Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԻ ԴՐԱԽՏ ԵՐԿԻՐ ԱՐՑԱԽ



ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ


Ար Արարիչն
Ամենազոր
Արևգալի ծնծղաներով,
Մարտ ու ռազմի
թմբուկների
գոռ բամբյունով,
ոգեկոչման
ղողանջներով
ի լուր բազմաց
և բյուր բազմաց
ընծա բերեց
Հայք Աշխարհին
Արի-դրախտ
Երկիրն Արցախ:

Դրախտի մեջ
Դրախտ էր մի`
Երկնակարկառ
ու երկնամերձ
վեհ լեռներով,
զմրուխտազգեստ
անտառներով
ու բարեբեր
անդաստանով,
Երկրին փարված
Անուշահամ
ու պաղպաջուն
խենթ գետերով
և Երկնքով`
բիլ ու լաջվարդ:

Երկիրը այս`
Արի-դրախտ,
բնակեցրեց
Արի անխոնջ
ու քաջազուն
զավակներով,
օժտեց նրանց
Ոգով արի,
Հոգով կայտառ,
Մտքով աննինջ
և ձեռքերով
աշխարհաշեն:
Եվ ապրեցին
Աստծո պարգև
Արի-դրախտում
Արիածին,
Արիազարմ
որդիքն Հայկա
ու շենացրին
Երկիրն ընծա
այգիներով,
անդաստանով
և հոգևոր
տաճարներով:
Ապրում էին
ու վայելում
Աստծո պարգև
կյանքը խաղաղ:

Բայց վայրենի
ցեղերը բիրտ`
զուրկ Արարչի`
Ոգու, Հոգու
լույս թռիչքից,
արարելու
և ստեղծելու
Արարչական
մեծ պարգևից:
Նախանձեցին
Արի-դրախտ
Հայոց Երկրի
ազնվազարմ
զավակներին`
նրանց արդար աշխատանքին,
Ոգու-Հոգու լուսաթռիչ
թևածումին,
աշխարհակերտ բազուկներին
և Արարչից պարգև ստացած
մարդկային վեհ և բանական
գաղափարին,
որից զուրկ են
ցեղերը բիրտ ու բարբարոս:
Ցեղերն անկիրթ դար ու դարեր
հարձակվել են
Արի-դրախտ երկրի վրա,
որ տեր դառնան
այդ երկրային մեծ պարտեզին
Եվ բարբարոս
ու դժնդակ կռիվներով
խռովել են
Արի-դրախտի
քաջ զարմերի
Արարչական կյանքը խաղաղ:
Իսկ թե հանկարծ
Բարբարոսին հաջողվել է
մի գյուղ, մի շեն երկրից զավթել
և քոչվորի վրաններից
տեղափոխվել ու բնակվել
տան մեջ հայի,
նվաստ ու ծույլ
բարբարոսին թվացել է,
թե կարող է ինքն էլ այդպես
ապրել երկար
Աստծո պարգև այդ տիրույթում,
որ կոչվում է Սեր ու Վաստակ:
Բայց վկա են Տերն Արարիչ
և պատմության էջերն հայի,
որ երբ հողին մեր սրբազան
բարբարոսի ձեռքն է դիպչում,
անապատ է իսկույն դառնում:
Արի-Դրախտի զարմերը քաջ
պատմության դասն լավ են սերտել
և բարբարոս, բիրտ ցեղերին
դուրս են վանել իրենց դրախտից:
Բայց թշնամիք բազում էին`
մեկը` զենքով իր մահաբեր,
մյուսը` խոսքով` կեղծ ու պատիր:
Հեշտ էր զենքին զենքով հաղթել
քանզի հայը
բարբարոսի սուր թրերին
թուր էր պարզում`
Ոգով կնքված:
Հայի համար Արիածին
միշտ դժվար էր ճեղքել, քանդել
Ոգու, Մտքի ճանփան փակող
քաղցր ու մեղուշ, կեղծ բառերի
պարիսպը մութ:
Հայը` շիտակ ու անխարդախ,
իսկ թշնամին` միշտ դավադիր.
քաղցր խոսքով խոստումներով
զենքը մի օր ձեռքից խլեց:
Ու թուլացավ զգոնությունը
Արի-դրախտի քաջ զարմերի:
Զգոնությունը, բայց ոչ երբեք
Ոգին հայի:
Հայը երբ որ զենք է տեսնում,
որ սպառնում է
իր զավակին, իր օջախին,
Առյուծի պես ծառս է լինում,
ու վա՛յ նրան,
ով դեմ կանգնի այդ Առյուծին:
Նենգ շնամյաց խոսքից խաբված,
Արի-դրախտի զարմերը քաջ`
զարմանալի համառությամբ
Հող-հայրենուն սիրով փարած,
զարմանալի համառությամբ
բռունցքվեցին,
թոթափեցին թմբիր, պատրանք,
և ոգեշունչ արքաների
կոչով զինված`
ելան մարտի` հանուն հողի
Արի-դրախտի:
Ազատեցին տունն հայրենի,
բայց ոչ լրիվ,
քանզի կրկին ախոյանը`
բիրտ ու պատիր,
երբ պարտվեց,
դարձյալ դիմեց իր հին զենքին`
խուճափահար ու սարսափած`
տեղը նեղ էր`
…լեզուն մեղր նա դարձրեց…
և աղաչեց`
դադարեցնել կռիվն արնոտ:
Հայը Արի
իրավ է, որ զենք չի սիրում,
բայց երբ պետք է,
նա կարող է զենքը պաշտպան
դարձնել Աստված,
պատուհասել ոսոխներին…
Բայց միամիտ, դյուրահավատ
զարմերն Հայի
այս անգամ էլ հավատացին
սին զղջումին ախոյանի
և գրեցին …Զինադադար…,
որ չզոհվեն կին ու մանուկ
և՛ թշնամյաց…
Զինադադար, բայց հաղթանակ:
Ու հաղթեցին զարմերն Արի:
Հաղթանակն այս` զենքով կռած,
հայոց անպարտ արքաների
Ոգով կնքված,
լինելու է հար-հարատև
և դեռ բազում հովիտները
մեր հայրենյաց
հետ կբերենք
և սահմաններն Արի-դրախտի`
մեր Արցախի,
եռաթևի խենթ սլացքով
գծելու ենք մենք ազգովի:
Հաղթանակն այս մեզ պարգևեց
Ռազմի Աստված Վահագնը մեծ,
և դեռ բազում հաղթանակներ
պիտի տոնենք,
մինչև հասնենք Կարին ու Մուշ,
Վան ու Սասուն,
մինչև Մասիս ու Մարաթուկ:
Մինչև Երկիրը Մեծ Հայքի
Թևերը բաց ճախրի անպարտ:

Հատետի
Մարի Բարսեղյան-Խանջյան

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Հոգևոր-մշակութային


21/03/2013