Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ



ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԽՆԴԻՐԸ

«Այժմ դեռ շատ վաղ է աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսելը: Դա ընդամենը գաղափար է»:

ՄԱՅԱ ՓԱՆՋԻԿԻՁԵ
Վրաստանի ԱԳ նախարար

♦♦♦

«Մոտ ապագայում առաջին քայլերը կձեռնարկվեն աբխազական երկաթուղու շահագործումը վերսկսելու ուղղությամբ: Այս փուլում դա քաղաքական հարց է, բայց տնտեսապես ձեռնտու է ամբողջ տարածաշրջանին»:

ԻՐԱՔԼԻ ԱԼԱՍԱՆԻԱ
Վրաստանի պաշտպանության նախարար

♦♦♦

«Վրաստանի բնակիչների 63%-ը կողմ է Ռուսաստանը Հայաստանին կապող աբխազական երկաթուղու վերագործարկմանը»:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)
սոցիոլոգիական հարցման արդյունքը

ԱԴՐԲԵՋԱՆ

«Գաբալայի ՌՏԿ-ն ինքնին Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ տեղեկությունը, որը նա ստանում է, երկրին պարզապես պետք չէ…»:

«Մենք ռուսական ռազմական տեխնիկա ենք գնում համաշխարհային գներով եւ համարում ենք, որ եթե բոլոր մյուս հաշիվները փակում ենք համաշխարհային գներով, ապա Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության գինը նույնպես պետք է համապատասխանի կամ մոտ լինի դրան»:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Ադրբեջանի նախագահ

♦♦♦

«Եթե «Քարե երազներ» վեպին նայենք համամարդկային արժեքների տեսանկյունից, ապա նրանում ադրբեջանական ժողովրդի համար նվաստացուցիչ ոչ մի բան չկա»:

ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ
ադրբեջանցի գրող, «Քարե երազներ» վեպի հեղինակ

♦♦♦

«Ադրբեջանցի ժողովուրդը բոլոր ժամանակներում իր մաշկի վրա զգալու է այդ գարշելի գրքի հրատարակման հետևանքները: Այսօր և ապագայում էլ հայկական պետությունը, նրա գաղափարական կառույցները, հայկական սփյուռքը Աքրամ Նայիբովի ադրբեջանական դիրքորոշումն օգտագործելու են մեր դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

ԱԼԻ ՀԱՍԱՆՈՎ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի
հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար

♦♦♦

«Իշխանությունների ապօրինություններից հոգնած քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան բանտերում եղած տեղերը: Անհնարին է վախեցնել մարդկանց, որոնց կյանքը նյութական եւ բարոյական զրկանքների պատճառով վերածվել է դժոխքի, եւ որոնց համար բանտի եւ ազատության միջեւ տարբերություն չկա: Մենք, նվիրված մնալով մտավորակնների մեր առաքելությանը, մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք Ադրբեջանի իշխանություններին. արթնացե՛ք, դուք անդունդի եզրին եք»։

Ադրբեջանի Մտավորականների ֆորում

ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ

«Այդ պայմանագրերը չեղյալ հայտարարելու սպառնալիքը լուրջ նախազգուշացում է Ադրբեջանին, ուղերձ այն մասին, որ «չարժե դիմել հակաիրանական քայլերի»: Դա նաև յուրահատուկ ապահովագրում է, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունների` անցանկալի ուղղությամբ զարգացման դեպքում Իրանի ձեռքում արդեն պատրաստի հաղթաթուղթ լինի»:

«Թուրքմենչայի պայմանագրի` Ադրբեջանի տարածքին վերաբերող մասի վերանայումը կարող է ձեռնտու լինել նաև Ռուսաստանին: Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները սառել են: Ուստի այս հարցում Մոսկվան կարող է ուղղակի կամ անուղղակի հանդես գալ Թեհրանի օգտին»:

ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ
ադրբեջանագետ

♦♦♦

«Եթե Իրանը չեղյալ հայտարարի Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը, Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի հետ հարաբերություններ պարզելու անհրաժեշտության առաջ»։

ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ռուսաստանցի իրանագետ

ՀԱՊԿ, ՌՈՒՍԱՍՏԱՆ

«ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն արդեն հաստատել են սպառազինության ցանկը և հավանություն տվել Արագ արձագանքման հավաքական ուժերը ռազմական տեխնիկայով համալրելու ծրագրին: Այն իրականացնելու համար շատ լուրջ ֆինանսական ներդրումներ են պետք: Ես հուսով եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը մոտ ժամանակներս որոշում կընդունի ԱԱՀՈՒ ֆինանսավորման և լրացուցիչ մատակարարման մասին»:

ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

♦♦♦

«Ռուսաստանն ամեն տարի մինչեւ 80 միլիոն ռուբլի Է տրամադրում ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի նորոգման եւ սպասարկման համար»:

ՌՈՄԱՆ ԴՅԱՉԵՆԿՈ
ԱՊՀ Հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի քարտուղար, գնդապետ

ԹՈՒՐՔԻԱ

«Այն բանից հետո, երբ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը հրաժարվեց զինված պայքարից, Անկարան փաստորեն ազատվեց կապանքներից: Թուրքիայի տարածքից հեռանալու` քուրդ զինյալներին ուղղված Օջալանի կոչն առաջին քայլն է, որով ազդարարվում է հին բարի ժամանակների վերադարձը, երբ քրդերն ու թուրքերը միասին պայքարում էին հույների և փոքրասիական տարածաշրջանի մյուս քրիստոնյաների դեմ»:

Թուրքական «Միլիեթ» թերթ

♦♦♦

«Հույները պարտություն են կրել բոլոր ճակատներում և պատմական ոչ մի հեռանկար չունեն: Թե՛ Հունաստանը և թե՛ Կիպրոսը պարզապես ունակ չեն բավարարելու Էգեյան ծովում գտնվող նավթի և գազի հանքավայրերի շահագործման սեփական հավակնությունները: Հետևաբար` նրանք լիակատար ձախողման եզրին են: Միակ բանը, որ նրանք կարող են անել, Թուրքիայի ողորմածությունը հուսալն է, որը, միգուցե, կխղճա նրանց և կհամաձայնի մի կտոր նետել միջերկրածովյան էներգետիկ հարստություններից»:

Թուրքական «Հուրիեթ» թերթ

♦♦♦

«Թուրքական «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է ու դարձել է զրո բոլոր ուղղություններով»:

ԲԱՇԱՐ ալ-ԱՍԱԴ
Սիրիայի նախագահ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ռազմաքաղաքական


26/04/2013