Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՆ



Մեծ եղեռնից մազապուրծ Անդրեասյան գերդաստանի շառավիղները հանգրվանեցին մայր հայրենիքում։ Տարեցները նոր ծնված զավակներին պատմում էին հեռվում մնացած իրենց ծննդավայրից, նախնիներից, նրանց անտապան աճյուններից ու մեկիկ-մեկիկ հեռանում` ապրողների հոգում թողնելով հուշ ու հիշատակ։ Ավետյաց երկրի կարոտից էր, որ ազատագրական պայքարի առաջին օրերից Անդրեասյանի երիտասարդներից Վարդանը, Արմենը, Ջանիկը, Հարութը, Նորիկը զենք վերցրին եւ պաշտպանեցին հայրենի սահմանները։ Իսկ հորեղբոր որդիներից Վանիկն իր բարոյական ու ֆինանսական օգնությամբ զորավիգ էր լինում այդ հայրենանվեր գործին։ Անդրեասյան երիտասարդներին կապող օղակը Ռուբիկն է, որն այդ տարիների ընթացքում հասցրել է գրել իր կենսագրությունը։ Ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել նրա նկատմամբ։ Մանուկ հասակում չարաճճի ու անհանգիստ տղան կորցրել է ոտքը։ Երասխի ինքնապաշտպանական մարտերին 14-ամյա պատանին այնտեղ էր՝ Գագիկ Սարգսյանի` Ավշար գյուղի տղաների ջոկատում։ Հետո հայրը՝ Վարդանը, հորեղբոր որդիները՝ Ջանիկը, Արմենը, Ռուբիկին համոզեցին, որ մնա շտաբում, կատարի թիկունքի աշխատանքները։ Ռուբիկը նաեւ բարեգործական համերգներ է կազմակերպում զորամասերում, մանկատներում. «Մարդ պետք է զգա, թե ինչի է ունակ եւ այնպես ապրի, որ օգտակար լինի մարդկանց, հայրենիքին։ Ամեն հայ իր կարողության չափով պետք է սատար կանգնի հայրենիքին, պետք է գիտակցի, որ իր ապրած կյանքն ազգին ծառայել է նշանակում,- ասում է Ռուբիկն ու ավելացնում. «Ամեն առավոտ, երբ արթնանում ու հայացքս հառում եմ Մասիսների վճիտ կատարներին, հոգիս ցնծում է ուրախությունից, հպարտությունից։ Ամեն հայ պետք է զինվոր լինի ողջ կյանքի համար, որ հպարտորեն, առանց ամաչելու հայացքը հառի Արարատին»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013