«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻԱԿՆ Է…»
Վահե Բաղդասարյանը ծնվել է 1972թ., Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում։ Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Թողնելով ամեն ինչ՝ միացավ նոր կազմավորվող մարտական խմբերից մեկին։ Հետախույզ-գրոհային էր։
-Պատերազմի ընթացքում մի քանի օրով գալիս էր Երևան, հանձնում քննությունները։ Պայմանավորվել էինք՝ հերթով պիտի Արցախ գնայինք, բայց այնպես ստացվեց, որ Շահումյանի ռազմաճակատում հանդիպեցինք։ Մեղավոր-անմեղ պարզում էինք, թե մեզնից ով է պայմանը խախտել, ով պիտի տանը մնար,- հիշում է եղբայրը՝ Հայկը։
Նրանք տարբեր ռազմաճակատներում էին կռվում։ Վահեն 1992 թվականին Խաբխազի անձնագրով Թբիլիսի-Բաքու գնացքով հայտնվում է Բաքվում։ Շրջում է քաղաքում։ Ծոցագրպանում անձնագիրն էր պահում, իսկ գրպանում՝ նռնակը։ Նույն թվականի հոկտեմբերին, Շահումյանի անկումից հետո միացավ Շահեն Մեղրյանի քաջարի ազատամարտիկներին ու դարձավ խիզախ արծվախմբի զինվորն ու բժիշկը։ Անկոտրում են հայի նվիրումն ու կամքը։ Լաչինում գերի ընկած վիրավոր թշնամուն ցավազրկող է ներարկում. բժիշկ էր, այլ կերպ չէր կարող։ Նրա հիմնած դաշտային հոսպիտալը վիրավորի հույսն էր։
-Շարունակվում էր Մարտակերտի հյուսիսային գյուղերի ավերումը։ Թշնամու ամուր պաշտպանական գոտին հնարավոր էր ճեղքել միայն հեռահար հրանոթների միջոցով։ Մեր անելիքն էինք քննարկում, երբ հետախուզությունից վերադարձան Վահեն ու Կամոն։ Ամենքին պարզ դարձավ, որ ռազմաճակատում առաջխաղացում չկար։ Հրետանային սպասարկու ուժերը ուշանում էին, և որոշվեց կատարել անհնարինը։ Մութուլույսին ճամփա ելանք։ Դաստագիրի ուղղությամբ, անտառի միջով, անհաշիվ վերելքներով ու վայրէջքներով կտրելով 18 կմ՝ հասանք Մատաղիսի ռազմագիծ,- պատմում է Հայկը։ -Ռազմագծում անսովոր խաղաղություն էր։ Արդեն իսկ պաշարված ադրբեջանցիների մտքով իսկ չէր անցնի, որ հարձակում է լինելու։ Կարճ դադարից հետո Նովիկի, Գուրիկի ու Սաշայի խմբերը առաջ անցան։ Վահեն, Կամոն ու ես առաջին բլինդաժում դաժան ձեռնամարտի բռնվեցինք, մտանք երկրորդ բլինդաժ։ Չդիմանալով մեր գրոհին՝ ադրբեջանցիները խելակորույս փախչում էին։ Վահեն բարձունքն էր շտապում, երբ հանկարծ մի պահ վայելչագեղ հասակով մեկ արձանացավ։ Ճակատագրով նախատեսված կրակազարկը կայացել էր… 1993 թվականի հունիսի 13-ն էր՝ Շահումյանի անկման տարելիցը։
Ցավատանջ լռությունն է Հայկի ընկերը։ Վահե եղբորը չկարողացավ օգնել։ Կռիվ էր… ինքն էլ կռվի մեջ՝ արյուն էր հոսում, և բժիշկ եղբորը ոչնչով չէր կարողանում օգնել։
Մռավի թավուտ անտառներում կեչիները խորը ցավից կուչ են եկել։ Եվ այնտեղ ապրող բազում ասքերի կողքին ապրում է ազատամարտիկ Վահեի լեգենդը։ Հազվագյուտ խառնվածքով հայ, որ վրիժառուի բոց աչքեր ուներ ու պարտիզանի անվրեպ հայացք։ Ընկերների սիրելին էր, երբեմն անսահման լրջանում էր, երբեմն էլ՝ կատակին ու հումորին տրվում…
«Չիկ» աղբյուրի վրա Վահեն պիտի հիվանդանոց հիմներ։ Եղբոր հետ պիտի հարսնատեսի գնային ու երջանկացնեին Սվետլանա մորը։ Նա հաճախ էր կրկնում, որ հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու։
ԻՐԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի