Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Ալեքսանդրը տագնապած շրջվեց ու հեռվում տեսավ կատաղի արագությամբ իրենց մոտեցող հեծյալին:

– Այդպես մի քիչ էլ, և ձին ուժասպառ կլինի, – իր կողքին մռայլադեմ սլացող Պարմենիոնին դիմեց Ալեքսանդրը` մատնացույց անելով Կայծակին: Նրանք զսպեցին ձիերին լեռնանցքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և սկսեցին ուշադիր նայել սրարշավ մոտեցող Սլովենայի կողմը:

– Կին է , – վերջապես ապշահար բացականչեց Ալեքսանդրը:

Պարմենոնը նկատեց նրա վարսերի խարտյաշ գծագրությունը և շշմած շշնջաց.

– Սլովենա՜ն …

Նրանք տարակուսանքով իրար նայեցին և համր սպասման մեջ քարացան:

– Դարանու՜մ, – հեռվից ամբողջ ձայնով բացականչեց Սլովենան, և նրա տագնապած կանչն արձագանքվեց Գելանի լեռնանցքով մեկ:

Հենց այդ պահին լեռնանցքի կողմից` ժայռի հետևից, հայտնվեց պարսիկ հեծյալների մի խումբ և սրարշավ ուղղվեց դեպի Ալեքսանդրն ու Պարմենոնը: Կիսախավարի միջից` Սլովենայից ոչ հեռու, հայտնվեց հեծյալների երկրորդ խումբը, որը նահանջի ճանապարհը փակելու համար կատաղի արագությամբ նետվեց հակառակ ուղղությամբ:

Սլովենան կանգնեցրեց Կայծակին և մի պահ քարացավ: Նա կարող էր դուրս գալ շրջապատումից, բավական էր ձիու գլուխը հետ շրջել:

«Եթե նա մի փոքր ուշանար, մենք հաստատ կզոհվեինք, – մտածեց Ալեքսանդրը, – իսկ հիմա դեռևս հույս կա դուրս պրծնելու, քանի դեռ շրջափակման օղակը չի փակվել»:

– Առա՜ջ, Պարմենիո՛ն, հարձակվի՛ր, – բացականչեց նա մոլեգին, – մենք քիչ ժամանակ ունենք: Սա «անմահների» ջոկատն է, ուշադիր եղիր և այս ու այն կողմ չնայես:

Կատաղի քառատրոփ վազքով նրանք ձիերին քշեցին լեռնանցքի կողմից մոտեցող մի դյուժին հեծյալներից կազմված պարսկական ջոկատի վրա: Ալեքսանդրն ուժեղ հարվածներով թամբից գցեց երկու պարսիկի և հասցրեց հետ մղել երրորդի հարվածը, երբ իրենից ձախ նկատեց «անմահի»` արդեն վեր բարձրացրած թուրը: «Չեմ հասցնի», – մտածեց նա` փորձելով խույս տալ հարվածից: Հանկարծ թռչող նետի սուլոց լսվեց, և այն մխրճվեց պարսիկի դեմքի մեջ: Ալեքսանդրը մոլեգնորեն մտրակեց ձիուն, և սա նրան հարձակվող ռազմիկներից կես մղոն առաջ տարավ: Իրենից աջ` Ալեքսանդրը լսեց Պարմենիոնի քաջալերող ձայնը .

– Հեռացի՛ր, ես նրանց կպահեմ:

Հենց այդ պահին կրկին լսվեց նետի սուլոցը, որին հաջորդեց երկարատև ծանր տնքոց: Ալեքսանդրը չդիմացավ ու հետ նայեց: Պարմենիոնի դիմաց մի պարսիկ դանդաղ գլորվեց թամբից, և սլաքի պես օրորվեց նետի` նրա կրծքից դուրս ցցված արյունոտ կոթը: Ալեքսանդրն արագ շուրջը նայեց: Իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու նա նկատեց ամբողջ ուժով իրենց կողմը սլացող խարտիշահեր հեծյալին, ում հետապնդում էր պարսկական երկրորդ ջոկատը:

– Պեչենեգնե՜րը, – բացականչեց Սլովենան` մինչև վերջ ձգելով աղեղալարը, և նետն աղմուկով մխրճվեց Պարմենիոնին շատ մոտ գտնվող պարսիկի պարանոցը:

