Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ



Հայոց բանակը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է, ինչն ունի թե օբյեկտիվ, եւ թե սուբյեկտիվ պատճառներ: Յուրաքանչյուրիս պարտքն է`ամեն կերպ սատարել մեր պետության անվտանգության և ամբողջականության երաշխավոր, երիտասարդ և դեռևս կայացման ուղու վրա գտնվող զինված ուժերին: Բանակային, թերևս, ամենահուզող հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

– Պարոն Հովհաննիսյան, հասարակության մի ստվար հատվածին՝ մասնավորապես ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին, հետաքրքրում է բանակում տիրող վիճակը: Կա՞ արդյոք լարվածություն` արտաքին թշնամու ոտնձգությունների հետ կապված:

– Հայկական բանակը մեր երկրի այն եզակի կառույցներից է, որն աշխատում է օրը 24 ժամ, և նրա գլխավոր խնդիրն է`ՀՀ քաղաքացու անվտագությունն ապահովել արտաքին թշնամուց: Ոչ ոք չի ժխտում, որ այսօր գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում. ամեն օր հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն ամեն օր ստանում է համարժեք պատասխան և սսկվում: Հաղթանակած բանակում չի կարող լինել լարվածություն, թշնամու` ժամանակ առ ժամանակ կատարվող ոտնձգություններից: Հաղթանակած բանակը կրկնակի զգոն է ու աչալուրջ եւ վստահորեն հսկում է սահմանները, քանի որ այդ վեհ կոչումը մեզ բոլորիս ինչպես հպարտանալու տեղիք է տալիս, այնպես էլ պարտավորեցնում միշտ բարձր պահել հաղթանակածի սթափությունը:

– Կարծիք կա, որ բանակը «փակ» միջավայր է, ըստ այդմ էլ` երիտասարդների մեջ հաճախ թյուր կարծիք է ձևավորվում ծառայական առօրյայում «իշխող բարքերի» մասին, ինչն էլ պայմանավորում է ծառայությունից խուսափելու նրանց շարժառիթները: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Ընդհանրապես, ինձ համար բանակի մասին մշտապես խոսող մարդկանց երեք խումբ կա. առաջին՝ մարդիկ, որոնք չեն ծառայել բանակում, չգիտեն ու առանձնապես ցանկություն չունեն ճանաչելու այս համակարգը ներսից, ինչ- որ անորոշ եզրահանգումներ են անում ու իրենց պարտքն են համարում պախարակել բանակը: Երկրորդ՝ մարդիկ, որոնք ծառայել են բանակում և ծառայության ընթացքում ունեցած անձնական խնդիրները հիշաչարորեն օգտագործում են բանակից «վրեժ» լուծելու համար: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք նմանատիպ մարդկանց, ովքեր հանդես են գալիս անանուն կամ այլ անունով, ինչը միանշանակ վկայում է, որ նման մարդկանց արտահայտած կարծիքներն ու մտքերը բանակի մասին չեն կարող լուրջ լինել: Եվ այս երկուսի կողքին կա նաև մարդկանց երրորդ խումբը, մարդիկ, որոնք զբաղված են իրենց առողջ քննադատությամբ, առանց որևէ լիրիկական շեղման, առանց զգացմունքային արտահայտությունների, որոշակի փաստերի հիման վրա վերլուծում և վեր են հանում զինված ուժերում առկա խնդիրները: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե այդպիսի որևէ հրապարակում մնում է անտեսված պաշտպանության նախարարության կողմից:

– Որպես լրագրող` փորձեցի պարզել, թե բանակի հետ կապված ինչ հարցեր են ամենաշատը հուզում մեր հասարակությանը, և տեղեկացա, որ շատերին է հուզում սննդամթերքի անվտանգության խնդիրը: Ի՞նչ սնունդ է մատուցվում զինվորին, և ինչպե՞ս է վերահսկվում դրա որակը:

-Այդ հարցը բազմիցս է բարձրացվել տարբեր լրատվամիջոցների կողմից. զինվորն ամեն օր ստանում է թարմ սնունդ՝ ձու, միս, քաղցր /խտացրած/ կաթ և այլն: Դիրքերում ծառայության ժամանակ ստանում են հավելյալ սնունդ՝ բազմատեսակ պահածոներ և այլն:

– Ինքս, նաև որպես ռազմական լրագրության ոլորտի աշխատող, կարևորում եմ զինվորների` համացանցից օգտվելու հանգամանքը: Համացանցը բոլոր առումներով բաց տիրույթ է և գաղտնի տեղեկատվության հոսքը անհամեմատ աննկատ կարող է լինել: Այս առումով ի՞նչ պետք է անեն զինծառայողները` տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար:

-Զինվորների համար համացանցը հասանելի է սահմանափակ չափով և թույլատրված ժամերին, որպեսզի չխախտվեն անվտանգության կանոնները: Զինվորները հաղորդակցվելու խնդիր չունեն. բանակում դա ապահովվում է բազմապիսի եղանակներով:

– Ասում են` խելացի և ինտելեկտուալ զինվորը ամենահուսալի «զենքն» է, քանի որ խելացի մարդն առհասարակ ինքնավստահ է, հուսալի: Ռազմական գիտելիքներ ստանալուց զատ, ի՞նչ պայմաններ կան զինվորի ինքնազարգացման, ինքնակրթման համար, խոսքս, մասնավորապես, գրադարանների, զինվորին առաջարկվող գրականության մասին է:

-ՀՀ զինված ուժերն իր հնարավորությունների սահմաններում ամեն տարի մի քանի համակարգչային լսարան է բացում տարբեր զորամասերում: Նշեմ, որ այսօր զորամասերի մեծ մասում արդեն կան նմանատիպ լսարաններ, որոնցում զինվորները ոչ միայն մասնագիտական պարապմունքներ են անցկացնում, այլև հանգստի ժամերին օգտվում են համակարգչից: Համակարգիչները միացած են համացանցին, ինչը թույլ է տալիս ստանալ իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

Ինչ վերաբերում է գրադարաններին, պետք է նշել, որ գրեթե բոլոր զորամասերում կան գրադարաններ, եւ որ ռազմական, զինվորական թեմատիկայով գրականության հետ մեկտեղ կան նաև գեղարվեստական գրքեր: Ի դեպ, գրքերի մեծ մասը հավաքում և զորամասեր են ուղարկում քաղաքացիական անձինք, ուսանողներ, տարբեր կազմակերպություններ: Հարկ է նշել, որ վերջերս այդպիսի մի հրաշալի նախաձեռնությամբ հանդես եկավ «blognews.am» կայքը: Նվիրատվության արդյունքում հավաքվեց 2000 գրքից ավելի գեղարվեստական գրականություն:

ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ազգային բանակ


28/03/2013