«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՓՍՈՍԵԼ ՈՐՈՇՄԱՆՍ ՀԱՄԱՐ»
Զորամասի ԱՀԿ կենտրոնի տեխնիկ-օպերատոր, շարքային Հայաստան Գևորգյանի համար բանակում ծառայելը թաքուն ձգտում է եղել։ Իմանալով, որ զորամասին կին զինծառայող է պետք՝ նա միանգամից դիմել է հրամանատարությանը։ Մասնագիտությամբ լրագրող Հայաստանը արդեն 9 տարի ծառայում է և, իր խոսքով, վաղուց ընտելացել է զինվորական կարգապահությանն ու ծառայության դժվարություններին։ Ճիշտ է՝ լրագրությամբ այլևս չի զբաղվում, բայց չի էլ ափսոսում, ավելին՝ ուրախ է, որ թաքուն երազանքն իրականացել է։ «Երբեք չեմ ափսոսել որոշմանս համար ու կարող եմ ասել, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի,- ընդգծեց Հայաստանն, ավելացնելով,- մանավանդ ունեմ այնպիսի հրամանատար, որ բոլորի համար փայլուն օրինակ է բանակին ու հայրենիքին իր նվիրվածությամբ»։
Հիշում է առաջին այցը զորամաս:
«Առաջին օրը, երբ ներս մտա զորամասի դարպասներից, շփոթմունքն ու հուզմունքը պատեցին ինձ։ Թվում էր՝ բոլոր կողմերից մարդիկ ինձ էին նայում քննախույզ հայացքներով, բայց այդպես չէր, ես էի շփոթված»։ Դպրոցական տարիներին ինքն իրեն միշտ հարցնում էր՝ ինչու հայուհիներն էլ չեն մեկնում զինվորական ծառայության։ Այդ ժամանակ անգամ մտքով չէր անցնում, որ օրերից մի օր կատարվելու է իր նվիրական ցանկությունը։
-Հրեա կանայք, տղամարդկանց հետ կողք կողքի, մարտնչել են Իսրայել պետության համար։ Նրանք կամավոր հիմունքներով ներգրավվել են հրեական այնպիսի ընդհատակյա ռազմական խմբավորումներում, ինչպիսիք են «Հագանան», «Լեհին», «Էցելը»՝ կազմելով այդ կազմակերպություններում ներառված մարտիկների շուրջ 20 տոկոսը։ Մեր պատմության մեջ էլ քիչ չեն դեպքերը, երբ հայ կինը զենքը ձեռքին պայքարել է հանուն իր ընտանիքի ու հայրենիքի,- ասում է Հայաստանը։
Բանակում, որտեղ մեծմասամբ տղամարդիկ են, Հայաստանը փորձում է ոչ մեկից հետ չմնալ ու չթերանալ՝ հավասարապես մասնակցելով բոլոր միջոցառումներին։ Նա զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող բոլոր հայուհիներին մաղթում է հաստատակամություն և նպատակասլացություն, որ իրենց երազանքն էլ մի օր իրականանա։
ԻՐԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի