան մեծացավ, առնական տղամարդ դարձավ, յոթ արու զավակի հայր: Մարիամ տատը մկրատը հերթով դրեց բոլոր թոռների բարձի տակ՝ համոզված, որ Զորավարի մկրատն ու տված պատգամը մեծ խորհուրդ ունեն:

Երբ թոռները մեծացան, տատը մկրատը փաթաթեց սպիտակ մաքուր սրբիչով եւ տեղավորեց երկաթե սնդուկում: Ամեն անգամ բացում էր սնդուկը, սրբապատկերի նման շոյում էր մկրատը, զգուշորեն նայում շուրջը եւ մրմնջում. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր: Դու արեւի նման արդար ես, Զորավար»:

Տատիս` Նադյայի պատմածից հետո, քուն, թե արթուն, միշտ տեսնում եմ հրեղեն ձիավորին եւ ուզում եմ, շատ եմ ուզում նմանվել նրան: Սիրելի Զորավար, խոստանում եմ քո նվիրած մկրատի խորհրդին ու պատգամին արժանի լինել: Մի առիթով դու ասել ես` «գործս կիսատ մնաց»: Հավատա, Զորավար, քո գործը կիսատ չի մնա, քանի դեռ ես ու ինձ նման մանուկները կան, քանի դեռ հայը կա: Երազում եմ` ես էլ մի օր շրջեմ իմ պապերի երկրում, իսկ իմ տատիկը ոչ թե Մարիամ տատի պես գաղտնի մրմնջա, այլ հպարտ ու բարձրաձայն ի լուր աշխարհի բացականչի. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր»»:

…Փետրվարի 25-ին լրացավ մեծ Զորավար, հայոց ազատամարտի անվեհեր արծիվ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148- ամյակը, ինչի առիթով Զորավարի թանգարանի տնօրինությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցեց եւ առաջին մրցանակին արժանացավ թիվ 156 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Հարությունյանը: Նա գրի առավ սերնդեսերունդ փոխանցված եւ իրենց հասած մկրատի պատմությունը, որ Նադյա տատիկից է լսել:

Զորավար Անդրանիկի թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանը հայտնեց, որ 2011թ հոկտեմբերին մեծ Զորավարի անձնական մկրատը թանգարանին նվիրաբերեցին Սասնո Տալվորիկի իշխան Համզեի ծոռները. «Զորավար Անդրանիկի թանգարանի ցուցանմուշները խթանում են այցելուների հոսքը: Թանգարանում են պահվում Անդրանիկ Օզանյանի ծխամորճը, որը նվիրաբերել է ԱՄՆ-ի «Հայ մշակութային ընկերությունը», Բուլղարիայի նրա տնից բերված անձնական իրերը` փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ, թերթեր, գրքեր, շքանշաններ:

Թանգարանի հետաքրքիր և արժեքավոր իրերից են Անդրանիկի` Բալկանյան պատերազմով անցած թուրը, Առաջին կամավորական գնդի, որի հրամանատարն էր Անդրանիկը, շեփորը, Անդրանիկի` Բուլղարիայի տան մանրակերտը, ծննդավայր Շապին Գարահիսարի մանրակերտը, Մշո Առաքելոց վանքի մանրակերտն ու զանգը, Արա Շիրազի կերտած` Անդրանիկի քանդակը, Անդրանիկին Դսեղում նվիրած դաշույնը, Թումանյանի և Անդրանիկի` Թիֆլիսում 1917-18 թթ. հրատարակված «Հայաստան» օրաթերթի բոլոր համարները, թերթի խմբագրատան գրիչը, գրասենյակային իրերը և այլն:

Թանգարանը տարեկան 17-20 հազար այցելու է ունենում` դպրոցականներ, սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու Անդրանիկ Օզանյանով հետաքրքրվող այլ անձինք: Թանգարանը մարդաշատ էր նաեւ փետրվարի 25-ին…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013