Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՕԱԶԻՍԸ



Զորամասում եմ` զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ռաֆայել Համբարձումյանի, ճաշարանի պետ, ենթասպա Լուսինե Համբարձումյանի և ակումբի պետ, ենթասպա Ազնիվ Նիկալյանի նախաձեռնությամբ զորամասի կին զինծառայողներին «Հայ զինվոր» թերթի միջոցով կանանց միջազգային տոնի կապակցությամբ շնորհավորելու:

Սյունյաց աշխարհի զավակ, մեղրեցի ենթասպա Լուսինե Համբարձումյանը ճաշարանի խոհարարներ Ռոզա Պետրոսյանի և Օվսաննա Ավետիսյանի մասին խոսում է միայն գովեստով.

-Ռոզան 15 տարուց ավելի աշխատում է զորամասում։ Ամբողջ օրը զորամասում լինելով և համեղ ճաշեր եփելով իր «որդիների» համար՝ չի հասցնում կարոտն առնել իր միակ աղջկանից ու թոռներից։ Նա էլ իր անձնվեր աշխատանքի համար արժանացել է շնորհակալագրերի և պատվոգրերի։ Ռոզայից հետ չի մնում նաև մյուս խոհարարը՝ Օվսաննան։ Նա իր ծառայության 5 տարիների ընթացքում հասցրել է հարգվել աշխատակիցների և զինվորների կողմից և իր անձնվեր աշխատանքի համար արժանանալ շնորհակալագրերի ու պատվոգրերի։ Օվսաննայի երկու որդիները և դուստրը հպարտանում են իրենց մորով ու նրանից ստացած ճիշտ դաստիարակության համար։

Ենթասպա Լուսինե Համբարձումյանը արդեն 5 տարի է, ինչ ծառայում է հայոց բանակում։ Երևանի գյուղատնտեսական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո ծառայությանը զուգընթաց սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժնում։ Լուսինեն վայելում է հրամանատարության և զինվորների հարգանքը: Ծառայության ընթացքում անբասիր ծառայության համար խրախուսվել է շնորհակալագրերով, պատվոգրերով և արժանացել «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալի։

Ենթասպա Ազնիվ Նիկալյանը Ուրցաձորից է: Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկում ընդունվելով և հաջողությամբ ավարտելուց հետո Արցախյան պատերազմի մասնակից, ենթասպա Արթուր Նազարյանի հետ կազմում է ամուր ընտանիք և ունենում երեք դուստր։ Շուրջ 15 տարի ծառայելով հայոց բանակում, ենթասպա Ազնիվ Նիկալյանը անբասիր, անմնացորդ ծառայության համար բազմիցս խրախուսվել ու պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «Մարշալ Բաղրամյան» և «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

Ավագ ենթասպա Գալինա Սարկիսյանը Բաքվից է բռնագաղթել։ 1995 թվականից ծառայության է անցել այս զորամասում։ Գալինայի՝ որպես լավ հայուհու, հիանալի զինվորականի մասին ջերմորեն և սիրով են խոսում ենթասպաներ Լուսինեն ու Ազնիվը։ Նրանք նաև մեծ ցավով են նշում, որ Գալինան այս տարի պիտի զորացրվի հայոց բանակի շարքերից` անցնելով վաստակած հանգստի։

-Ավագ ենթասպա Գալինա Սարկիսյանը՝ մեր սիրելի Գալյան, զորամասում միշտ օրինակ է եղել իր անբասիր ծառայությամբ, ու մենք բոլորս ձգտում ենք նմանվել նրան մեր աշխատանքով ու վարվեցողությամբ,- հպարտությամբ ասում են Լուսինեն ու Ազնիվը։

Գալինան իր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, թանկարժեք նվերի, «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» և «Անբասիր ծառայության համար» մեդալների։

Ավագ լեյտենանտ Էրիկ Սաֆարյանը, ենթասպաներ Ազնիվ Նիկալյանը և Լուսինե Համբարձումյանը առանձնակի սիրով նշեցին նաև մյուս կանանց անունները, որոնք են՝ կապիտան Գայանե Խաչատրյան, ենթասպաներ՝ Արմինե Վարդանյան, Թեհմինե Վարդանյան, Հասմիկ Մկրտումյան, Մարինե Սողոմոնյան, Արփինե Գրիգորյան, Սեդա Գալստյան, աշխատակցուհիներ՝ Անահիտ Առաքելյան, Նինա Հարությունյան, Լյուդմիլա Բաղդասարյան, Անիկ Նավասարդյան։

Շնորհավոր ձեր տոնը, հայոց բանակում ծառայող սիրելի կանայք։

Հայո՛ց մայրեր ու քույրեր,

Հա՛յ բանակի արծիվներ,

Ձեզնո՛վ ենք մենք հպարտ,

Ձեզնո՛վ ենք մենք անպարտ։

Ձեզնով ենք կարոտն առնում

Մեր մայրերի, քույրերի,

Ձեզնով ենք ոգի առնում,

Պահում հողը հայրենի։

Մեր հա՛յ մայրեր, զինվո՛ր մայրեր,

Սե՛գ լեռների մեր արծիվներ,

Դուք մի՛շտ այդպես եղեք արի,

Դուք մի՛շտ այդպես եղեք բարի,

Օրերն այսպես խաղաղ մնան,

Ու դուք հավերժ մեզ հետ մնաք։

ԱՐԱՄ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ճակատագրեր


07/03/2013