ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական արտադրանքի արտահանումը 2011 թվականի համեմատ 2012թ. աճել է 35,7 տոկոսով` կազմելով 1,2 մլրդ դոլար։ Արտահանվող արտադրանքը հիմնականում ուղղաթիռներ, ինքնաթիռներ և դրանց պահեստամասերն են՝ 287 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ տուրբոռեակտիվ շարժիչներ՝ 218 մլն դոլար արժողությամբ, տանկերի և մարտական զրահապատ մեքենաների պահեստամասեր՝ 106 մլն դոլար արժողությամբ։
2012թ. ընթացքում պաշտպանական նշանակության արտադրանքի առավելապես զգալի խմբաքանակ է արտահանվել ԱՄՆ՝ 409 մլն դոլար արժողությամբ։ Այդ երկիր են արտահանվել հիմնականում մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների պահեստամասեր։ ԱՄՆ-ից հետո թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքի առավելագույն արտահանումը բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ)՝ 101 մլն դոլար և Սաուդյան Արաբիային՝ 99 մլն դոլար արժողությամբ։
2012 թվականին պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման տասնհինգապատիկ աճ է գրանցվել Իրաքի համար։ Թուրքիայից այդ երկիր արտահանումը կազմել է 31 մլն դոլար՝ 2011 թվականի 2 մլն դոլարի դիմաց։
«ՏԵՐՄԻՆԱՏՈՐ»՝ ՏԱՆԿԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ
Գրոզնիի համար մղվող մարտերի ժամանակ (1994-96թթ. առաջին չեչենական պատերազմ) չեչեն գրոհայիններն ամբողջովին ջախջախել են Ռուսաստանի Դաշնության տանկերը։ Դիպուկահարների արձակած գնդակները ծակել են մարտական մեքենաների տանիքի բարակ զրահը։ Այն ժամանակ Ռուսաստանը դեռևս չէր օգտագործում հակահետևակային զրահը, իսկ БМП-2-ները չէին կարող հրանոթները բարձրացնել այնքան, որ հնարավոր լիներ պատասխան կրակ բացել։ Ուստի Ռուսաստանը սկսեց քաղաքային պայմաններում մարտական գործողությունների համար նախորոշված զրահապատ աջակցող մեքենայի՝ «Տերմինատորի» մշակումը։
Տանկերին աջակցող մարտական մեքենան (ՏԱՄՄ), որը ստացել է «Տերմինատոր» մականունը, առավելապես քաղաքային պայմաններում տանկերին աջակցելու համար նախորոշված ռուսական նոր զրահապատ մեքենա է։ Նրա հիմնական խնդիրն է ջախջախել թշնամու հետևակը։
ՏԱՄՄ-ն կարող է փոխել մարտական գործողությունների մարտավարությունը և էականորեն բարձրացնել տանկային զորամասերի արդյունավետությունը։ Այն ունիվերսալ հակահետևակային վերգետնյա միջոց է, որն ունակ է մշակելու մի քանի նշանակետեր։ Ակնկալվում է, որ ռուսական բանակը ՏԱՄՄ-ով կվերազինվի մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Երեք միավոր ՏԱՄՄ ուղարկվել է Ղազախստան:
Մեքենան պաշտպանված է պասիվ և դինամիկ զրահով։ Ակտիվ զրահն ունի զրահների թիթեղների միջև տեղավորված ոչ մեծ լիցքեր, որոնք դետոնացիայի են ենթարկվում զինամթերքով խոցվելիս։ Մեքենան ներսից պատված է կեվլարե շերտով, որը պայթյունի ժամանակ պաշտպանում է զրահը։
«Рамка 99» ՏԱՄՄ (տանկերին աջակցող մարտական մեքենան)՝ «Տերմինատորը», ապահովված է ԶՈԶ-ից պաշտպանիչ շերտով և հրդեհաշիջման ավտոմատ համակարգով։ Այսպիսով՝ ՏԱՄՄ-ի պաշտպանությունը համարժեք է հիմնական մարտական տանկի պաշտպանությանը։ «Տերմինատորն» ունի նոր աշտարակ, որի վրա տեղադրված են տարբեր զինատեսակներ։ Մեքենան սպառազինված է՝
-30 մմ-անոց երկու հրանոթներով,
-АГС-17Д կամ АГС-30 երկու հեռակառավարվող նռնականետներով,
-«Атака-Т» հակատանկային հրթիռային չորս համալիրներով,
-7,62 մմ-անոց զույգ գնդացիրներով։
30 մմ-անոց հրանոթներն ունեն կրկնակի փոխանցման համակարգ և կարող են օգտագործել զինամթերքի լայն տեսականի` ներառյալ զրահահար-լուսածիրային, բեկորալուսածիրային, բեկորաֆուգասային և հեռահար ենթատրամաչափային արկերը։
