ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ Ե՛Վ ՍԱՀՄԱՆ ՊԱՀԵԼ, Ե՛Վ ՀՈՂ ՄՇԱԿԵԼ…
Բանակում ծառայելու այս տարիների ընթացքում սահմանամերձ գրեթե բոլոր զորամասերում եղել եմ։ Եղել եմ ոչ մեկ անգամ և ամեն անգամ նկատել եմ կատարված յուրաքանչյուր դրական տեղաշարժ՝ զորամասում առկա բարոյահոգեբանական մթնոլորտից մինչև մարտական հերթապահության ճշգրիտ կատարում։ Բացառություն չէ և մեր Հայրենիքի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող այս զորամասը, որի հրամանատարությունը վստահվել է զինվորականության երիտասարդ սերնդի խոստումնալից ներկայացուցիչներից մեկին` գնդապետ Վ. Ասատրյանին։ Երիտասարդ հրամանատարը քաջ գիտակցում է, թե մարտական փառահեղ ավանդույթներ և ուղի անցած ինչ զորամասի հրամանատարություն է իրեն վստահված, զորամաս, որը անցած տարիներին ղեկավարել են հայոց զինուժի կայացման գործում անուրանալի ավանդ ունեցած զինվորականներ։
-Եկեք չմոռանանք հսկայածավալ այն ջանքերն ու ճիգերը, որ մեր զորամասի մարտունակության բարձրացման ու կայացման համար ներդրել են նախկին հրամանատարները, և որոնց անձնական օրինակը, բանիմացությունն ու փորձը այսօր էլ ընդօրինակման առարկա են հրամանատարական ներկա սերնդի համար,- մեզ հետ զրույցի ընթացքում շեշտեց գնդապետ Վ. Ասատրյանը։
Ձիրք, կամք, համոզմունք, նվիրվածություն` հատկանիշներ, որոնցով առանց վարանելու կարելի է բնութագրել մարտական հերթապահություն իրականացնող այս զորամասի հրամկազմը` զինվորականների, որոնք իրենց ամենօրյա գործի նկատմամբ դրսեւորած մեծ պատասխանատվությամբ, ջանադրությամբ ու նախանձախնդրությամբ ծառայում են Հայրենիքին։
Մեր բանակը մշտապես խնամքի կարիք ունի, զինվորն ու սպան էլ` ուշադրության և հոգատարության։ Սահմանում ծառայող յուրաքանչյուր զինվորական արժանի է մեծարանքի։
♦♦♦
Գնդապետ Վ Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի հիմնական խնդիրը պետական սահմանի իրեն վստահված հատվածի հուսալի պահպանությունն է, որը զորամասը իրականացնում է ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների ուժերով։ Եվ եթե ավելացնենք, որ սահմանի այս հատվածում վիճակն այնքան էլ հանգիստ չէ, գրեթե ամեն օր հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերով գնդակոծում է մեր դիրքերն ու բնակավայրերը, ամբողջովին պարզ կդառնա զորամասի առջև դրված մարտական խնդրի կարևորությունը։
Զորամասի հրամանատարի տեղակալ, մեծ փորձ ունեցող փոխգնդապետ Ս.Թևանյանի ուղեկցությամբ այցելեցինք մարտական դիրքերի այն հատվածը, որի պահպանությունը վստահված է պայմանագրայիններին։
-Սահմանի անվտանգությունը մեր գումարտակի գերխնդիրն է,- ասում է մարտական հենակետի ավագ, շարքային Վահե Պողոսյանը, որի ուղեկցությամբ էլ եղանք առաջնագծում, որտեղ կատարված ինժեներական-ամրաշինական աշխատանքները հույս եւ վստահություն են ներշնչում` սահմանի պահպանությունը հուսալի է և անվտանգ։
Վահեն ծառայում է գումարտակի ստեղծման օրից։ «Մարտական ուղի անցած տղա է` նախաձեռնող ու համարձակ»,- իր ենթակային է բնութագրում փոխգնդապետ Ս Թևանյանը։
Ի դեպ` պարգևատրել է «Արիություն» մեդալով։
Իր երկու որդիների հետ պայմանագրային գումարտակում է ծառայում ավագ հրաձիգ եֆրեյտոր Մկրտիչ Ջանինյանը։
-Ինչքա՞ն ժամանակ է՝ ծառայում ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ,- հարցնում եմ։
-Լավ է, որ տղաներիս` Վազգենիս ու Ռոմանիս էլ եմ բերել ինձ մոտ։ Նրանք ծառայում են մեկ այլ հատվածում։
Պայմանագրային Ջանինյանի տրամադրությունը ակնհայտորեն բարձր էր։
-Օր օրի սպասում ենք չորրորդ թոռանս լույս աշխարհ գալուն,- իր սրտի ուրախությունն է մեզ հետ կիսում երիտասարդ պապիկը։
♦♦♦
Շարքային Երանոս Կարապետյանը հեռադիտակով դիտարկում էր տեղանքը։ Դիտարկման արդյունքների մասին նա մանրամասն զեկուցեց հենակետի ավագին:
-Դիտարկման արդյունքում ինչ եք նկատել,- հետաքրքրվում եմ ես:
-Ինժեներական աշխատանքներ կատարող զինվորներ, նախրապան մի քանի տասնյակ կովերով: «Փորձառու պայմանագրայինի աչքից չի վրիպում հակառակորդի և ոչ մի տեղաշարժ»,- նկատեց հենակետի ավագ շարքային Պողոսյանը։
Ծառայությունից դուրս Երանոսը զբաղվում է իր տնամերձի և սեփականաշնորհված երկու հեկտար հողակտորի մշակմամբ, որի մի մասը պտղատու ծառեր են։
-Հասցնում ենք ե՛ւ սահման պահել, ե՛ւ հող մշակել։ Եթե առաջնագծում իրավիճակը հանգիստ է, ուրեմն՝ մեր սրտերում էլ է հանգիստ, մեր տնեցիք էլ են հանգիստ, հետևապես կարողանում ենք հանգիստ խղճով մշակություն անել։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