19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
ՕՆԻԿ ՆԵՎՐՈՒԶ
ԽԱՆԻ ԵՎ ՕՆԻԿ ՆԵՎՐՈՒԶԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ԲԱՍԵՆԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ
1903 թ. սեպտեմբերին, երբ Սասունում դեռևս չէին ծավալվել մարտական գործողությունները, «Դրօշակ»-ը հայտնում է. ««Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետևակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբերի 17-ին (հ.տ.) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատվում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով…:
Երկիր մեկնող մարտական ուժերից այս անգամ թշնամու մեծաքանակ ուժերի պաշարման մեջ էին հայտնվել Խանի (Բարսեղ Թիրաքյան)«Կայծակ» հեծյալ ու Օնիկ Նևրուզի «Շանթ» հետևակ մարտախմբերը:
Մինչ այդ, սեպտեմբերի 10-ին տեղի է ունենում «Կայծակ» և «Շանթ» զինատար խմբերի ռազմական խորհուրդների միացյալ ժողովը, ուր վերջնականապես ճշգրտվում են Սասուն մեկնելու օրը և ուղիները: Մինչև Սասուն հասնելը նրանք պետք է անցնեին ավելի քան 250 կմ ճանապարհ: Սահմանամերձ շրջաններում մարտական ուժերի կենտրոնացումը չէր կարող աննկատ մնալ նաև թուրքերի տեսադաշտից: Նրանց, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների գործակալներն ու լրտեսները ամենուրեք էին: Բացի այդ ամենից, տվյալ ժամանակահատվածում հայ ազատագրական պայքարի և ազգային-քաղաքական կուսակցությունների նկատմամբ ռուս և թուրք իշխանությունների դրսևորած վերաբերմունքն ու գործողությունները կատարյալ ներդաշնակ էին և փոխհամաձայնեցված:
1903 թ. սեպտեմբերի 17-ին հեծյալ և հետևակ զինախմբերը առանց որևէ միջադեպի անցնում են սահմանը: Խանի հեծելախումբը անվտանգ հասնում է հայկական Գոմաձոր գյուղ, ուր մեկ օր դադար առնելուց հետո գիշերով դուրս է գալիս գյուղից և ուղևորվում Բոցիկի լեռները, ուր պիտի միանար Նևրուզի զինախմբին: Հեծելախմբին նկատում են ամենուրեք հայտնվող քրդերը և տեսնելով զինված ձիավորներին ու համոզվելով, որ զինյալները հայ ֆիդայիներ են, անհապաղ «Հաւար կը փրցնեն»:
Մոսիններով ու ձեռնառումբերով զինված քաջավարժ մարտիկների համար առանձնակի դժվարություն չէր ներկայացնում հաղթահարել քրդերի հարուցած արգելապատնեշն ու առաջ շարժվել: Խանի հեծյալները, չերկյուղելով հակառակորդի բազմաքանակությունից, առանց խուճապի հակագրոհ են ձեռնարկում: Հեծելախումբը հեռու տարածությունից արձակած հարվածներով ջախջախում ու փախուստի է մատնում քրդերին, որոնք լքելով մարտադաշտը, հեռանում են հայ-թուրք խառը բնակեցված Թոդիվերան գյուղը և այնտեղ տեղակայված թուրքական զորամասի հրամանատարությանը հայտնում Բոցիկ լեռան մոտակայքում հայտնված հայ ֆիդայիների մասին: Իսկ այդ նույն ժամանակ Նևրուզի զինախումբը Բասենի Թուրխոջա գյուղի մոտերքում դժվարին մարտի է բռնվել թուրքական կանոնավոր զորքի և քրդական աշիրեթների դեմ: Բոցիկի առաջին կռվից հետո Խանը տեղեկանալով այդ մասին, փոխում է շարժման ուղղությունը ու շտապում օգնության: Դժբախտաբար Խանի հեծյալներին չի հաջողվում օգնության հասնել Նևրուզի զինախմբին: Հեծելախումբը Թուրխոջայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոմաձոր գյուղի մոտակայքում հանդիպում է թուրքական զորքին և հարկադրված կռվի բռնվում: Թուրքական կանոնավոր զորքը, վաղօրոք տեղեկանալով հայ մարտական ուժերի հնարավոր ուղիների մասին, հասնում է Գոմաձոր և համապատասխան դիրքերում տեղադրելով թնդանոթները՝ սպասում է հայ մարտիկներին: Այն պահին, երբ հեծյալները մոտենում են Գոմաձորին, թուրք զինվորները թնդանոթներից կրակ են տեղում գյուղի ուղղությամբ ու իջնելով դիրքերից՝ փորձում պաշարել հայդուկներին: Ինչպես նախորդ՝ Խաստուրի, այնպես էլ այս՝ Գոմաձորի կռվի ժամանակ Խանը դարձյալ դրսևորում է մարտը վարելու իր վարպետությունը:
Խանի մարտավարությունը պսակվում է հաջողությամբ: Թուրք հրամանատարության համար անսպասելի էր հայ մարտիկների դրսևորած վարպետությունն ու անսովոր մարտավարությունը: Թուրք զինվորները խուճապի են մատնվում և դիմում փախուստի:
Համաձայն «Դրօշակ»-ի, հայդուկները թշնամուց խլում են 17 ձի, բազմաթիվ մաուզեր հրացաններ եւ զգալի քանակությամբ փամփուշտ: Գոմաձորի կռվում, համաձայն քրդերի պատմածների, հայդուկների հարվածներից սպանվել էին ավելի քան 200 քրդեր, 150 թուրք զինվորներ, մի հազարապետ և մի քանի հարյուրապետեր:
Խանի հեծելախումբը, ազատվելով շրջափակումից, պիտի օգնության հասներ ծանրագույն կացության մեջ հայտնված Նևրուզի զինախմբին, սակայն ճանապարհին տեղեկանում է, որ զինախումբը ջախջախվել է` բախվելով թուրքական զորքին և քրդական հրոսակախմբերին: Ստեղծված կացությունը միանշանակորեն մատնանշում է, որ Սասուն մեկնելն այլևս ոչ միայն անհնարին է, այլև կործանարար: Այդ պատճառով Խանը հարկադրված որոշում է վերադառնալ Կովկաս և հեծելախումբն առաջնորդում է դեպի ռուս-թուրքական սահմանը: Կովկաս վերադառնալու ճանապարհին հեծյալները Դալի Բաբայի կիրճում պաշարվում են քուրդ աշիրեթների կողմից: Հայդուկները մեծ ջանքեր են գործադրում՝ դուրս գալու պաշարման օղակից, բայց անհնար էր հաղթահարել հակառակորդի գերազանցող ուժերի արգելապատնեշները: Զոհվում են զինախմբի հրամանատարն ու օգնականը: Խմբի 13 անդամների հաջողվում է ճեղքել պաշարման օղակը, դուրս գալ կիրճից: Նրանք նոր դիրքեր են գրավում և կռվում են մինչև վերջին հնարավորությունը: Նույնպիսի ճակատագիր է վիճակվում նաև Նևրուզի առաջնորդած զինատար խմբին: Նոյեմբերի 18-ին, գիշերվա ժամը 3-ին, զինախումբը գետանցում է Արաքսը և ուղղություն վերցնում դեպի Բոցիկի լեռներ՝ հանդիպելու Խանի հեծելախմբին:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր