ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Թեև խորհրդանշական թվերին չեմ հավատում, բայց պետք է խոստովանեմ, որ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը թարգմանել եմ ուղիղ 40 օրվա ընթացքում… Իսկապես որ խորհրդանշական թիվ. չէ՞ որ այս վեպ-ռեքվիեմը պատմում է ադրբեջանցի մարդատյաց խուժանից հոշոտված մեր անմեղ հայրենակիցների մասին, որոնք հայ լինելուց զատ որևէ մեղք չէին գործել այս աշխարհում։
Այս գրքի թարգմանության իրականացումով ես իմ գլուխն եմ խոնարհում իմ ծննդավայր ու հայրենիք Նախիջևանի և Ադրբեջանի մյուս վայրերում սպանված բոլոր զոհերի առջև՝ ծեր ու մանուկ, և իմ հոգու պարտքն եմ կատարում ծնողներիս հիշատակի առաջ՝ մորս, որ այս աշխարհից գնաց իր հարազատ գյուղի կարոտը սրտում և աչքերը թաց, և իհարկե՝ հորս, որի գերեզմանը մնաց օտարության մեջ, բարբարոսների ձեռքում…
Ա. Այլիսլիի «Քարե երազներ» վեպի վրա աշխատելիս ինձ մշտապես չի լքել այն զգացումը, որ ես ոչ թե թարգմանում, այլ հենց ինքս եմ գրում իմ տեսածի ու զգացածի, իմ ցավի ու տառապանքի, իմ կորցրած սերերի և հպարտությունների մասին… Եվ հավատացե՛ք՝ գրքի հեղինակի հետ, նրա մարդասեր հերոսների հետ համաքայլ անցել եմ իմ չքնաղ ծննդավայրի սարերով ու ձորերով, մտել վանքերն ու եկեղեցիները, բարձրացել Օձասարը եւ Աստծո մոտից նայել ոտքերիս տակ փռված իմ չքնաղ Նախիջեւանին:
Չափազանց ուրախ եմ, որ իմ այս թարգմանական աշխատանքի որոշ հատվածները տպագրվում են «Հայ զինվոր» պաշտոնաթերթում։ Թող մեր հերոս զինվորները կարդան և ավելի շատ սիրեն իրենց հայրենիքը, ժողովրդին, թող կարդան ու ճանաչեն աշխարհը և ավելի ամուր բռնեն այն զենքը, որ հիմա նրանց ձեռքերում է… Այո, ավելի ամուր բռնեն, որպեսզի ոչ ոք այլևս, ո՛չ ոք ռեքվիեմ չգրի մեր ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին։ Թող հայ զինվորը կարդա ու իմանա, որ գազանությունը, մարդատյացությունը թուլության նշան են, որ ինքը հզոր և անպարտ է, քանի դեռ իր սիրտը սիրով է լցված ոչ միայն իր ազգի, այլև համայն աշխարհի մարդկանց նկատմամբ, քանի դեռ արդարության և սիրո պահապանն է։
Եվ ես, որպես գրող ու թարգմանիչ, հիացած եմ Աքրամ Այլիսլիի մեծ տաղանդով ու մեծ սիրով: Նա իսկապես մեծ հայրենասեր է ու խիզախ մարտիկ: Ժամանակի հետ ավելի ցցուն կդառնա այն հսկայական ծառայությունը, որ նա մատուցել է իր ժողովրդին՝ թղթին հանձնելով իր հոգու խռովքը՝ Քարե երազները:
Հավատացե՛ք, այս գրքի ամեն տողն ու պատկերը թարգմանելիս՝ աչքս լցվել է արցունքով, սիրտս՝ արյունով, բայց շատ ավելի՝ հպարտությամբ իմ ժողովրդի հանդեպ։ Մի ժողովուրդ, որ գազանին, չարագործին պատժել է իր արդար, հաղթական ձեռքով։
Եվ ես՝ Արտակ Վարդանյանս, շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթին՝ արտահայտվելուս այս հնարավորության համար։
Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Հոգևոր-մշակութային