– Հեռանում ենք, – բացականչեց Ալեքսանդրը, և նրա ձին, ճեղքելով կենդանի պատնեշը, արագ պոկվեց հետապնդող պարսիկներից: Շրջվելով` նա նկատեց իր հետևից սրարշավ եկող Պարմենիոնին: Հասնելով լեռնանցքին` Ալեքսանդրն զգաց, որ ինչ-որ բան այն չէ: Շրջվեց և հեռվում տեսավ «անմահներով» շրջապատված Սլովենային: Թուրը ճոճելով` մեծ թափով նրանց մոտ էր վերադառնում Պարմենիոնը:

Կայծակի կողքին, ձիու սանձը բռնած, կանգնած էր «անմահների» հրամանատար Հոմենը: Սլովենայի նետերի պաշարը վերջացել էր, և նրա բոլոր մտքերն ու զգացմունքներն այժմ կենտրոնացած էին կրծքի տակ թրթռացող բռունցքաչափ կծիկի վրա: Շուրջը լուռ խմբվել էին լավ սպառազինված պարսիկ ռազմիկները: Սլովենան զգում էր իր վրա սևեռված հայացքների ծանրությունը և հուսահատությունից խեղդվում էր:

Ահավոր սպին ավելի էր այլանդակում Հոմենի անճոռնի դեմքը: Սլովենան զզվանքից ցնցվեց և սարսափով նկատեց, որ նա ձեռքն իրեն է մեկնում:

– Սպասի՛ր, – թուրը ճոճելով գոռաց ամբողջ թափով պարսիկներին մոտեցող Պարմենիոնը: Հոմենը կոպիտ, անվարժ շարժումով շոյեց Սլովենայի գլուխը: Վերջինս հայրական քնքուշ գորովանք զգաց, և աչքերը զարմանքից լայնացան: Սլովենան ուշադիր նայեց Հոմենի դեմքին ու ապշեց նրա վեհանձնությունից:

Հոմենը, Կայծակի սանձը քաշելով, ընդառաջ գնաց զարմանքից ցնցված Պարմենիոնին:

– Դու Հայկն ես, – անվստահ, ոչ այն է` հաստատելով, ոչ այն է` հարցնելով` ասաց նա:

Սրարշավ նրանց կողմն էր գալիս մի ձիավոր, և Պարմենիոնը ճանաչեց Թարիփին:

– Անհապաղ սպանի՛ր նրանց, – պահանջեց Թարիփը, – դա արքայից արքայի հրամանն է:

Հոմենը նայեց Սլովենային, բարձրացրեց բռունցքված աջ ձեռքը և կիսաձայն արտաբերեց «անմահների» կանչը: Նրա թիկունքում կանգնած պարսիկները խուլ կրկնեցին այն: Այնուհետև Հոմենը Պարմենիոնին հանձնեց սանձը և կարճ արտաբերեց.

– Մի՛ մոռացիր, թե ովքեր են քո նախնիները:

Նա շրջվեց իր զինվորների կողմը, արձակեց կարճ հրաման, և մի վայրկյան անց պարսիկների ջոկատն անհետացավ վրա հասնող կիսամշուշում:

Ամբողջությամբ արյունոտված, տանջված ու վիրավոր` Պարմենիոնը արագ իջավ ձիուց և վազեց դեպի Սլովենան:

– Ես չգիտեմ` ինչպես հայտնեմ շնորհակալությունս, ես խոսքեր չունեմ, – բացականչեց նա ոգևորված, քնքուշ և սևեռուն նայելով Սլովենայի երկնագույն աչքերին:

– Թերևս նա արժանի է թագուհի լինելու այս բարբարոս երկրում, – լսվեց ձիու սանձը բռնած, կիսախավարից նրանց մոտեցող Ալեքսանդրի հնչեղ ձայնը: Նա ուշադիր նայեց Պարմենիոնի դեմքին և, կարծես չուզելով, կեսկատակ ավելացրեց.

– Տես, հա, չսիրահարվես նրան, բարեկամս:

Պարմենիոնը շրջվեց ու ինչ-որ ընդարմացման մեջ նայեց մակեդոնացուն: Ալեքսանդրը ժպտաց և իզուր սպասում էր նրա պատասխան ժպիտին: Սլովենան ձգեց սանձը և Կայծակի գլուխը շրջեց ամրոցի ուղղությամբ: Սակայն հովատակն ընդամենը մի քանի քայլ արեց ու վիզը կախ գցած կանգ առավ: Սլովենան շտապով իջավ ձիուց:

Հանկարծ լսվեց սմբակների կատաղի դղրդյուն, և մի քանի վայրկյան անց հայտնվեցին դեպի լեռնանցքը սլացող հեծյալներ: Ալեքսանդրն արագորեն նստեց թամբին:

– Եթե դրանք կրկին պարսիկներն են, ապա դու պետք է շտապես, – դիմեց նա Պարմենիոնին:

– Սլովենայի հովատակն ամբողջովին հալից ընկել է, ես մնում եմ, – պատասխանեց Պարմենիոնը:

Ալեքսանդրը թոթվեց ուսերը և դանդաղ իջավ թամբից:

Այդ ընթացքում Սլովենան ուշադիր նայում էր մոտեցող ձիավորներին և ուրախու-թյամբ բացականչեց.

– Արտավա՜զդը:

Պարմենիոնն արագ բարձրացավ թամբին, և Ալեքսանդրը հետևեց նրան` ի նշան հրաժեշտի բարեկամաբար գլխով անելով Սլովենային: Նրանք շտապով ուղղվեցին լեռնանցքի կողմը` հուսալով անցնել այն մինչև մութն ամբողջովին կընկնի: Երբ Արտավազդն իր զինվորների ուղեկցությամբ մոտեցավ Սլովենային, Ալեքսանդրի և Պարմենիոնի ուրվագծերն արդեն հալվել էին վրա հասնող գիշերվա մշուշում: Նա սրտի դողով նայեց ընկած պարսիկներին, արագ մոտեցավ Սլովենային և ամուր գրկեց նրան: Սլովենան դեմքը թաքցրեց նրա կրծքի մեջ և վերջապես ազատություն տվեց արցունքներին:

– Հա ՜յկ, – հանկարծ ամբողջ կոկորդով գոռաց Արտավազդը:

Հզոր արձագանքն ուժեղացրեց ու տարածեց նրա կանչը Գելանի լեռնանցքով մեկ:

– Թերևս ավելի լավ է լռել, – խորհուրդ տվեց Ալեքսանդրը:

Պարմենիոնը լուռ գլխով արեց` ի նշան համաձայնության:

– Հաաայ՜կ, – լսեցին նրանք արձագանքը:

– Ոնց որ Գավգամելի մոտ, – զարմացավ Ալեքսանդրը, – հետաքրքիր է, սրա՞ն ինչ կասեր ծերուկ Դարեհը:

– Հա՛յկ, ես սիրու՜մ եմ քեզ, – լսվեց մի հզոր ձայն ևս, և արձագանքը բազմապատկեց այն:

– Սա ուրիշ ձայն է, – շշնջաց Ալեքսանդրը:

– Ես ճանաչում եմ այն, – զարմացավ Հայկը:

– Ես չգիտեմ, թե ով է դա, բայց հաստատ Սլովենան չէ, – կատակեց Ալեքսանդրը:

– Գալիս եմ, հայրի՛կ, – հանկարծ բացականչեց Հայկն այնքան բարձր, որ նրա հովատակն անսպասելիությունից ծառս եղավ, իսկ Ալեքսանդրի ձին սայթաքեց ու ծնկի իջավ:

Հայկը շրջեց իր ձիու գլուխն ու քառատրոփ սլացավ հակառակ ուղղությամբ:

– Վերջապես դու լսեցիր ինձ, – անմիջապես լսվեց իշխանի հաղթական ու հիացական բացականչությունը` միախառնված ծիծաղին ու հայ զինվորների ուրախ բացականչություններին:

Ալեքսանդրը մենակ շարունակեց իր ճանապարհը` ժամանակ առ ժամանակ խորհրդավոր ժպտալով ու կիսաձայն ինքն իր հետ խոսելով: Երբեմն-երբեմն ինչ-որ չարաճճի միտք չափազանց ուրախացնում էր նրան: Նա հռհռում էր կոկորդով մեկ` թամբից թավալգլոր ընկնելով գիշերային ցողից թրջված խոտի վրա: Մի երկու անգամ շրջվեց ու մեջքի վրա պառկեց` ըմբոշխնելով խոնավ հողի ու խոտի բույրը: Բավականությամբ ձգվեց սառը հողի վրա` ականջ դնելով ծղրիդի գիշերային երգին ու կկոցած աչքերով նայելով լուսնին: Հանկարծ սևեռուն միտքը կրկին անզուսպ ծիծաղի նոպա առաջացրեց: Ծիծաղից խեղդվելով` նա դժվարությամբ արտաբերեց.

– Մի փոքր էլ` ու ես նույնպես հայ էի դառնալու:

Ուրախ, պայթող ծիծաղն արձագանքվելով տարածվեց լեռնանցքով մեկ և անսահման երջանկությամբ լցրեց նրա սիրտը:

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Թարգմանիչ՝ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային


11/04/2013