Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՕՐԱԽՆԴԻՐ



Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետեւ Երկնքի արքայությունը այդպիսիներինն է (Մատթ. 19;14):

Մեր ժամանակներում ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում մեր երեխաների դաստիարակության խնդիրը:

Աշխարհում այսքան սրբապիղծ եւ պղծամեծար ինֆորմացիայի առկայության մեջ շատ բարդ ու դժվարին է դառնում երեխաներին սրբության եւ ճշմարտության մեջ հաստատելը, եթե ծնողները չունեն համապատասխան հոգեւոր գիտակցություն: Փոխանակ այն բանի, որ մենք մեր երեխաներին հորդորենք եկեղեցի հաճախել, իրենց նպաստն ու ներդրումը ունենալ եկեղեցական կյանքից ներս, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն հավատքի, մաքրության, սրբության շավիղներում, հեռու մնան մեղքից ու նյութապաշտությունից, բարդույթավորում ենք նրանց, հորդորում ենք, որ ընդամենը մոմ վառեն կամ ընդհանրապես չգնան եկեղեցի` այսպիսով հաստատելով մեր մեղավոր լինելը, որի մասին իմաստունն ասել է. «Մեղավորի համար աստվածպաշտությունը գարշելի է» (Սիրաքի իմաստ. 1; 29), եւ այդ գարշանքը փաթաթում ենք երեխաների վզին: Կտրում ենք նրանց մեր ազգային արմատներից, ավանդույթներից, եւ որ ավելի սարսափելի է, կտրում ենք Կյանքի Աղբյուրից` Քրիստոսից, սրբություններից, ու հետո տրտնջում նրանց վարքագծից:

Առանց հոգեւոր-բարոյական գիտակցության մարդը նման է աշխարհին. բացի սրբությունից, ինչ թափոն ասես կծլարձակի նրա մեջ: Եթե մեր երեխաներին արգելում ենք ծառայել եկեղեցուն, Քրիստոսին, մենք նրանց ակամա զոհ ենք մատուցում անօրեն բանսարկուին: Լավ սովորի, թե վատ, մեծանում է աշխարհ-թափոնի մեջ եւ հանուն այդ թափոնի` կորստյան մատնելով իր հոգին:

Եվ թող ծնողները ոչ ոքի, բացի իրենցից, չմեղադրեն, եթե իրենց երեխան անուշադրության պատճառով վերածվի անպտուղ թզենու (Ղուկ. 13:6-9): Արդյոք այդ ժամանակ նրանց էլ լսելի չի՞ լինի Աստծո ահեղ ձայնը, որը Սամվել մարգարեն հայտնեց Հեղի քահանայապետին` զավակների անփույթ դաստիարակության պատճառով. «…իր որդիների գործած անօրենությունների համար մինչեւ վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր հանդիմանում» (Ա Թագ. 3:13): Ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց երեխաները թեեւ իրենցից առանձին անհատներ են, բայցեւ միաժամանակ իրենց շարունակությունն են` իրենց իսկ գեների եւ դաստիարակության կրողները: Եւ որքան ճիշտ նրանք դաստիարակվեն որպես շարունակություն, այնքան կմեծանա լավ անհատ դառնալու նրանց հնարավորությունը: Իսկ այդ հնարավորության մեծացմանը զուգահեռ ավելի որոշակի ու անշամանդաղ կդառնա մեր շարունակության ապագան:

Սուրբ Գիրքը պատվիրում է զավակներին հնազանդ լինել ծնողներին «Որդինե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին ի Տեր» (Եփես.6;1- 4), բայցեւ միաժամանակ ծնողներին պատվիրում է զավակներին դաստիարակել աստվածճանաչողության շրջանակներում:

Ծնողական սիրո եւ դաստիարակության անգերազանցելի օրինակ է ծառայում հենց ինքն Աստված. «քանզի Տերը ում սիրում` նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի»: (Առ. 3;11-12, «Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետեւ, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք եւ ոչ թե հարազատ որդի. հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՞փ եւս առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա` մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը: Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ` տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբր.12;7-11):

«Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, եւ այն հավիտյան կմնա Նրա հետ» (Սիրաք 1;1):

Սուրբ Գիրքը իմաստության անսպառ աղբյուր է, որ կարող է մանկան հոգում սնել ու աճեցնել հավիտենության պտղառատ ծառը, բայց ծնողը պետք է ինքը առաջնորդի իր զավակին դեպի այդ աղբյուրը: Եթե ծնողը թերանում է իր այդ պարտականության մեջ ոչ իր մեղքով, այսինքն` ոչ միտումնավոր, ապա Աստված ինքը երբեք չի անտեսում իր զավակներին:

Պատրաստեց`

Տեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քհն. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային


11/04/2013