Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ԴԱՐՁԱԾ ԵՐԱԺԻՇՏԸ



Ներկան ծնում է հերոսներ, որոնք օրինակ են դառնում սերունդների համար։ Այդպիսի մարդ էր Էրիկ Աբրահամյանը։

Էրիկը ծնել է 1961թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂՀ-ի Հադրութ ավանում։ Մանկության տարիներին կապված էր ծնողների ծննդավայր Տումի գյուղին։ Էրիկի մայրը՝ տիկին Մարգոն, հիշում է.

-Նա շատ էր սիրում փայտից զենքեր պատրաստել եւ ընկերների հետ խաղալ դրանցով։

Էրիկը դեռ վաղուց շփվում էր ռուսական սահմանապահ զորքի զինվորների հետ, շփմանը նպաստում էր այն, որ հոսպիտալը տեղակայված էր տան հարեւանությամբ։

Եղբոր՝ Էմիլի մեջ տպավորվել են այդ օրերը.

-Էրիկը սիրում էր զինվորների հետ կիթառ նվագել, ռազմաշունչ երգեր երգել, մեկ-մեկ էլ զինվորների համար թաքուն խմիչք, ծխախոտ էր տանում։

Էրիկ Աբրահամյանը մեծանում էր այնպիսի միջավայրում, որտեղ սերմանվում էր հայրենապաշտության գաղափարը։ Իր ամբողջ էությամբ նա երգիչ էր, երաժիշտ, ուստի, ավարտելով դպրոցը, ընտրության առաջ չկանգնեց, ինքն իր համար վաղուց էր որոշել՝ մասնագետ դառնալ երաժշտության ասպարեզում. նախ ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Բաքվի կոնսերվատորիան։ Ինչպես նշում է Էմիլ Աբրահամյանը, Էրիկն ուներ գիտելիքների զգալի պաշար, եւ այն, ինչ տալիս էին Բաքվի կոնսերվատորիայում, նրան չէր բավարարում, ուստի 1987թ. տեղափոխվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին։ Եղբայրը ասում է.

-էրիկը հիանում էր իր դասախոսներով, նրանց պրոֆեսիոնալիզմով։ Երեւանում ակտիվ երաժշտական գործունեություն էր ծավալում. երգում էր Չեքիջյանի երգչախմբում։ Մեկ տարի հետո՝ 3-րդ կուրսից, տեղափոխվում է Հադրութ։ Օպերատիվ բաժինը Էրիկին Երեւանից ուղարկում է Հադրութ, որ միավորի անջատ գործող ջոկատներն ու խմբերը, համակարգի նրանց գործողությունները եւ զինյալ ուժերից կազմավորի բանակ։ Հադրութում եղբոր՝ Էմիլ Աբրահամյանի, Արթուր Մկրտչյանի, Գրիշա Հայրապետյանի հետ նա ստեղծում է ռազմական շտաբ։ 1991թ. ամռանից ղեկավարման ձեւը փոխվում է, եւ Էրիկը դառնում է շրջանի հրամանատար։ Նա ստեղծում է Հադրութի գումարտակը, որը դառնում է գունդ։ Էրիկ Աբրահամյանը հրամանատարի պաշտոնում մնաց 1991-93թթ.։ Այս տարիները հիշում է մայրը.

-Բանակը նորաստեղծ էր, ոչինչ չկար, Էրիկը մի օր եկավ ու առանց ինչ-որ բան ասելու լվացքի մեքենան, արդուկը, սպիտակեղենը, վերմակները, ամանեղենը, մի խոսքով, ինչ ունեինք-չունեինք տարավ զորամաս։ Ոչ մեկս խոսք անգամ չասաց, անիմաստ էր, գիտեինք՝ նա հայրենիքն ու ազգային գաղափարները վեր էր դասում ընտանիքից։

1993թ. Էրիկը հրամանատարի պաշտոնը փոխանցում է Արթուր Աղաբեկյանին, իսկ ինքը նախընտրում է շարքային զինվորի պարտականությունները։ Սակայն Էրիկի ռազմագիտական տաղանդի ու կարողությունների կարիքն զգացվում էր, եւ շուտով նա ղեկավարեց օպերատիվ բաժինը։ Նա պիտի գնահատեր տարածաշրջանի իրավիճակը, ինֆորմացիա հավաքեր եւ կոորդինացներ։ Նրա պարտականություններից դուրս էր դիրքեր գնալը, սակայն մարտական ընկերները չեն հիշում մի օր, որ Էրիկը առաջին գծում չլիներ։

Գեներալ Արթուր Աղաբեկյանը եւ Էրիկ Աբրահամյանը ծանոթացան Երեւանում 1988թ. հավաքների ժամանակ, եւ նրանց ծանոթությունը վերածվեց ընկերության, նրանք փայլուն կազմակերպեցին Տող գյուղի օպերացիան, Սարինշենի եւ Ծամձորի ազատագրումը։ Արթուր Աղաբեկյանը հիշում է.

-Քսանչորս ժամ կողք կողքի էինք… Մարտի էինք գնում միասին, պայմանավորվածություն ունեինք՝ համագործակցել ջոկատներով։ Նա կարող էր ցանկացած խրամատում հայտնվել եւ իրադրություն փոխել։

Ես չգիտեի, որ Էրիկը երգում է. մի օր գինովցել էինք, եւ հանկարծ նա սկսեց երգել. «Իրիքնակը տուսա եկալ…», միայն այդ ժամանակ իմացա, որ երաժիշտ է, տաղանդավոր երգիչ։

Ի տարբերություն Արթուր Աղաբեկյանի, ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Արմեն Աբրահամյանը Էրիկին վաղուց գիտեր եւ զարմացած էր։

-Ես նրան ճանաչում էի դեռ մանկուց,- ասում է գեներալը,- մի գյուղի երեխաներ էինք, հետո էլ ուսանողական տարիներին էինք շատ շփվում, բայց երբեք չէի պատկերացնի, որ ամեն ինչ Էրիկի՝ այդ ամենախաղաղ մասնագիտության տեր մարդու մեջ այդ աստիճան շուռ կգա… Նա իսկական մարտիկ էր, օժտված էր կազմակերպչական ջիղով։ Հիշում եմ Սարինշենի դեպքերը։ Այդ գյուղը սահմանային էր եւ ռազմավարական առումով շատ կարեւոր։ Օպերացիաների 2 նախագիծ կար, երկար վիճում էին, թե որով պիտի առաջնորդվենք։ Առաջնորդվեցինք Էրիկի նախագծով եւ փայլուն հաղթանակ տարանք։

Էրիկը հավատում էր հաղթանակին, համոզված էր, որ հայը կանցնի փորձությունների հորձանուտը՝ շնորհիվ հոգու արիության, տոկունության, անկոտրում հավատի, որ տածում է իր լուսավոր ապագայի հանդեպ։ Էրիկը մահն է վանել իր կյանքով՝ հանուն կյանքի, քանզի նրա համար «ապրելու կեսն էլ պատվով մեռնելն էր»։

Պատերազմի տարիները Արմեն Աբրահամյանի հիշողության մեջ կամաց-կամաց տեղի են տալիս, իսկ Էրիկի վերջին օրը մնում է որպես այդ օրերի հավիտենական դրոշմ.

-Առավոտյան անտրամադիր էր։ Գիտեինք, որ Սեյդախմեդլի գյուղից հարձակում է լինելու, որոշեցինք խաբուսիկ հարված տալ աջ կողմից։

Առավոտյան միշտ մեկական բաժակ գինի էինք խմում, այդ օրը Էրիկը չխմեց։ Ես նրան առաջարկեցի, որ մարտի չգնա, իսկ նա… գնաց ձախ թեւ, եւ այլեւս Էրիկին չտեսա։

Արթուր Աղաբեկյանն էլ հիշում է.

-Մենք միշտ միասին էինք մարտի դաշտում, սակայն այս անգամ նա ձախ թեւում էր, մենք անընդհատ կապի մեջ էինք, հետո կապը կտրվեց, մի քանի ժամից միայն իմացա, որ զոհվել է։ Մենակություն զգացի, երբ եկա զորամաս, հուզմունքից պոռթկացի եւ ասացի. «Ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր»։

Էրիկ Աբրահամյանը զոհվեց 1994թ. մարտի 18-ին, Սեյդախմեդլի գյուղում։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Նրա կինն ու երկու դուստրը հաճախ են գալիս Հադրութ՝ իրենց համար սրբատեղի դարձած գերեզմանին թարմ ծաղիկներ դնելու եւ լուռ մտորելու այն խոսքերի շուրջ, որոնք միշտ կրկնում էր հերոս դարձած երաժիշտը. «Կերգի Սիմոնը, կերգեն Պողոսն ու Պետրոսը։ Ինձնից լավ կերգեն։ Կարեւորը Հողը հետ վերցնելն է»։

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


28/03/2013