Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Արտավազդը գլխից վեր պահեց գավաթն ու արժանապատվությամբ արտասանեց.

– Մեր ուժը գիտության մեջ է, և մենք հույներից կստանանք այն, ինչ մեզ պետք է, բայց միևնույն ժամանակ կպահպանենք մեր հավատն ու մեր լեզուն:

Պարմենիոնը եղբորից ավելի բարձրահասակ ու թիկնեղ էր, բայց Արտավազդի մեջ զարմանքով ավելի շատ կամք ու անսահման ուժ զգաց:

– Հայր, ես իրավունք չունեմ ժառանգելու քո գահը, բայց թույլ տուր, որ ժամանակի ընթացքում այն քո թոռանն անցնի, – արտասանեց Արտավազդը և գավաթը մեկնեց Սլովենային:

Սլովենան շփոթված ու հուզված խոնարհեց գլուխը, բայց հետո Արտավազդի հաստատուն ու պահանջկոտ հայացքի ազդեցությամբ դանդաղ շուրթերին մոտեցրեց գավաթը: Պալատում հանդիսավոր լռություն տիրեց: Հանկարծ Պարմենիոնը նկատեց, թե ինչպես Ալեքսանդրիը գունատվեց, և սարսափելի կռահումը առկայծեց գիտակցության մեջ: Տենդագին հուզմունքով նա մերկացրեց սուրը և ուժգին հարվածով փշուր-փշուր արեց գավաթը: Սլովենան ճչալով վեր թռավ: Նրա դեմքն ու հագուստն ամբողջությամբ գինոտվել էին, ասես արյուն էր թափվել վրան: Գավաթի կտորը խորությամբ կտրել էր Սլովենայի ձեռքը, և այն արյունահոսում էր: Այդ պահին Արտավազդը հանեց իր սուրն ու մի քանի կատաղած ու անկանոն հարված ուղղեց Պարմենիոնին, որոնք վերջինս դյուրությամբ հետ մղեց: Իշխանը նետվեց որդիների արանքը և կանգնեցրեց մոլեգնած Արտավազդին: Այնուհետև շրջվեց Պարմենիոնի կողմը և զայրույթով բացականչեց.

– Հեռացիր, Հայկ, և մոռացիր, որ տուն ունես:

Պարմենիոնը մի պահ կանգ առավ` ջանալով արդարացման բառեր գտնել, բայց Ալեքսանդրն անմիջապես նշան արեց, որ նա լռի:

Հանկարծ իշխանն օրորվեց, բռնեց սիրտն ու ընկավ: Արտավազդը մի կողմ նետեց թուրն ու նետվեց հոր կողմը: Բարձր աղաղակելով` նրան հետևեցին Փառանձեմն ու Սլովենան: Թորգոմը դղրդյունով, փլուզվող ժայռի նման, ծնկի իջավ իշխանի առաջ` արձակելով խուլ, հազիվ զսպվող հեկեկոցներ:

– Գնում ենք, – արագ ասաց Ալեքսանդրը: Օգտվելով ստեղծված խառնաշփոթից` նա արագաքայլ մոտեցավ տակառիկին ու ոտքի հարվածով շրջեց այն: Այնուհետև բռնեց Պարմենիոնի ձեռքից ու արագ դուրս տարավ պալատից:

Դարեհը չարախնդորեն նայեց նրանց հետևից ու դարձավ տագնապած Արտավազդին.

– Քո փոխարեն ես չէի թողնի, որ նրանք հենց այդպես հեռանան:

Արտավազդը ոստյունով ոտքի ելավ և կասկածանքով նայեց արքայից արքային:

– Թող հեռանան: Թեև` թերևս արժե նրան մի երկու բառ ասել հրաժեշտից առաջ:

Եվ Արտավազդը դուրս վազեց պալատից:

– Ի դեպ` նրանք հեռու չեն էլ գնա, – չարամտորեն ժպտալով շարունակեց Դարեհը` նայելով Արտավազդի հետևից: – Գելանի լեռնանցքի մոտ նրանց դարանակալում է սպասվում: «Անմահների» ջոկատը հենց իր` Հոմենի գլխավորությամբ վերջապես հետ կշրջի ճակատագրի անիվը:

Հանկարծ Սլովենան վեր թռավ տեղից ու քարացավ: Պալատի օդը լցված էր թափված գինու հոտով: Նա հոտ քաշեց իր զգեստի` գինոտված թևքից ու սարսափով զգաց թույնի զզվելի հոտը: Արագ ու վճռական շարժումով գրպանից հանեց ինչ-որ թուրմով լցված սրվակ, հանեց խցանը, սեղմեց կրծքին ու սկսեց անհասկանալի լեզվով ինչ-որ հրամայական խոսքեր շշնջալ:

Փառանձեմը շրջվեց ու դանդաղ մոտեցավ Դարեհին: Արքայից արքան զարմանքով տարօրինակ ժպիտ տեսավ նրա դեմքին և վայրի ու սահմռկելի վախ զգաց: Սարսափած` նա հետ – հետ գնաց և սեղմած ատամների արանքից գոռաց.

– Կանգ առ, վհուկ:

– Աչքերիս մեջ նայիր, պարսի’կ, չէ՞ որ դու նորից եկել ես, որ քանդես տունս, – ոտքերի տակ տերևները խշխշացնելով սպառնագին մոտեցող էգ վագրի մռնչոցի պես հնչեց Փառանձեմի ցածր ու տիրական ձայնը: Արքայից արքան հնազանդորեն նայեց նրան և զգաց, թե ինչպես Փառանձեմի ծակող հայացքը դաշույնի պես մխրճվեց իր գիտակցության մեջ ու շղթայեց կամքը:

– Յուրաքանչյուր հայուհու համար իր օջախն անսահման սիրո աղբյուր է, որը դուք ավերում եք և որը նա սերնդեսերունդ, մորից դուստր, տառապանքներ ու տանջանքներ հաղթահարելով, կրկին ու կրկին վերածնում, վերականգնում է ավերակներից ու մոխիրներից: Դուք անտուն գայլերի պես ոռնալով թափառում եք երկրով մեկ, ողողում եք այն արյամբ, և չեք կարողանում հանգիստ գտնել այս կյանքում, որովհետև սառը քամին ամայացրել ու քարացրել է ձեր հոգիները: Ձեզ տրված չէ ճանաչել այն անսահման, անպարագիծ սերը, որ միայն ազատ ու երջանիկ կինը կարող է պարգևել: Նա միայն իր ջերմությամբ ու քնքշությամբ կարող է տաքացնել ձեր հոգիները, հալեցնել ցուրտ սառույցը և ազատել ուրիշի արյունը հեղելու տանջալից ծարավից:

Կամքի հսկայական լարումով Դարեհը մի կերպ կարողացավ ազատվել իրեն կաշկանդած շղթաներից: Արագ, շտապ քայլքով, դժվարությամբ շարժելով վերջույթները` արքայից արքան նահանջեց դեպի դուռը: Սակայն Փառանձեմի չքնաղ աչքերն ստիպեցին նրան նորից կանգ առնել պալատի ելքի մոտ:

Շարունակելի

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Հոգևոր-մշակութային


28/03/2013