ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
«Մենք մեր հարևաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Իրենց կարծիքով, որքան ավելի բարդ պայմաններ են նրանք ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ
09.04.2013
♦♦♦
«ԱՄՆ Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը Հայաստան-Սփյուռք վերամիասնության արդյունքն է: Սա շատ կարևոր գործընթաց է, և այն շարունակական բնույթ է կրելու: Մեր որդեգրած այս ռազմավարությունը շատ արդյունավետ է, քանզի մենք միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում կարևորում ենք ոչ միայն խոշոր պետությունների, այլև առանձին շրջանների աջակցությունը»:
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ
10.04.2013
♦♦♦
«Մինսկի խմբին աջակցելու, Ֆրանսիայի ձայնը ներկայացնելու համար ֆրանսիացի քաղաքական գործիչները որոշեցին ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ:
Մենք ցանկանում ենք վերջ դնել մեկուսացմանը, որը ԼՂՀ ժողովուրդն արդեն 22 տարի իր վրա է զգում, ինտեգրել նրան, ինչպես Հարավային Կովկասի մյուս ազգերին, տարածաշրջանային զարգացման նախագծերին»:
ՖՐԱՆՍՈՒԱ ՌՈՇԲՈՒԼԱՆ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր
07.04.2013
♦♦♦
«Ղարաբաղյան կարգավորումը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ այն կարող է ցանկացած պահի ապակայունացնել Իրանից դեպի հյուսիս ընկած և Թուրքիայում ՆԱՏՕ-ի սահմանների հարևանությամբ գտնվող տարածքները»:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԵՏԵՐՍԵՆ
քաղաքագետ
04.04.2013
♦♦♦
«Լեռնային Ղարաբաղը հայկական հող է: Հայերի նկատմամբ ատելության սերմանումը լուրջ սխալ է»:
ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ
ադրբեջանցի կինոդրամատուրգ, շուրջ 40 գեղարվեստական ու հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ
05.04.2013
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
«Հայկականության մեծագույն խնդիրը մեր իսկ ինքնության վերաթարմացումն է, որովհետև հայությանը, մեզ բոլորիս իրար կապող օղակը կարծես ավելի շատ անցյալն է, քան ներկան: Եթե այդպես է, ապա դա շատ վտանգավոր երևույթ է: Եթե ես, դուք մեր անցյալը շատ մակերեսորեն գիտենք, փաստորեն մեր կապը շատ մակերեսային է ստացվում: Հետևաբար, մեր կապը այսօրվա հետ պետք է լինի, հայ ինքնության այսօրվա բաղադրիչներ պետք է նորովի ստեղծենք, այլ ոչ թե այդ բաղադրիչները անպայման անցյալին պետք է պատկանեն»:
ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԵՍՅԱՆ
Հայկազյան համալսարանի Սփյուռքի
ուսումնասիրության կենտրոնի տնօրեն
20.03.2013
♦♦♦
«ԽՍՀՄ կոլապսը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր, որն ազատ արձակեց վիթխարածավալ ապակառուցողական էներգիա։ Այդ աղետի հետևանքները հաղթահարված չեն առայսօր, ինչի շարունակությունը այն է, որ սեւացվում է սեփական պատմությունը, և ժողովուրդների հիշողությունից ջնջվում է մի ամբողջ դարաշրջան։ Պատմությունը շարադրելիս անհրաժեշտ է պահպանել անխզելիությունը և ազգային հիշողությունը»։
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն
15.03.2013
ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ
«Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է Իրանի հյուսիսարևմտյան հատվածի երեք նահանգների յուրացման քաղաքականություն` Արևմտյան Ատրպատական, Արևելյան Ատրպատական և Արդաբիլ»:
ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆ
իրանագետ
06.04.2013
♦♦♦
«Եթե 2010-11թթ. Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ տարածքային պահանջները Ադրբեջանը ներկայացնում էր լրատվամիջոցների կամ պատմաբանների միջոցով, ապա արդեն 2012թ. երկրորդ կեսից կարելի է նկատել, որ այդ պահանջները հնչում են պաշտոնատար անձանց շուրթերից»:
«Ադրբեջանը և Թուրքիան Իրանի մասնատման համատեղ գործընթաց են սկսել»:
ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
իրանագետ
06.04.2013
♦♦♦