ՏԱՄՄ-ի կրակի կառավարման համակարգչային համակարգը ստեղծվել է S-90 հիմնական մարտական տանկի ստուգված բաղադրիչների հիման վրա։ Այն հնարավորություն է ընձեռում խոցելու նշանակետերը՝ ցերեկային ու գիշերային պայմաններում։
ՏԱՄՄ-ն աշխատում է S-90 հիմնական տանկի շասսիի վրա, ունի բազմավառելիք B-92C2 դիզելային շարժիչ, որը զարգացնում է 1000 ձիաուժ հզորություն։ Հետագայում ՏԱՄՄ-ը կարող է ունենալ B-99 դիզելային շարժիչ, որն ունակ է զարգացնելու 1200 ձիաուժ հզորություն։
Բացի այդ, «Տերմինատորն» ունի օժանդակ ուժային կայանք, որն ապահովում է բոլոր համակարգերի աշխատանքը, երբ հիմնական շարժիչն անջատված է։
ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿԸ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎՈՎ
2012 թվականին ԱՄՆ-ի բանակում արձանագրվել է զինծառայողների ինքնասպանությունների ռեկորդային աճ։ Ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 349 մարդ, այսինքն՝ գրեթե մեկական զինծառայող՝ օրական, հաղորդում է AP գործակալությունը, հիմնվելով Պենտագոնի տվյալների վրա։ Նույնիսկ Աֆղանստանում ընթացող մարտական գործողություններում անցյալ տարի զոհվել է 295-ից ավելի քիչ զինվոր։
2011 թվականին ինքնասպանության փորձ է կատարել 301 զինծառայող, այսինքն՝ 15 տոկոսով պակաս, քան անցյալ տարի։ Փորձագետները նշում են, որ 2013թ. ԱՄՆ-ի բանակում ինքնասպանությունների աճի միտումը ոչ միայն կպահպանվի, այլև կբարձրանա։ 2012թ. ինքնասպանության փորձ կատարողների ընդհանուր թվի 182 դեպքերը բաժին են ընկնում ցամաքային զորքերին, ևս 60 ինքնասպանության դեպք է գրանցվել ՌՕՈՒ-ի ներկայացուցիչների շրջանում, 59 դեպք՝ ՌՕՈՒ-ի և 48 դեպք՝ ծովային հետևակի անձնակազմերում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտին իրավիճակը համեմատել է «համաճարակի» հետ։
Փորձագետների կարծիքով, զինվորականներին հուսահատ քայլի են դրդում ընկճվածությունը (դեպրեսիան), սթրեսը, իրավաբանական ու դրամական այն խնդիրները, որոնք պայմանավորված են թեժ կետերում վերջիններիս ծանր զինծառայությամբ, ինչպես նաեւ պետբյուջեի պակասուրդը նվազեցնելու նպատակով զինված ուժերի թվաքանակը կրճատելու՝ Սպիտակ տան հայտարարությամբ։
Համեմատության համար նշենք, որ 2011թ. ինը ամիսների ընթացքում Ռուսաստանում ինքնասպանության հետևանքով մահացել է 119 զինծառայող։ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ինքնասպանություն գործած զինծառայողների մասին տվյալներ չի հրապարակում։
2010թ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում տեղեկություններ է հրապարակել նախորդ տարվա համեմատ անցկացված կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք 13 տոկոսով կրճատել են ՌԴ ԶՈՒ տեղի ունեցող ինքնասպանության դեպքերը»։
2011թ. հոկտեմբերի կեսերին գլխավոր զինվորական դատախազության վարչության պետի տեղակալ Բորիս Խուբիևը լրագրողներին հայտնեց, որ տարեսկզբին Ռուսաստանում արձանագրվել է ռուսական բանակի սպաների և զինվորների ինքնասպանության փորձի (սուիցիդի) 119 դեպք։ Ընդ որում՝ նշեց նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայողների ինքնասպանության դեպքերն ավելացել են 30 մարդով։
Գլխավոր զինդատախազության տվյալներով, ինքնասպանության դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում զորակոչիկներին։ Օրինակ՝ ըստ Խուբիևի, 2011 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրվել է 51 նման դեպք։ Պայմանագրայինների համար այդ թիվը կազմում է 29 մարդ։ 14 դեպքերում ինքնասպանություն են գործել սպաները, իսկ 25-ում՝ ենթասպաները։
«ՌԴ բանակում 2008 թվականին ինքնասպանություն է գործել 231 մարդ, ինչը ՌԴ ԶՈՒ 12 ամիսների ընթացքում ունեցած ոչ մարտական կորուստների գրեթե կեսն է»,- հաղորդում է «Свобода» ռադիոկայանը։
Թարգմանեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Ռազմական