«Իրանում իրավիճակին հետեւելու նպատակով Իսրայելն ու Ամերիկան Ադրբեջանում էլեկտրոնային հետախուզության կայան են հիմնել: Ըստ վերլուծաբանների` Իրանի վրա հարձակման դեպքում Իսրայելը կօգտագործի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները: Դրա համար Իսրայելն այդ երկրները ներգրավում է իր զորավարժություններում»:
Ամերիկյան WNWI օնլայն ռադիո
06.04.2013
♦♦♦
«Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորներս, զգուշացնում ենք, որ եթե Բաքվի առաջնորդները չհրաժարվեն իրենց վնասաբեր գործողություններից, ապա մենք խորհրդարանում վերանայելու ենք Թուրքմենչայի և Գյուլիստանի` ամոթալի ու Իրանին պարտադրված պայմանագրերը և Ադրբեջանը վերամիավորելու ենք Իրանին»:
ՆԱԴԻՐ ՔԱԶԻՊՈՒՐ,
Իրանի խորհրդարանում Ուրմիա քաղաքը
ներկայացնող պատգամավոր, 10.04.2013
ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
«Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանի հանդեպ քաղաքական ու տնտեսական վերահսկման լծակներ ու մեխանիզմներ ստեղծելու աստիճանական և նպատակաուղղված քաղաքականություն»:
«Վրաստանը շարունակում է ընթանալ Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկվելու ճանապարհով: Առավելագույնը միջնաժամկետ հեռանկարում Վրաստանը կհայտնվի Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և վերահսկողության ներքո»։
ԼԻԱ ԷՎՈՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ
04.04.2013
ԹՈՒՐՔԻԱ
«Այսուհետ անընդունելի կլինի ցանկացած նախաձեռնություն, որը նպատակ կունենա ոտնահարելու հայ և ասորի ժողովուրդների իրավունքներն ու ազատությունները, առանց որի ժողովրդավարություն լինել չի կարող»:
ԱԲԴՈՒԼԼԱՀ ՕՋԱԼԱՆ
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ
05.04.2013
♦♦♦
«Լավ ուսումնասիրեք 1915թ. իրադարձությունները, որպեսզի կարողանաք միջազգային հանրությանը հակափաստարկներ ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:
Թուրքիայի Գիրեսուն համալսարանի պրոֆեսոր
ԱՅԳՅՈՒՆ ԱԹԱՐԻ կոչը թուրք գիտնականներին
06.04.2013
ԱԴՐԲԵՋԱՆ
«Երևում է` Ադրբեջանի նախագահը չի հավատում իր իսկ ղեկավարած երկրի քաղաքական ու տնտեսական բարեհաջող ապագային: Այլապես նրա ընտանիքի անդամները իրենց միջոցները կներդնեին ոչ թե օֆշորային գոտիների բանկերում, այլ սեփական երկրի տնտեսության մեջ» (05.04.2013):
«Ադրբեջանը վատնում է ապագա սերունդների փողերը» (09.04.2013):
ԳՈՒԲԱԴ ԻԲԱԴՕՂԼՈՒ
Ադրբեջանի Տնտեսական հետազոտությունների
կենտրոնի ղեկավար
♦♦♦
«Ադրբեջանի քաղաքացիները 2012թ. կախարդների և էքստրասենսների վրա ծախսել են 200 մլն եվրո»:
ՎՅՈՒԳԱՐ ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանի տնտեսական և սոցիալական
զարգացման կենտրոնի ղեկավար
09.04.2013
♦♦♦
«Թալիշ ժողովրդի բնակության պատմական տարածքը, որն այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, վաղ թե ուշ անկախություն է ձեռք բերելու, և արտերկրում բնակվող թալիշ երիտասարդների ռազմական պատրաստությունը Ղարաբաղում (Արցախի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարանում) կարող է հզոր զարկ տալ ողջ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին»:
Մոսկվայում գործող «Անկախ Թալիշստան»
հասարակական միություն, 10.04.2013
♦♦♦
«Եթե մենք թեկուզ փոքր-ինչ կասկածեինք, որ Գաբալայի ՌՏԿ-ի փակումը կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության անվտանգության թուլացմանը, ապա մենք, իհարկե, Բաքվի հետ կպայմանավորվեինք վարձակալությունը երկարաձգելու վերաբերյալ: Այսօր կարող եմ հստակ ասել, որ Գաբալայի փակումը ոչ մի կերպ չի ազդի ՌԴ անվտանգության վրա»:
ԱՆԱՏՈԼԻ ԱՆՏՈՆՈՎ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար
05.04.2013
♦♦♦
«Ադրբեջանն այսօր արդեն մոտ է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ Թուրքիային: Միջին Ասիայի երկրները ավելի շատ ձգտում են հարավ եւ արեւմուտք: Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսը ձգտում են դեպի Եվրոպա»:
«Ռուսաստանի համար Վրաստանը «ճանապարհ» է, Հայաստանը՝ «միջոց», իսկ Ադրբեջանը՝ «պարգեւ»: Ադրբեջանը մտնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակի մեջ, քանի որ այստեղով է անցնում ճանապարհը դեպի հարավ՝ դեպի Իրան»:
ՓՈԼ ԳՈԲԼ
ամերիկացի քաղաքագետ
11.04.2013